07 Նոյեմբեր 2014, 12:48
1579 |

Լեգենդը՝ յոթ ութերորդական ռիթմում

Կավալ, տոնբակ, բենդիր, դարբուքա, հանգ, րիկ․․․ անտեղյակ մարդու համար այս բառերը կախարդական կթվան։ Մինչդեռ շնորհիվ տարբեր ազգերի՝ նմանատիպ «խորհրդավոր» անվանումներով երաժշտական գործիքների՝ «7/8» բենդը (Յոթ ութերորդական) ստեղծում է իր երաժշտական մոգությունը։ Կես տարվա գործունեության ընթացքում բենդն ունեցել է միայն մեկ համերգ։ Սակայն այս կարճ ժամանակահատվածում «7/8»-ը կարողացել է իսկապես մեծ աշխատանք կատարել։ Բանն այն է, որ գործի են անցել անհավանական ստեղծագործական ներուժ ունեցող երաժիշտներ, որոնք վստահ են, որ ամենակարևորը մանրուքների մեջ է թաքնված։ Իսկ այս նախագծի հեղինակը և ոգեշնչողը մեր հայրենակից Վարդան Կարամյանն է։

Երբեմնի մոռացված երազանքը
Սեփական բենդ ունենալու մասին երևի թե երազել են բոլոր տղաները։ Վարդանը բացառություն չէ։ Մինչդեռ, նրա կյանքն այնքան էլ երաժշտական չդասավորվեց. Երևանից Մոսկվա տեղափոխվելով՝ սկզբում ձեռնարկատիրությամբ է զբաղվել։ «Իմ՝ բնույթով կազմակերպիչ լինելու պատճառով ես միևնույնն է՝ մնացի ագահ ունկնդիր, - պատմում է Վարդանը։ - Բայց ամեն ինչ փոխվեց, երբ որոշեցի դարբուք հարվածային գործիքի վրա նվագել սովորել։ Հենց այդ ժամանակ ծանոթացա հանրահայտ պերկուսսիոնիստ Անդրեյ Տանզյույի հետ»։

Անդերգրաունդի միջով՝ դեպի աստղեր
Հենց այդ ժամանակ Վարդանը սկսեց մոսկովյան արտ-սրճարաններում երաժշտական հավաքների և ոչ մեծ համերգների հաճախել։ Նրան խիստ զարմացրել էր, որ մոսկովյան անդերգրաունդը լեցուն է անհավանական տաղանդավոր երաժիշտներով։ Սակայն, չնայած իրենց շնորհներին և մեծ տաղանդին, երաժիշտները լայն ճանաչում չունեն։ Հենց այդ ժամանակ՝ 2014-ի սկզբին, Վարդանը որոշեց իր խումբը հավաքել, որտեղ հանդես կգար ոչ թե որպես երաժիշտ, այլ մենեջեր և պրոդյուսեր, ինչը նա հիանալի էր անում։ Պատանեկության երազանքը կարծես թե իրականություն էր դառնում՝ ձյունակույտի նման թափ հավաքելով։ Համոզված լինելով, որ դեպի աստղեր տանող ճանապարհն ընկած է միմիայն փշերի միջով՝ Վարդանը որոշեց գնալ ամենախրթին ճանապարհով։ Եւ այսպես ժանրը, որ ընտրվել էր խմբի համար, Էթնո-ֆյուժնն է կամ հենց «համաշխարհային երաժշտությունը», որն այդքան էլ տարածված չէ ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում։ Երաժշտության մեջ կարևոր դեր է խաղում աշխարհի ժողովուրդների գործիքները։ Կարճ ժամանակում հավաքեց համախոհների և մասնագետների։ Ծնվեց նորաստեղծ նախագծի անվանումը՝ «Յոթ ութերորդական»՝ ի պատիվ Բալկանների և Մերձավոր Արևելքի երաժշտության ամենատարածված երաժշտական ռիթմերից մեկի։

Քասթինգ «all the best» ոճում
Վարդանը համոզված է. «Նախագծի երաժիշտներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է։ «7/8»-ում այսօր չկա մի երաժիշտ, ով նաև մուլտիգործիքավորող չլինի։ Երաժշտությունը նրանց հիմնական կենսափիլիսոփայությունն է։ Շատ դժվար էր մեկ նախագծում հավաքել նման պայծառ և ստեղծարար անհատականությունների։ Սակայն, հենց հսկայական տաղանդն ու կոլեկտիվի նվիրվածությունն է նպաստել, որ մեզ ճանաչեն, մեր մասին խոսեն»։

