04 Սեպտեմբեր 2014, 10:26
3672 |

Հյուսված տարեգրություն

Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդը, որը կանանց ու գորգերի հայտնի հավաքորդ էր, իր հավաքածուները հարստացնելու համար չվարանեց մահապատժի ենթարկել նույնիսկ կարդինալ Ուոլսիի լորդ կանցլերին: Սակայն օգոստափառ տիրակալի մահից հետո նրա բոլոր 800 գորգերը, որոնց թվում քիչ չէին հայկականները, նեխեցին թագավորական Hampton Court-ի խոնավ քարերի վրա: Բարեբախտաբար կային գորգեր, որոնք չէին հայտնվել միապետի ձեռքերում ու փրկվել էին: Փրկված գորգերն այսօր կարող ենք տեսնել ոչ միայն միջնադարյան Եվրոպայի հռչակավոր նկարիչների գործերում, այլև իրական կյանքում:

Հայկական գորգի հանգույցներում հյուսված են առասպելներ, առեղծվածներ, գաղտնիքներ. այդ գորգերի վրայով անցել է մարդկային պատմությունը: Լա՛վ նայեք. Կլեոպատրայի շքեղ մարմնի հետքը չէ՞ արդյոք, որին մեկ գիշեր տիրանալու համար տղամարդիկ զոհում էին իրենց կյանքը: Եգիպտոսի կրքոտ թագուհին հրամայել էր փաթաթել իրեն ծիրանագույն գորգի մեջ ու տանել Փարոս կղզի՝ Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի մոտ. արժանի փաթեթավորում արքայական ընծայի համար:

Տարեգիրները բազմիցս վկայել են, որ Կահիրեի շուկաներում «հայկական կարմիր» գորգերը ձեռքից ձեռք էին խլում: Եգիպտոսի Ասյութ քաղաքի «մորեգույն գորգերն» ունեին մեծ արժեք միայն հայկականներին շատ նման լինելու շնորհիվ: Նույնիսկ պարսկական գորգերից լավն էին համարվում նրանք, որոնք «չէին զիջում հայկականներին»: Ավելին՝ դրանցից լավագույնները պետք է հյուսված լինեին Սպահանում, այսինքն՝ ստեղծված լինեին Շահ Աբասի ժամանակ Ջուղայից Պարսկաստան բռնագաղթած հայ վարպետների կողմից: Սպահանի գորգերն էին «հատկապես նման շքեղ հայկականներին»:

Ալ գույնի, խավոտ գորգերից մեկի վրա էր մահը հասել մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացուն: Բաբելոնյան պալատի պճնազարդ սենյակների գետինը չէր էլ կարող ծածկված լինել ուրիշ բանով. գորգը տարածված էր ամբողջ Էքումենայում՝ նույնիսկ արաբական աշխարհում: Այն իշխում էր օսմայան պալատներում, զարդարում «անապատների ամրոցների» պատերը: Հայկական գորգի վրա բազմելու իրավունք ուներ միայն Աբասյան խալիֆայության տիրակալ, «Հազար ու մի գիշերի» հերոս Հարուն ալ Ռաշիդի ավագ կինը: Հարեմի մնացյալ կանայք ստիպված էին բավարարվել «հայկական բարձերով»:

921-Ին Բաղդադի խալիֆի դեսպանները ժամանեցին Վոլգայի Բուլղարիա: Ազնվատոհմիկ Իբն Ֆադլանը, որը դեսպանության երկրորդ կարևորագույն անձն էր, ապշել էր. խանի ահռելի վրանը, որտեղ հեշտությամբ կարող էր տեղավորվել հազար զինվոր, ամբողջովին ծածկված էր հայկական գորգերով:

Ներոն կայսրը շքեղ գորգը գնել էր չորս միլիոն սեստերցիայով, ու ծիրանագույն պարեգոտով, դափնեպսակը գլխին ու ոսկե վինը ձեռքին՝ դես ու դեն էր վազում չտեսնված թանկ գորգի վրա՝ հայհոյելով Հռոմը խժռող տարրերային կրակը: Պարսկաստանի հայերի պատրաստած գորգերը զարդարում էին Լիդիայի թագավոր Կրեսոսի արքունիքն ու նրա Սարդես մայրաքաղաքի Կիբելա աստվածուհու հսկայական տաճարը: Այդ գորգերի վրա կանգնելու իրավունք ուներ միայն արքան՝ հենց նա, որից առաջացավ «Կրեսոսի պես հարուստ» խոսքը:

Ընծայված հայկական գորգը համարվում էր մեծագույն հարգանքի նշան: Սա լավ գիտեր Ղազնևիների կայսրության տիրակալ սուլթան Մահմուդ Ղազնևին, որը նվիրեց այն Քաշգարի խան Կադիրին, ու վեզիր Աբու Ֆազն Սուրի Մարաղին, որն ուղարկեց գորգն իր տիրակալին՝ Ղազնևի սուլթան Մասուդին: Խալիֆ ալ Մուկտադիրի հավատարիմ հպատակ էմիր Աբու Սանը վճարեց նրան տուրքը «յոթ հայկական գորգով, որոնցից մեկն ուներ վաթսուն կանգուն երկարություն ու լայնություն» (1000 քմ-ից ավելի): Մեծ համբերություն էր հարկավոր վարպետին, որ 10 տարի նվիրեր այս հրաշքը ստեղծելուն:

