18 Սեպտեմբեր 2014, 13:01
1914 |

Հայաստանի մասին պատմող 5 լավագույն վավերագրական ֆիլմերը

Մինչ անծանոթ երկիր այցելելը շատերն ուղղակի գնում են ինքնաթիռի տոմսն ու անհամբեր հաշվում թռիչքին մնացած օրերը: Նրանք առանձնապես չեն մտածում երկրի առանձնահատկությունների ու մանրամասնությունների մասին՝ ի՞նչ կարիք կա, տեղում կպարզենք ամեն ինչ: Հետո հանգում են այն մտքին, որ պետք էր նախօրոք ծանոթանալ սովորույթներին, ճարտարապետությանն ու բնությանը, որ հետո ավելի հեշտ լիներ տեղում կողմնորոշվել ու որոշել, թե որ վայրերն էր այնուամենայնիվ պետք այցելել: Չէ որ ընդամենը մեկ ուղևորությամբ ամեն ինչ չես տեսնի՝ նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրում: Հենց նման ճանապարհորդների ու պարզապես բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանին ավելի լավ ծանոթանալ, մենք հավաքել ենք լավագույն վավերագրական ֆիլմերը, որոնք կօգնեն պատկերացում կազմել մեր երկրի պատմության, ճարտարապետության, մշակույթի, խոհանոցի ու ժողովրդի մասին:

 

«Հայաստան՝ Նոյի երկիր»

Ֆիլմը նկարահանել են իսպանական Bass Business и TranGlobe ընկերությունները: Անցկացրած հետազոտության հիման վրա ընկերություններն ընտրել են 12 երկիր, որտեղ նկարահանել են Escape շարքը: «Հայաստան՝ Նոյի երկիր» ֆիլմը դրանցից մեկն է: Սկզբում այն անգլերեն էր, հետո թարգմանվեց նաև ռուսերեն: 50 րոպեանոց ֆիլմը պատմում է հայերի ծագման, մշակույթի, ավանդույթների մասին՝ ներառյալ մեր պատմության բոլոր կարևորագույն հատվածները: Սա ֆիլմ է Երևանի, Արցախի, Ցեղասպանության, Արարատ լեռան ու էլի շատ բաների մասին, որոնք անքակտելիորեն կապված են մեր երկրի հետ:

 

«Ղուշ ու գիր. Երևան»

Ինչպես հայերի, այնպես էլ մեր երկիր այցելածների շրջանում «Ղուշ ու գիր.Երևան» հաղորդաշարը շատ տարբեր ու իրարամերժ կարծիքներ հավաքեց: Ուկրաինական հաղորդաշարի սյուժեն այսպիսին է՝ երկու հաղորդավարները այցելում են անծանոթ քաղաք ու վիճակ գցում: Հաղթողը կարող է իրեն թույլ տալ այն ամենը, ինչ խելքին կփչի, պարտվողն էլ հանգստյան օրերը պետք է անցկացնի 100 դոլարով: Երևանի մասին պատմող հաղորդումը, իհարկե, ոչ բոլոր երևանցիներին դուր եկավ: Հաղորդավարների մեկնաբանությունն այն մասին, թե Երևանում մեկ օր հետո այլևս անելու բան չկա կամ «Նիվան» երկրում ամենատարածված մեքենան է, այնքան էլ լավ չընդունվեցին: Ամեն դեպքում երևանյան և առհասարակ հայաստանյան կոլորիտն ու իրականությունը ֆիլմում դրական են ներկայացված, հումորով համեմված, հետևաբար պետք է դիտել:

 

«Հայաստան՝ համերի մոլորակ»

«Համերի մոլորակը» խոհարարական հաղորդաշար է, որի ընթացում հայտնի հաղորդավար Անտոն Զայցևը բացահայտում է տարբեր ազգային ճաշատեսակների գաղտնիքներն ու առանձնահատկությունները: Նկարահանող խումբը Հայաստանում եղել է մի քանի անգամ, բայց հենց այս թողարկումն է նվիրված հայկական ճաշատեսակների ամենաբարդ բաղադրատոմսերին: Բացահայտվում է, մասնավորապես, քյուֆթայի, ղավուրմայի, հարիսայի, հորած պանրի պատրաստման գործընթացը: Վերջինը Վայոց Ձորի գյուղերում պատրաստում են տարօրինակ մեթոդով՝ պանիրով ու կանաչիով լցված կարասը մի քանի ամսով թաղում են հողի մեջ: Հետաքրքիր է, որ նկարահանումների մասնակցել են հենց հայ խոհարարներ ու գյուղացիներ: Իսկ հարիսայի պատրաստումն անցնում է Հայաստանում հայտնի սևամորթ խոհարար Ջորջի վերահսկողությամբ: «Քանի դեռ հարիսան եփվում է, ես կարող եմ պատմել Ձեզ հայ ժողովրդի ողջ պատմությունը»,-ասում է Ջորջը հաղորդավարին, որպեսզի նա հասկանա, թե ինչքան երկար է պետք եփել ճաշատեսակը:

 

«Հայաստան՝ ապրող քարեր»

Այս գունագեղ ճանապարհորդական ձեռնարկը դիտողին կծանոթացնի Հայաստանի տեսարժան վայրերին, վանքերի ու եկեղեցիների ճարտարապետությանը, կպատմի հայ ժողովրդի պատմության մասին: Ուղեկցորդները հենց հոգևորականներն են:

 

«Իմ մոլորակը՝ Հայաստան՝ թաքնված ամպերի հետևում»

«Ռոսիա-2» հեռուստաալիքի ֆիլմում Հայաստանը ներկայացված է իր բազմազանության ու բազմաշերտության ողջ ներկապնակով:
Ֆիլմը բազմադարյա ավանդույթների, արհեստների, երևանյան շուկաների համուհոտի, հայկական կոնյակի պատրաստման և ճիշտ օգտագործման մասին է: Զբոսաշրջիկի համար այստեղ ներկայացված ցանկացած տեղեկատվություն առավել քան օգտակար կլինի:


Մաս 1


Մաս 2

Այս թեմայով