Խումբն ընդգրկում է ռուս երաժիշտների։ Բենդի մասնակիցներից մեկը սաքսոֆոնիստ Օլեգ Գրիմովն է, ով ելույթ է ունեցել այնպիսի հայտնի երաժշտի հետ, ինչպիսինն է Իգոր Բուտմանը։ Նրա անհավանական սոլոն հնարավոր է լսել «Race 17» կոմպոզիցիայում։ Նախագծի մասին նա իմացել է պատահաբար, ընկերների հետ շփվելու ժամանակ։ Երբ նրան առաջարկեցին մասնակցել, միտքը հետաքրքրեց. «Նախագիծը հավանեցի ոչ միայն իր գաղափարով, այլև նրանով, որ սովորելու, նորը փորձելու հնարավորություն է տալիս։ Այն երաժշտական դպրոց է ինձ համար»։

Երաժշտական հզորացում
Բոլոր համերգներին, հիմնական երաժիշտներից բացի, հրավիրվում են հանրաճանաչ երաժիշտներ։ Նվագում են հիմնականում խմբի գրած երաժշտությունը։ Միակ կոմպոզիցիան, որը բենդը չի գրել, «Բինգյոլ» հայկական ժողովրդական երգն է։ Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տան դահլիճում համերգի ժամանակ խմբի հետ միասին կոմպոզիցիան կատարեց հայտնի հայ կլարնետիստ և դուդուկահար Նորայր Բարսեղյանը՝ ավելի հայտնի որպես Կոտո։ Նա ճանաչված է ոչ միայն ժողովրդական երգերին իր յուրովի մոտեցումներով, այլև ՌԴ պաշտպանության նախարարության Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ, «Նոչնոյ դոզոր» ֆիլմի սաունդթրեքով, ինչպես նաև ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ աստղերի հետ համագործակցությամբ։

Լեգենդար թուրք պերկուսիոնիստ, դարբուք հին երաժշտական գործիքի վարպետ Միսիրլի Ահմեթը պատրաստվում է կոլեկտիվի հետ միասին բեմ բարձրանալ երկրորդ համերգի ժամանակ որպես հրավիրված երաժիշտ։ «Երբ Վարդանն առաջարկեց ինձ խմբի հետ ելույթ ունենալ, ես չկարողացա մերժել հրավերը։ Չէ որ, ամեն ինչից անկախ, նույնիսկ բենդի անվանումը շատ հարազատ է ինձ․«Յոթ ութերորդական» ռիթմն իմ ֆավորիտներից է։ Մյուս կողմից, անձամբ Վարդանին ճանաչելով և նրա ձգտումների ու երաժշտական ճաշակի մասին իմանալով՝ ես համոզված էի, որ նախագիծը չէր կարող ինձ չգայթակղել»։ Ահմեթին պահանջվեց մեկ շաբաթ որպեսզի փորձեր անի կոլեկտիվի հետ և պատրաստվի առաջին համերգին։

Մոլորեցում «յոթ ութերորդական» ռիթմում
Բենդի համար երաժշտությունը ծիսական և առեղծվածային է, իսկ հանդիսատեսը, ով գալիս է երաժշտությունը լսելու, պետք է ներթափանցի այդ մթնոլորտի մեջ։ Հենց այդ պատճառով համերգներին կարևոր է յուրաքանչյուր մանրուք՝ ներառյալ դեկորացիան, հագուստը և լուսավորվածությունը։ Վարդանն այն սկզբունքով է առաջնորդվում, որ հանդիսատեսը «7/8»-ի համերգին պետք է գա ոչ միայն երաժշտություն լսելու, այլև երաժշտական իրականության մեջ ընկնելու՝ այն ֆիզիկապես զգալու։ Այս նպատակով խումբն ակտիվորեն համագործակցում է Modd Events հայ-ֆրանսիական ընկերության հետ, որը մասնագիտացված է տարբեր միջոցառումների և համերգների կազմակերպման գործում։ Modd Events խմբի փորձը ևս մեկ լումա է այն անհավանական մթնոլորտի ստեղծման գործում, որը թագավորում էր առաջին համերգի ընթացքում։ 