Հայկական գորգերը ոչ միայն առասպելների ու բազմաթիվ պատմական վկայությունների հավաքածու են, այլև եզրերի ու անվանումների կծիկներ, որոնք երբեմն նույնիսկ վերածվում են խառնաշփոթի: Հայաստանում կամ հայ վարպետների կողմից արտասահմանում ստեղծված գորգերն անվանում էին «պարսկական», «թուրքական», «սելջուկական», «լեհական»՝ ըստ արտահանող երկրի, նախկին տիրոջ կամ պատվիրատուի: Սակայն հեռատես հայ գորգագործներն օգտագործում էին բազմաթիվ հնարքներ, որ սերունդներին փոխանցեին իրենց ստեղծագործությունների «տոհմածառը», օրինակ՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Ստամբուլի Թուրքական և իսլամական արվեստի, Ստոկհոլմի Ազգային, Քոնյայի (Թուրքիա) Մևլանա թանգարաններում պահվող «սելջուկական» գորգերի հայկական հյուսագիր տառերը, «թռչնային զարդերով» գորգերի արծիվները, որոնք արևելագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին անվանել էր հայկական միջնադարի «խոսող զինանշաններ»: Նախշերի մեջ ներառում էին նաև հայկական բանահյուսության մերթ բարի, մերթ չար վիշապին: Ու վերջապես խա՛չը. համաձայնե՛ք, որ մուսուլմանական ազգային արվեստի համար սա կատարյալ անհեթեթություն է:

Մի բան է անվիճելի. հին հայկական գորգերն աշխարհում անմրցակից էին. «այսպիսի գորգեր քիչ կան այլ երկրներում»՝ կարծում էին արաբ աշխարհագիրներ ու ճանապարհորդներ ալ Իսթախրին, իբն Հաուկալն ու ալ Մուկադդասին:

Բուն Հայաստանում գորգերն ի սկզբանե նախատեսված էին կենցաղի համար. կախում էին պատերին, փռում հատակին, ծածկում թախտերը, անկողինները, նստատեղերն ու սնդուկները… Եկեղեցիներում գորգերով ծածկում էին խորաններն ու զոհասեղանները, տներում կախում դռնախորշերից, օգտագործում որպես միջնապատ, որ առանձին «սենյակ» հատկացնեն մեծացած երեխաներին ու նորապսակներին:

Ի՜նչեր ասես՝ չեն սարքել գորգերից՝ ձիու ծածկոցներ, խուրջիններ, աղամաններ, մաֆռաշներ (ավելորդ անկողինները պահելու ծածկոցներ):

Գորգերն աստիճանաբար դարձան արքունական պալատների ու ֆեոդալական ամրոցների գորշ պատերի թանկարժեք զարդերը. ավելի շատ ոչ թե գորգեր էին, այլ նկարներ: Վաղ վիշապագորգերի (dragon carpet) խոշոր կտավների վրա պատկերված են հեքիաթային աշխարհի բոլոր կերպարները՝ ինքը վիշապը, հազարան բլբուլն ու գորգի վարդակների մեջ հյուսված առասպելական ու իրական կենդանիները՝ ուղտեր, առյուծներ, եղնիկներ, ձիեր…
Ո՛ւր ասես՝ չէր եղել 13-րդ դարի ճանապարհորդ Մարկո Պոլոն, սակայն նա էլ էր վստահ, որ «միայն հայերն են պատրաստում աշխարհի ամենանուրբ ու ամենագեղեցիկ գորգերը»:

Սակայն մեծ վենետիկցու «փիառից» արդեն երկու դար առաջ՝ 11-րդ դարի սկզբում, հայկական գորգերով առևտուր անելու իրավունք տալիս էին միայն պետության բարձրագույն մարմինները: Աշխույժ առևտուր էին անում Բելգիայի Բրյուգե քաղաքի սուրբ Դոնաթիանուս եկեղեցու առջևի հրապարակում ու Վենետիկի սուրբ Մարկոս տաճարի առջև: Հեռավոր հայկական Կիլիկիայից Վենետիկ բերված գորգերը կախում էին վաճառքի նաև բուն նավահանգստում: Սպահանի հայկական առևտրական ընկերության ներկայացուցիչները հասցնում էին գորգերը ձնախեղդ Մոսկվա, կակաչների ու հողմաղացների երկիր Հոլանդիա, Ֆրանսիայի հնագույն քաղաք Մարսել ու դիմահանդեսների մայրաքաղաք Վենետիկ:

Միջնադարյան եվրոպական շուկայի գորգերի մատակարարը Փոքր Ասիան էր, սակայն այնտեղ ապրող բոլոր ազգերից միայն հայերն ունեին գորգագործության հնուց ի վեր կայացած ավանդույթներ: Հայկական գորգն ուներ յուրօրինակ նախշեր ու հստակ «սյուժեի» հիմք, ուստի զարմանալի չէ, որ ուներ հոյակապ համբավ համաշխարհային շուկայում:

