10 Սեպտեմբեր 2014, 13:25
2743 |

Հարյուր տարվա փորձություն

«Ով հարցնում է ՝ դա ճիշտ է, թե չէ, արժանի չէ այս պատմությունը լսելու»: Որոշեք ինքներդ, բայց իմ խորհուրդն է՝ միանգամից հավատալ։ Ու անպայման ընթերցել։

Պատմության դասագրքերի, տարբեր ձեռնարկների, ուսումնասիրությունների օգնությամբ հեշտ է «տեղաշարժվել» մարդկության անցած վայրիվերո ճանապարհներով, մի դարից մյուսը թռչել, թագավորների, զորավարների սխրագործությունների մասին կարդալ, նշանավոր ճակատամարտերի ռազմական նրբությունները վայելել ու, ի վերջո, կարծես թե ամեն ինչ իմանալ: Մենք կարծես թե լավ գիտեն վերջին հարյուր տարվա համաշխարհային պատմությունը՝ ռուսական մեծ ու փոքր հեղաշրջումներ, Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմ, ատոմային ռումբ, սառը պատերազմ, ու էլի հազար ու մի բախտորոշ, մարդկության պատմության անիվը շրջած իրադարձություններ: Մանավանդ որ ինտերնետային ժամանակներում կարծես թե ցանկացած տեղեկատվություն հասանելի է:

Բայց ահա, պատկերացրեք մի մարդ, ով 100 տարեկան է, այսինքն՝ մեր կարդացած, դիտած, լսած պատմությունը ինքը, այսպես ասած՝ «ապրած ունի»։ Դեռ ավելին՝ տարբեր հանգամանքների բերումով անձամբ, կրկնում եմ, անձամբ այս կամ այն կերպ մասնակցել է այդ բոլոր բախտորոշ իրադարձություններին, գրեթե բոլոր նշանավորներին (Ֆրանկո, Չերչիլ, Ստալին, Հիտլեր...) անձամբ հանդիպել ու առնվազն մի քանի ժամ շփվել…

Շվեդ գրող Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» վեպի հերոսը՝ Ալան Կառլսոնը, հենց այդ մարդն է: Ու հենց նա՝ ծերուկ Կառլսոնն է պայմանավորում վեպի երկու իրականությունները. մի դեպքում՝ պատմության հարյուրամյա ընթացքը՝ առաջին ձեռքից, մյուս դեպքում՝ դետեկտիվ մի պատմություն, որ զարգանում ու ամեն պահ կարծես հանգուցալուծվելով չի հանգուցալուծվում:

«Դա ճի՞շտ է, որ...», բնական հարց է, որ նման դեպքերում կարող է ծագել յուրաքանչյուրիս գլխում: Պատասխանը չոր է. «Ով հարցնում է ՝ դա ճիշտ է, թե չէ, արժանի չէ պատմությունը լսելու»: Որոշեք ինքներդ: Բայց իմ խորհուրդն է՝ միանգամից հավատալ, այլապես՝ համաշխարհային պատմության խոհանոցային մանրամասները ոչ մի փաստագրական ֆիլմում, բազմահատոր ուսումնասիրության մեջ ու փաստաթղթերում չվկայագրված, բայց էական մանրամասներով ոչ մի տեղ չեք հանդիպի:

Մյուս կողմից՝ վեպը սկզբից մինչև վերջ ուղեկցող հումորը, որ հրաշալիորեն հայերեն են հնչեցրել թարգմանիչները՝ Աշխեն և Արծվի Բախչինյանները, կօգնի «մարսել» նորույթների, անսպասելի բացահայտումների, ինչպես նաև՝ օր ծերության ոստիկանության կողմից հետապնդվող հարյուրամյա այդ զարմանալի ծերունու արկածների ամբողջ բազմազանությունը:

Ի վերջո, արժե կարդալ այս վեպը թեկուզ հենց գլխավոր հերոսի տարիքը հարգելով: Մարդը հարյուր տարի ապրել է: Կատակ բան չի:

Այս թեմայով