 

Համերգային դահլիճի ինտերյերը և «7/8» լոգոտիպի ձևավորումը իրականացվել է Վարդանի, իր տիկնոջ և Modd Events մոսկովյան գրասենյակի տնօրեն Ավետիս Գրիգորյանի համատեղ ջանքերով։ Ի դեպ, դեկտեմբերի սկզբին նախատեսված համերգը դարձյալ կազմակերպված է լինելու Modd Events ընկերության հետ համատեղ։ «Լավ երաժշտությունը պետք է նաև ճիշտ կազմակերպված լինի», - հավաստիացնում են ընկերության մասնագետները։



Աշխարհի երաժշտությունը
Հիմա արդեն վստահությամբ կարելի է ասել, որ «7/8»-ը կոսմոպոլիտներից մեկն է բենդերի հնչեղության առումով։ Կարևոր չէ՝ ինչ ազգություն ունես՝ ռուս, թե հայ, եվրոպացի, թէ ասիացի, Բալկանյան թերակղզու, թէ Մեքսիկայի բնակիչ ես, միևնույն է՝ կզգաս «7/8» երաժշտությունը։ «Մեղավորը» միայն ջազային ակորդներով համեմված թուրքական դարբուքը, հայկական դուդուկը կամ շատ ազգերում տարածված «կավալ» ֆլեյտան չեն։ Երաժշտությունն այստեղ չունի ոչ մի ժանրային պարտավորվածություն։ Այն ազատ է, գնում է պատմության խորքեր։ Ավելին, շատերը հաճախում են նմանատիպ համերգներին ոչ միայն երաժշտություն լսելու համար, այլև իրենց գիտակցականի խորքերը ներթափանցելու, քաոսում կորուսյալ ներդաշնակությունը գտնելու։

Լեգենդները կոմպրոմիսի չեն գնում
Լեգենդը 7/8 ռիթմում ստեղծելը չի նշանակում կոմպրոմիսի գնալ, մեծամասնության ճաշակին ենթարկվել և ստեղծել միայն անձնական երաժշտություն և անձնական հնչողություն։ Ոչ մի գրավիչ դրամական առաջարկ արժանի չի գլխավոր նպատակին. այն է՝ որակյալ հանդիսատեսի համար որակյալ երաժշտություն կատարել։ «Ես ունեմ երկու երեխա, նախագիծը դարձել է իմ երրորդը, - կես-կատակ բացատրում է Վարդանը, - իսկ ցանկացած ծնող ցանկանում է, որ իր երեխան հասնի ամենամեծ հաջողությունների և իր ներուժը չծախսի անիմաստ բաների վրա»։

Մեկ անգամ Քրիստիան Դիորը մոդելային բիզնեսի ապագա աստղ Պիեռ Կարդենին խորհուրդ տվեց, - «Վաճառեք թանկ՝ տաղանդի դիմաց պետք է վճարվի»։ Հավանաբար, այս բառերը տաղանդավոր մոդելյորի համար շատ կարևոր դարձան, քանի որ այսօր բուտիկների և մոդայի տների շարքում՝ Փարիզում գտնվում է Էսպաս Պիեռ Կարդեն համերգասրահ։ Ասում են՝ հենց ինքը՝ Պիեռ Կարդենն է անցկացնում այն խմբերի խիստ ընտրությունը, որոնք իր դահլիճում ելույթ ունենալու ցանկություն են հայտնում։ 7/8 բենդը խստապահանջ մոդելավորող-մելոմանին դուր է եկել և 2015 թվականի ամռանը «էթնիկական Բաբելոնը» Փարիզի սրտում ցույց կտա այն ամենը, ինչին ունակ է։

Մինչ այդ դեկտեմբերի 2-ին Մոսկվայի ամենալավ վայրերից մեկում, որտեղ միշտ ճաշակով երաժշտություն է հնչում, Ալեքսեյ Կոզլովի ակումբում տեղի կունենա բենդի երկրորդ համերգը։ Այս անգամ ևս հանդիսատեսին կուրախացնի խմբի հետ միասին հյուրերի եռյակը՝ Նորայր «Կոտո» Բարսեղյանը, Միսիրլի Ահմեթը և սիբիրյան վիրտուոզ- մուլտի-ինստրումենտալիստ Վլադիսլավ Նադիշանը։

 

Այս թեմայով