Առանձին առավելություններ ունեին Լեհաստանի հայ վաճառականները: 1585-ի մայիսի 24-ին Ստեֆան Բատորի թագավորի հրամանով Քեֆեյում (Թեոդոսիա) ծնված հայազգի Մուրադ Յակուբովիչին քսան տարով տրվեց «Լեհալիտվական միացյալ թագավորությունում (լեհերեն՝ rzecz pospolita) գորգեր պատրաստելու ու վաճառելու միապատկան իրավունք»: 1601-ի գարնանը Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ 3-րդ Վազան (Վասա) հրամայեց հայ վաճառական Սեֆեր Մուրադովիչին իր համար Պարսկաստանից ներմուծել գորգեր: Շահ Աբասի արքունիքի հայ գորգագործները հաշվի առան լեհ ազնվականության նախասիրություններն ու հոյակապ համադրեցին բարոկկո ոճն արևելյան գունագեղության հետ: Այդպես առաջացան աշխարհահռչակ ոսկեհյուս «պոլոնեզները»…

Հոյակապ գորգերը գործում էին նաև Ավստրիայում: Ալպիական բնապատկերը հարազատ թվաց «հազար ու մի եկեղեցու» քաղաք Անիից գաղթածներին: Հայ գորգագործներին ընդունեցին Իսպանիան, այնուհետև՝ Ֆրանսիան: Մեծագույն հայագետ Աճառյանը չի բացառում, որ մի շարք եվրոպական լեզուներում «գորգ» բառի համարժեքները (carpet — англ., carpette — фр., krpeta — серб.) առաջացել են հայկական «կարպետ» բառից, որը, ի դեպ, կա 5-րդ դարում թարգմանված Աստվածաշնչում:

Հանս Հոլբայն կրտսեր «Գեորգ Գիզե վաճառականի դիմանկարը», 1532 թ., Բեռլինի պետական թանգարաններ
Հանս Հոլբայն կրտսեր «Գեորգ Գիզե վաճառականի դիմանկարը», 1532 թ., Բեռլինի պետական թանգարաններ

Միջնադարյան Եվրոպայում չկար գորգերի պակաս. մի կողմից հայ վաճառականներն էին, որոնք օժտված էին միջազգային շուկայում գորգերի առևտրի մենաշնորհային իրավունքով, մյուս կողմից էլ՝ խաչակրաց արշավանքները: Արևելքից վերադարձող խաչակիր ասպետները բերում էին գորգեր, որոնք անփոխարինելի էին վատ ջեռուցվող միջնադարյան ամրոցներում. տաք բրդե գորգերը փրկում էին ցրտից:

Հայկական գորգը միջնադարյան կահավորանքի նորաձև զարդն էր ու հաղորդում էր վառ գունային շեշտ անդեմ «եվրովերանորոգմանը»: Այն պատկերել են միջնադարյան Եվրոպայի տարբեր անվանի նկարիչներ: Իտալացիներ Ջոտոն, Մանտենյան, Պինտուրիկիոն, Բելինին, Յակոպո Բասանոն, Կարավաջոն, ֆլամանդացիներ Ռուբենսն ու Վան Դեյքը, հոլանդացիներ Ռեմբրանդտը, Վերմերը, Թերբորխը, Յան վան Էյքը, ինչպես նաև Հոգարդը, Դելակրուան և այլոք հավերժացրել են իրենց գործերում հայկական անգին գորգերը:

Գորգ, կարպետ, խալի
9-րդ դարի արաբ աշխարհագիր Աբու Ավնի կարծիքով հայերենում, արաբերենում ու թուրքերենում «գորգ» իմաստն ունեցող «խալի» բառն առաջացել է Կարին քաղաքի (ներկայիս Արևմտյան Հայաստանի Էրզրում) անունից, որին արաբերեն ասում էին Կալիկալա՝ «խալիների քաղաք»: Ի դեպ՝ միջնադարյան հայկական բանաստեղծությունների մեջ «խալու» համար կա ևս մեկ հոմանիշ՝ «բազմական», այսինքն՝ բազմելու համար նախատեսված:
Հայկական բուրդը՝ գեղմը, ասրը (սպիտակ ոչխարի գզած բուրդը), ասրափայլը (փայլ հաղորդելու համար կաթի շիճուկի մեջ պահված ասրը), փրփրանման ասրակերպը, գզածը, փայլուն կազը, չուռը՝ անգորայի այծի բրդի բարակ խավը, դֆտիկը՝ այծի փափուկ մազը, ունեին մեծ արժեք միջազգային շուկայում: 13-րդ դարի արաբ աշխարհագիր աս Սաալիբին համարում է, որ հայկական գորգերը երկրորդն են եգիպտականներից հետո (պարսկականները երրորդ պատվավոր տեղում են):

«Ереван» ամսագիր, N6, 2006

Այս թեմայով