17 Հոկտեմբեր 2014, 13:25
3932 |

Զրույցներ ինքս ինձ հետ

Երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը պատմում է Ղռերում անցկացրած մանկության, ցայտաղբյուրի շուրջը ջուր խմելու հերթ կանգնած մարդկանց, նորակառույց շենքերը կենտրոնից ծայրամասեր տեղափոխելու ցանկության, կանաչ Երևան տեսնելու երազանքի և այլնի մասին:

Մեծացել եմ երրորդ մասի Ղռերում՝ իր յուրահատուկ կոլորիտով, հետաքրքիր մարդկանցով շրջապատված: Մեր սեփական տունը Երևանյան լճի ափին էր ու հենց դա է պատճառը, որ մանկուց շատ կապված եմ եղել բնության հետ: Այնպիսի տպավորություն էր, որ ապրելով Երևանում, մենք քաղաքից դուրս էինք գտնվում:

Շատ յուրահատուկ մի վայր է՝ քարանձավներով, ջրվեժներով, մի ընդհանուր բակ, մի քանի տներ, բոլորն իրար գիտեն, երեխաներ, շներ, կատուներ, օձեր բռնելու սովորություն, ձմռանը դահուկներ, լիքը փորձանքներ, մութ ու ցուրտ տարիներ, պատերազմ:

Քանի որ Երևանյան լիճը ջրամբար է, տարին երկու անգամ ջուրը իջեցնում են, իսկ լճի հատակը տիղմի էր վերածվում ու դժվարանցանելի էր դառնում: Բայց մեր ամբողջ թաղը «Իկառուս» ավտոբուսով այժմյան Ամերիկյան դեսպանատան մոտից իջնում էր լիճն ու հաճույքով խեցգետիններ հավաքում:

Մեր կողքին էին ապրում հասարակության ցանկացած շերտի ներկայացուցիչներ՝ հանցագործից սկսած մինչև գիտությունների թեկնածու, վաճառողներ, հայրենադարձներ, մարզերից եկած բնակիչներ և այլն: Ու մշակութային այդ բազմազանությունը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Հասարակ օրինակ՝ մեր հարևանների մոտ թփով տոլման բոլորովին տարբեր համերի էր ստացվում ու այդպես՝ համերով հասկանում էինք՝ ով է պատրաստել:

Պապս ավտոբուսի վարորդ էր: Այդ ավտոբուսի ակումուլյատորը մեր ամբողջ թաղի փրկությունն էր. բոլորը հավաքվում էին մեր տանն ու սերիալներ նայում: Ինչքան շատ մարդ էր հավաքվում, այնքան ավելի լավ էի քնում:

Մանկապարտեզն անտառի մեջ էր: Ամեն օր այդ անտառի միջով գնում էի մանկապարտեզ՝ ճագար, սկյուռիկ էի տեսնում: Լրիվ այլ իրականություն էր: Հենց մանկապարտեզում է սկսվել երաժշտության հանդեպ սերը: 

Որքան հիշում եմ ինձ՝ երգում էի: Այն երջանիկներից եմ, որ սկսել եմ մանկական երգերից, հիմա այդպես չէ: Ժողովրդական, հայրենասիրական, ազգագրական երգեր էի երգում:

Ավարտել եմ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցը: Հանդեսներին, միջոցառումներին դպրոցը ներկայացնողներից մեկն էի: Ի դեպ, բացի երաժշտությունից նաև տարբեր օլիմպիադաների էի մասնակցում: Հետո ընդունվեցի Երրորդ մասի պիոներ պալատը, այնուհետև՝ երաժշտական դպրոց, մանկական ֆիլհարմոնիա, երգի-պարի խմբակ: Ամեն ինչ պարզ էր, ապագաս երաժշտության մեջ էի տեսնում:

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում եմ սովորել, բայց զուգահեռ կոնսերվատորիա էի հաճախում՝ որպես ազատ ունկնդիր: Կարելի է ասել, որ հինգ տարի սովորել եմ նաև կոնսերվատորիայում: Նույնիսկ մատյանում անունս գրանցել էին:

Ապագա կնոջս հետ առաջին անգամ Երրորդ մասում ենք հանդիպել: Ես տաքսիում էի, նա էլ փողոցն էր անցնում: Քիչ էր մնում բախվեինք: Այդ պահին մտքումս տպավորվեց նրա զայրացած դեմքը: Որոշ ժամանակ անց ընկերներս ինձ մի աղջկա հետ ծանոթացրեցին, ու ես հիշեցի նրա զայրացած դեմքը:

