16 Մայիս 2013, 11:56
1204 |

Ուղղաթիռն ու բալալայկան՝ նույն նյութից

Արևմուտքում մեծ պահանջարկ է վայելում շրթհարմոնը։ Երկրորդ տեղում բալալայկան է։ Պրոդյուսերներն ու կազմակերպիչները շահագրգռված են բավարարել հանրության պահանջները և հաճախ են այս գործիքների մասնակցությամբ համերգներ նախաձեռնում։ Բազում հայտնի ու սիրված մեղեդիներ հավերժացել են հենց բալալայկայի շնորհիվ։ Ռուսական «Смуглянка»-ի, «Подмосковные вечера»-ի մեղեդայնությունը հենց այս գործիքն է ապահովում։

Ռուս բալալայկահար Անդրեյ Գորբաչովը հայտնի է որպես վիրտուոզ երաժիշտ։ Ռուս երաժիշտը, չնայած ակտիվ շրջագայություններին, առաջին անգամ է Հայաստանում' «Ազգային պատկերասրահ» 9-րդ փառատոնի հրավերով։ Առաջարկում է հայ երաժիշտների հետ համատեղ համերգային ծրագիր մշակել. բալալայկան ու մեր ազգային գործիքները։ Նա 2000-ից ավելի համերգներ է ունեցել Ռուսաստանի, եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ճապոնիայի բեմերում։ Պատմում է, որ միայն Վաշինգտոնում ռուսական ժողնվագարանների 2 անսամբլ կա, ամբողջ Ամերիկայում' 15, որոնցում պատվավոր տեղ է զբաղեցնում բալալայկան։ Նրա համոզմամբ, ռուս-ճապոնական պատերազմը պատճառ է դարձել նաև Ճապոնիայում բալալայկայի տարածմանը։ Անդրեյ Գորբաչովը երանությամբ է հիշում սովետական տարիները, երբ բալալայկան մեծ շուքով ներկայացվում էր բոլոր 15 հանրապետություններում։

Անդրեյը 5 տարեկանից բալալայկա է նվագում։ Նրա ձեռքում բալալայկան ձայնարտաբերման նոր հնարավորություններ է ստանում, համադրվում դասական գործիքների հետ, ընդգրկվում սիմֆոնիկ նվագախմբերում։

Երաժիշտը նվագում է հրեա Մարկ Կուպֆերի պատրաստած նվագարանով։ Վերջինս հայտնի է որպես «Սև» ուղղաթիռների հեղինակ, սակայն նրա նախասիրություններից մեկն էլ բալալայկաներ պատրաստելն է։ Կուպֆերի 16 բալալայկաներից մեկն Անդրեյ Գորբաչովինն է։ Ցույց տալով իր նվագարանի լադերը' ասում է, որ դատելով յուրահատուկ հնչողությունից' համոզված է, որ հրեա վարպետը պատրաստել է անհասկանալի ծագման ու բաղադրության մետաղից, կասկածում է' միգուցե հենց ուղղաթիռի նյութից։ Հրեա կոմպոզիտորները հաճախ են ստեղծագործություններ գրում հատուկ բալալայկայի համար։ Գորբաչովն արդեն հասկացել է հանդիսատեսի հոգեբանությունը. համերգի սկզբում ներկայացնել թեթև ժանրի, հումորային գործեր, հետո լուրջ ու խորը ստեղծագործություններով ստիպել խոհել, մաքրվել, նաև հուզվել։

Իր յուրահատուկ բալալայկան Անդրեյ Գորբաչովը չի ապահովագրել, ասում է. «Գործիքն առանձին ապահովագրելն իմաստ չունի։ Եթե ապահովագրվենք, ապա' միասին, մեկս առանց մյուսի ոչինչ ենք»։

Այս թեմայով