24 Նոյեմբեր 2014, 10:20
3507 |

Մեծ հայերի՝ պատահաբար արված լուսանկարները. մաս 2

Շատ բան գիտենք նրանց մասին, լսում ենք նրանց երաժշտությունը, հաճույք ստանում նրանց կտավներից, ժամանակ առ ժամանակ նորից դիտում նրանց մասնակցությամբ ֆիլմերը: Բայց, ցավոք, շատ քիչ բան գիտենք նրանց մարդկային գծերի, առօրյա կյանքի ու մարդկանց հետ պարզ հարաբերությունների մասին: Բացը լրացնելու համար ներկայացնում ենք «Մեծ հայերի՝ պատահաբար արված լուսանկարները» շարքի երկրորդ մասը:

60-ականներին շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը հաճախ էր փոխարինվում «բլյուզի լավագույն ֆրանսիացի երգիչ», «ֆրանսիական Ֆրենկ Սենատրա» բառակապակցություններով: Փարիզի ամեն անկյունում հնչում էր «La boheme» նոր հիթը: Եվ միայն Բրիջիթ Բարդոյի նման գեղեցկուհուն էր հաջողվում երգերը ոչ թե ձայնագրությամբ կամ համերգին լսել, այլ իր առանձնասենյակում:



Հանճարեղ Մարտիրոս Սարյանի երկու ուսանողները՝ ականավոր ավանգարդիստ Մինաս Ավետիսյանը (աջից) և Օնիկ Մինասյանը կնոջ հետ, 1965 թ., Լենինգրադ:



Պոետ Եղիշե Չարենցը ուղղիչ աշխատանքների ժամանակ, 1927 թվական: Ստալինը Խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին Կրեմլ հրավիրված Հայաստանի ներկայացուցիչներին հարցրեց. «Ինչպե՞ս է իրեն զգում պոետ Չարենցը»: Գրող Նաիրի Զարյանը պատասխանեց՝ «վատ չէ»: Շատերն այժմ Զարյանին մեղադրում են այն բանի համար, որ նա չպատմեց իրական դրության մասին: Ստալինը, իհարկե, գիտեր իրական վիճակը. պարզապես իր հերթական ներկայացումն էր խաղում:



Հայկական թատրոնի և կինոյի երկու սյուները՝ Խորեն Աբրահամյանն ու Սոս Սարգսյանը զրուցում են դիմահարդարման սենյակում:



Լուսանկարի աջ մասում ֆիդայի, դաշնակցական, քաղաքական և ռազմական գործիչ Դրաստամատ Կանայանն է (Դրո) ընկերոջ՝ Մարտիրոս Չարխչյանի հետ,1907 թ.: Հենց նրանք նույն տարվա հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլում սպանեցին նահանգապետ Մախսուդ Ալիխանովին, ով հրահրում էր հայերի ջարդերը:



Տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանը, շատ երկրների գիտությունների ազգային ակադեմիաների պատվավոր անդամ էր: 70-ականներին նույնիսկ Ավստրալիայում եղավ, որտեղ հանդիպումների շարք անցկացրեց գիտնականների և ուսանողների հետ, ինչպես նաև արժանացավ Ավստրալիայի ազգային համալսարանի պատվավոր պորֆեսորի կոչմանը:

1968-ի հոկտեմբերին առաջին անգամ նշեցին «Էրեբունի-Երևան» տոնը: Տոնակատարություններին միացավ նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

 


Վիսոցկին Փարաջանովի հետ ծանոթացավ 1971-ի աշնանը, Կիևում՝ «Տագանկա»-ի հյուրախաղերի ժամանակ: Դրանից հետո նրանք մտերմացան և հաճախ էին հանդիպում: Փարաջանովը սիրում էր Վիսոցկուն ասել. «Դե ասա, միթե այս երկրում, մեզնից բացի, այլ հանճարներ կան»: 1981-ին՝ բանտից դուրս գալուց հետո, Փարաջանովին արգելեցին մեկնել Մոսկվա: Բայց նա այնուամենայնիվ մեկնեց «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացման հանրային դիտմանը:



Հայտնի հայ հեղինակ-կատարող, երգահան, Երևանի ոչ պաշտոնական օրհներգերի ստեղծող Ռուբեն Հախվերդյանին, հավանաբար, անձամբ գիտեն բոլոր երևանցիները: Ծեր գնչուհին այս երիտասարդ ու հանդուգն երիտասարդ երաժիշտին, վստահաբար, այսպիսի փառք չէր գուշակել:



Բարեկամներ Հովհաննես Թումանյանն ու Կոմիտասը 1908-ին:

Այս թեմայով