Անկեղծ, շատ եմ սիրում Երևանն ու այն իմ քաղաքն եմ համարում: Հենց սա է այն վայրը, որտեղ պետք է լինեմ, ապրեմ, ստեղծագործեմ ու աշխատեմ: Շատ ավելի գեղեցիկ ու զարգացած քաղաքներում եմ եղել, բայց կա շնչելու համար անփոխարինելի նշանակություն ունեցող մի ուժ, որ ստիպում է Երևան վերադառնալ:

Կարոտում եմ Երևանը, նույնիսկ եթե այստեղ եմ: Փորձում եմ իդեալականացնել Երևանն ու այնքան եմ տխրում, երբ վատ դրսևորումների եմ հանդիպում: Քաղաքում տեղի ունեցող ցանկացած տգեղ արարք որպես անձնական վիրավորանք եմ ընդունում: Երևանն իմ մի մասնիկն է:

Երբ քաղաքում չեմ, այդքան չեմ զրուցում ինքս ինձ հետ, որքան Երևանում եղած ընթացքում:

Սիրում եմ կենտրոնը, որովհետև համեմատելով ծայրամասերի հետ, այն գոնե խնամված է: Սիրում եմ իմ քաղաքի ու երևանցիների պատմությունը, որովհետև Երևանի ոգին հենց դրանից է ծնվում ու շունչ տալիս քաղաքին:

Երբ քայլում եմ կենտրոնում ու տեսնում շենքերին փակցված ցուցանակները, որ այդ տանն ապրել է այս կամ այն հայտնի անձնավորությունը, փորձում եմ մտովի տեղափոխվել այդ ժամանակաշրջան, զգալ մեր մեծերի ներկայությունը, նրանց ստեղծած մթնոլորտը, միջավայրը:

Սիրում եմ «Պոպլովոկի» շրջակայքը, Կասկադը, իսկ Ղռերը այլևս չեմ սիրում: Այնտեղ է մնացել մանկությունս, ամենաջերմ ու բարի հիշողությունները: Արդեն մեկ ամիս է բնակվում եմ Նոր Նորքում: Այստեղ դեռևս բնություն կա, դրա համար էլ հոգեհարազատ է:

Երևանում կան տարվա բոլոր չորս եղանակները: Ամառը՝ անտանելի շոգ և ուզում ես թողնել ու հեռանալ անտանելի տապից, աշխարհի ամենագեղեցիկ աշուններից մեկը՝ երևանյանը, մեղմ եղանակով գարունը, ու ցրտաշունչ ձմեռը: Երևանյան եղանակը միօրինակ չէ, դա է ամենից կարևորը:

Գարնան վերջում ու աշնան սկզբին օդում մի հոտ եմ զգում, որ միայն Երևանում կա: Փոշու հետ խառնված այդ բույրը այնքան մեծ ու դրական ազդեցություն է ունենում՝ հատկապես ստեղծագործող մարդու վրա:

Երևանը հասուն կին է, բայց երիտասարդ, ապագան հստակ տեսնող ու լավին հավատացող:

Երևանից ոգեշնչված մի ստեղծագործություն եմ գրել, կոչվում է «Երևանում»: Ստեղծագործությանս միջոցով փորձել եմ փոխանցել հին Երևանի մասին հիշողությունը, մանկության ջերմությունը ու դեպի ապագա նայող հայացքը: Իսկ Երևանի մասին լավագույն, անկեղծ երգերը գրվել են 60-ական թվականներին:

Երևանը երաժշտական քաղաք է: Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներից մեղեդու ելևէջներ եմ լսում:

Երևանը ոգեշնչում է ստեղծագործել, բայց գործունեություն ծավալելու ընթացքում՝ խանգարում է: Օրինակ՝ Նյու Յորքը հնարավորություն է տալիս անվերջ խորանալ մասնագիտությանդ մեջ, իսկ այստեղ հասնում ես մի կետի ու կանգ առնում:

Եթե կախարդական փայտիկ ունենայի, մի հարվածով կենտրոնում գտնվող բոլոր նորակառույց շենքերը կտեղափոխեի ծայրամասեր: Դրանց փոխարեն կվերադարձնեի հին երևանյան տները:

Երևանցիներից շատերը չեն սիրում Երևանը, որովհետև չեն հասկանում, ի՞նչ է այն իրենց համար: Շատերի համար Երևանը պարզապես այն քաղաքն է, որտեղ ծնվել են, ապրում են: Որևէ վայրում ծնվելը բավարար չէ այն հարազատ զգալու համար:

Ցայտաղբյուր, շուրջը ջուր խմելու հերթ կանգնած մարդիկ, «Ոսկե Ծիրան», փողոցներում համաշխարհային համբավ ունեցող մարդիկ, նաև հայհոյող մարդիկ, ծեծկռտուք, բայց միևնույն ժամանակ սիրած անձնավորություն, կյանք… սա է Երևանը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2014

For the English version of this article, please click here.

Այս թեմայով