16 Մայիս 2017, 00:04
1193 |

Black Star-ի հերթական համերգը Երևանում

Մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Black Star-ի երկար սպասված համերգը: Ու չնայած Տիմատիի ելույթի չեղարկմանը, Kristina Si-ն, L’One-ը և MOT-ը շուրջ 4 ժամ անմոռանալի պահեր պարգևեցին երկրպագուներին:

Համերգից առաջ երկրպագուները ներկա եղան հետաքրքիր շոու ծրագրի, իսկ համերգային ծրագիրը բացեց Kristina Si-ն, ով, 4 տարի երազելով Երևանում համերգի մասին, չէր կարողանում զսպել հույզերը: Նա նաև նշեց, որ Հայաստանում էր ուղիղ մեկ տարի առաջ, երբ նկարահանում էին իր «Космос»  երգի տեսահոլովակը:  Ելույթի ընթացքում Kristina Si-ն որոշեց զարմացնել հայ հանդիսատեսին և կատարեց Սիլվա Հակոբյանի «Գիշեր է»  երգը, ու քանի որ երգչուհին հայերեն չգիտեր, խնդրեց խիստ չդատել, բայց խոստացավ անպայման սովորել:

Այնուհետև բեմ բարձրացավ L’One-ը և ստիպեց բոլորին իր հետ միասին պարել: Նույնիսկ երկրպագուներից մեկը, շրջանցելով անվտանգության աշխատակիցներին, կարողացավ բեմ բարձրանալ և մոտենալ երգիչին: Աշխատակիցները անմիջապես փորձեցին իջեցնել նրան բեմից, բայց L’One-ը թույլ չտվեց և իր մոտ կանչելով ողջունեց նրա համարձակ քայլը:

Հաջորդը բեմ բարձրացավ MOT-ը, ով, կատարելով երկրպագուների կողմից սիրված երգերը, երկրորդ շունչ հաղորդեց համերգին և էլ ավելի ակտիվացրեց հանդիսատեսին:

Եվ վերջում, նախատեսվում էր, որ համերգային ծրագրի փակումը կաներ Տիմատին, բայց երգիչն այդպես էլ ելույթ չունեցավ: Բեմ բարձրացավ համերգի պատասխանատուներից մեկը և հայտարարեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով Տիմատիի ելույթը չի կայանա: Քիչ հետո երգիչն իր էջում տեսանյութ տեղադրեց, որտեղ ներողություն խնդրեց հանդիսատեսից և խոստացավ նոր համերգ տալ:

Ինչևէ,  "он улетел но обещал вернуться", մնում է պահպանել տոմսերը և սպասել նոր համերգի մասին տեղեկությունների:  

Այս թեմայով