27 Օգոստոս 2014, 02:31
3263 |

Ի՞նչ է լինում, երբ հավաքվում են ստեղծագործողները

Երիտասարդ արվեստագետները Ծաղկաձորի գրողների միության տունը լցրեցին ժամանակակից արվեստի շնչով:

Հետաքրքիր է պատկերացնել` ինչ է լինում, երբ մի տեղում հավաքվում են իրենց նորարար գաղափարներով առանձնացող արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող ստեղծագործողները: 4 օր շարունակ հետևեցինք նման հավաքի: Երիտասարդ գրողներին, երաժիշտներին, նկարիչներին ու թարգմանիչներին մի տեղում էր հավաքել «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն՝ Սպորտի ու երիտասարդության նախարարության հետ կազմակերպելով Արվեստի ամառային ակադեմիա: Ծաղկաձորի գրողների միության տունը արդեն 2-րդ անգամ 4 օր լցվեց ժամանակակից արվեստի շնչով: Բացի վարպետության դասերից, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ  մասնակիցները հնարավորություն ստացան ներկա գտնվել երաժշտական լսումների, քննարկումների, բացի այդ՝  ընթերցումներ ու փերֆորմանս կազմակերպվեց:

Ակադեմեմիայի մասնակիցների հագեցած օրը սկսվում էր վարպետության դասերով, որոնք վարում էին Արամ Պաչյանը (գրականություն) Արթուր Ավանեսովը, Արամ Հովհաննիսյանը (կոմպոզիցիա), Կարեն Բարսեղյանը, Հրաչ Վարդանյանը (կերպարվեստ), Զավեն Բոյաջյանը և Անահիտ Ավետիսյանը (թարգմանություն):

Վարպետության դասերին ամեն օր հաջորդում էր դասախոսություն, որը յուրաքանչյուր օր վարում էր դասախոսներից մեկը, այնուհետև մասնակիցները դարձյալ առանձին սեկցիաններում մասնակցում էին իրենց դասերին և երեկոյան հավաքվում տեսնելու և ունկնդրելու իրենց ընկերների ստեղծագործությունները։  Քննարկումը տևում էր մինչև կեսգշեր կամ ավելի ուշ:

Ակադեմիայի 2-ր օրվա երեկոն նշանավորվեց հետաքրքրիր իրադարձությամբ: Մասնակիցները դասախոսների օգնությամբ կազմակերպեցին փերֆորմանս: Այն սկսեց գրող Արամ Պաչյանը իր նոր` դեռ չհրատարակված վեպից հատվածներ ընթերցելով, այնուհետև նրան միացան երաժշտները, թարգմանիչները և նկարիչները, ովքեր նկարում էին ջրի վրա:  Ի դեպ, ակադեմիայի 4 օրերի ընթացքում նկարիչները հենց այդ մեթոդով էին ստեղծագործում, և իրենց հետ ոչ թե կտավ ու յուղաներկ էին բերել, այլ ջուր ու ջրաներկ: 

Ակադեմիայի աշխատանքով հետաքրքրվածները այդ օրերի ընթացքում ստեղծված նկարները, ինչպես նաև երաժշտական ու գրական ստեղծագործությունները տեսնելու և ունկնդրելու հնարավորություն կունենան օգոստոսի 29-ին, երեկոյան 19:30-ին՝ Նարեկացի արվեստի միությունում  համերգ-ցուցահանդեսի ժամանակ, որի մուտքը, ի դեպ, ազատ է։

Այս թեմայով