22 Մարտ 2013, 13:22
8886 |

Ջորջ Օրուել. «1984» կամ «Եվրոպայի վերջին մարդը»

«Արգելված գրքեր» մատենաշարով լույս կտեսնեն համաշխարհային գրականության այն հայտնի գործերը, որոնք տարբեր պատճառներով ու տարբեր ժամանակներում արգելված են եղել: Նախաձեռնությունն «Անտարես» հրատարակչությանն է, գրքերի շարքում առանձնանում է Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ վեպը:

Այն հանգամանքը, որ Ջորջ Օրուելի (1903-1950, իսկական անունը՝ Էրիկ Արթուր Բլեր) «1984» անտիուտոպիան նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ 1988-ին միայն, թերևս միանգամայն բնական է, քանի որ վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահիճի մեջ: Մյուս կողմից՝ «1984»-ը շարունակում էր «Անասնաֆերմա» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները առավել կոնկրետացված էին, հատկապես 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետագա զարգացումների, քաղաքական դեմքերի վերաբերյալ: Նույնը վերաբերում է նաև այսպես կոչված՝ սոցճամբարի երկրներին, որոնցում նույնպես «1984»-ը բազմաթիվ անգամ գրաքննչական միջամտությունների ու արգելանքների է ենթարկվել:

Բայց վեպի ներքին գաղտնագրերն ավելի խորը շերտեր ու ակնարկներ էին պարունակում, ուստի հասկանալի են նաև վեպի տպագրության ու վաճառքի արգելման, սուբյեկտիվ մեկնաբանման, արհամարհանքի այն դեպքերը, որոնք գրանցվեցին նաև ԽՍՀՄ տարածքից ու սոցճամբարի երկրներից դուրս: Մասնավորապես՝ Արևմուտքի երկրների ձախակողմյան ուժերի բազմաթիվ քննադատությունները: Իսկ ամենից հաճախ վեպի հետ կապված տարբեր արգելանքներ են եղել ԱՄՆ նահանգներում:

Հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից: Ուսումնասիրելով ամերիկյան դպրոցներում արգելված գրքերի 1965-1982 թթ. վիճակագրությունը՝ Լի Բերեսն իր «Հանրահայտ արգելված գրքեր» աշխատության մեջ առանձնացնում է 30 այդպիսի գիրք: Օրուելի «1984»-ը դրանց շարքում 5-րդն է:

«1984»-ի արգելանքը ամերիկյան դպրոցներում առավել սաստիկ է եղել 1960-70-ականներին, երբ չափազանց մեծ էր ԽՍՀՄ-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը: Հիմնականում վեպը քարկոծվում էր անբարոյականության և բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբար ազդել դեռահասների հոգեբանության վրա: Վեպն արգելելու քաղաքական դրդապատճառներ էլ կային: Միացյալ Նահանգներում սկզբում վեպն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ կոմունիզմը ներկայացված է բարենապաստ լույսի ներքո, իսկ որոշ ժամանակ անց արգելանքը հանվել է այն փաստարկով, որ գիրքը հրաշալիորեն պատկերում է, թե իրականում ինչ է կատարվում ամբողջատիրական համակարգում: Հետաքրքիր է, որ ընդհուպ մինչև վերջերս «1984»-ը թույլատրված է ամերիկյան դպրոցական գրադարանների 43 տոկոսում միայն:

Օրուելի վեպի վերնագիրն ու ԽՍՀՄ-ում հենց 1984-ից սկսված գորբաչովյան հայտնի «պերեստրոյկան» որոշակի առեղծվածայնություն հաղորդեցին վեպին: Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ Ֆրեդ Ուորբուրգինն է, որով նա փորձեց գրավել ընթերցողներին: Նախնական մտահղացմամբ վեպն ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը: Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց «1984», այդպես էլ առեղծված է մնում: Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես խաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948:

Առաջին հրատարակումից 63 տարի անց «1984»-ը վերջապես լույս տեսավ նաև հայերեն՝ Աստղիկ Աթաբեկյանի՝ բնագրից կատարած թարգմանությամբ: Հայ ընթերցողն արդեն հնարավորություն ունի խորանալ վեպի ենթատեքստերի մեջ՝ բացապարզելու 1984-ի առեղծվածը: Եվ ոչ միայն:

Այս թեմայով