26 Օգոստոս 2014, 12:04
1542 |

Խամրած «արևի քաղաք» Երևանը

Երևանի ներկա խնդիրների, դեգրադացված վիճակի ու դրա պատասխանատուների, երևանցիների ու երևանաբնակների մասին է պատմում երաժիշտ Վահան Արծրունին: Քաղաքն, ըստ նրա, միայն աշխարհագրական տարածք չէ, այլ մշակութային տիրույթ, որի գործառույթը քաղաքացիական գիտակցություն ձևավորելն է:

Ինչո՞վ է առանձնահատուկ Երևանը, ինչպիսի՞ն է Երևանի «դեմքը»:
- Երևանը հասկանալու համար նախ պետք է ընկալել Երևանի ստեղծման գաղափարը, իմանալ «արևի քաղաքի» հսկայական պատմությունն ու կարողանալ սթափ նայել մեզ հասած ներկային: Թամանյանն ընտրեց քաղաքային կառուցվածքի առավել արխայիկ տեսակը՝ ստեղծելով իրապես կատարյալ միջավայր: Ֆունկցիոնալ առումով Երևանի նպատակը հայի, քաղաքացու այն տեսակը կերտելն էր, ինչը մենք կես հազարամյակից ավելի չէինք ունեցել՝ պետականակենտրոն ու պետություն ունեցող հայի: Ըստ այս գաղափարը՝  նման քաղաքացին, ծնվելով ու ապրելով քաղաքային միջավայրում, ի վերջո պիտի երկիրը շենացնի ու, մեծ հաշվով, երկիր դարձնի: Քաղաքացի ստեղծող ու դաստիարակող գործառույթը ես  համարում եմ Երևանի ամենից կարևոր առանձնահատկությունը:

Իսկ ինչպիսի՞ դիմագիծ ունի երևանցին: Արդյոք կա՞երևանցու գիտակցված ինքնություն: Ի՞նչ գործոնների ազդեցությամբ ձևափոխվեցերևանցու՝ սեփական քաղաքի տիրոջ ինքնությունը:
- Երևանցին մտավորականների այն խումբն էր, ովքեր մտան ամայի տարածք, ու դատարկ տեղը ստեղծեցին քաղաք ու քաղաքային մշակույթ: Ու երբ համեմատում ես իրենց մարդկային տեսակը, անատոմիան ու խառնվածքը քաղաքի այսօրվա տերերի ու բնակիչների հետ, ակհնայտ է տարբերությունը: Ներկա իրականությունը ձևավորել է քաղաքացու խայտառակ տեսակը՝ դեգրադացված ու ձևախեղված: Չնայած դա նույնիսկ քաղաքացի էլ չի, պարզապես քաղաքաբնակ է: Դա այն տգետ ու անկիրթ տեսակն է, որով ողողված է Երևանը: Մենք արդեն նույնիսկ բիոլոգիական տարբեր տեսակների մասին ենք խոսում: Էստեղից էլ սկսվում են «կարճ միացումները»:

Ի՞նչն է պատճառը, որ այլևս զգալի չէ քաղաք-քաղաքացի միասնությունը:
- Պատճառը շատ պարզ է՝ տգիտությունը: Մի խումբ տգետներ ժամ առ ժամ խեղաթյուրում են Երևանը՝ ծանոթ չլինելով մեր քաղաքի պատմության ու սկզբնական իդեայի մեկ հարյուրերորդ մասին՝ չապահովելով բնական այդ գործընթացի իրականացումը: Անգրագետ մարդիկ, ովքեր շարունակում են այն գործը, ինչի հանդեպ պետք է դրսևորել վերին աստիճանի պատասխանատվություն, իրենցից անկախ այսօր հայտնվել են պատասխանատու օղակներում: Ես շատ բան չեմ էլ սպասում ու պահանջում այդ մարդկանցից: Ինչ ակնկալես մարդկանցից, ովքեր իրենց թե՛ մտային պաշարով, թե՛ դաստիարակությամբ ու կրթական աստիճանով նույնիսկ մոտ չեն կանգնած քաղաքի իրական պատասխանատուիի գոնե ամենացածր նիշին:

Խոսելով Երևանի ոչ վարդագույն ու լուսավոր իրականության մասին՝ ու՞մ եք պատասխանատու համարում ներկա վիճակում:
- Երևանի կյանքում հիմա դեգրադացիոն շրջան է: Երևանի պատասխանատուներն այնպիսի մարդիկ են, ովքեր ոչ մի ընդհանուր բան չունեն քաղաքի հետ: Պարադոքսալ է, բայց իրենք այսօր վայելում են թե՛ Երևանը, թե՛ երևանյան իրականությունը:  Իսկ իրականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր մեկը, ով ունի լծակներ, կարող է ամեն ինչ անել՝ շենքերի բակում կառուցել հսկայական բարձրահարկ, տեղադրել Միկոյանի արձան՝ խեղելով Երևանի առանց այդ էլ խեղված լանդշաֆտը:

Մենք այսօր ունենք ավագանու ինստիտուտը, ու ինձ մոտ տպավորություն է, որ այդ կառույցը ստեղծված է միմիայն անհեթեթ, ոչ առաջնային հարցերին հավանություն տալու ու կողմ քվեարկելու համար: Պատասխանատու օղակներ զբաղեցրածներն այսօր իրենց մեծ ու ամենակարող են զգում, բայց իրականում ծիծաղելի են՝ ախր իրենց կերածն էդ չալաղաջը չի՞, խմածը՝ էժանագին Նաիրին ու լսածն էլ ռաբիզը չի՞: Ես հատուկ անուններ չեմ նշում, որովհետև էստեղ ընդհանուր համակարգի խնդիրն է, բոլորն էլ նույն համակարգից են ու ցուցադրում են իրենց կյանքի որակը: Երևի պետք էլ չի քաղաքին վերաբերող կոնցեպտուալ լուրջ հարցեր բարձրացնել, իրենց նման ծանր գաղափարական հարցերով ծանրաբեռնել:

Իսկ արդյոք հասարակությունն իր վերաբերմունքով չի՞ կարող մասնակցել քաղաքի զարգացմանը ու կանխել, ինչպես Դուք նշեցիք, ներկայիս դեգրադացիոն պրոցեսը:

- Այսօրվա անառողջ միջավայրում երբևէ չի կարող առողջ  հասարակություն ձևավորվել: Դարձյալ ուզում եմ կարևորել բնակավայրի ու մարդու փոխկապվածության հարցը: Քաղաքային միջավայրը քաղաքացի կերտելու շատ ավելի հնարավորություն է տալիս, քան գյուղական իրականությունը: Բայց այսօրվա Երևանը, չունենալով զարգացման ուղենիշ ու կտրված լինելով իր սկզբնական տրամաբանությունից, չի ապահովում երևանցի ու հասարակություն կերտելու իր ֆունցիան: Արդյունքում, նույնիսկ մարդ չկա, ում հետ գոնե մտահոգություններդ կիսես, լուծումներ փնտրես, քանի որ չես ուզում տեսնել Երևանի կիսաքանդված ու կիսաախոռային ներկան:

Ի՞նչն եք սիրում Երևանում: Որո՞նք են այն սիմվոլները, որոնք Ձեր պատկերացմամբ կարելի է Երևանի խորհրդանիշներ համարել:
- Սիրում եմ Երևանին մայրաքաղաքային որակ հաղորդող տարրերը. առաջին հերթին Երևանի քաղաքային ճարտարապետությունը, ճարտարապետական այն բոլոր կառույցները, որ մինչ օրս կանգուն են: Խոսքը ժամանակակից անդեմ ճարտարապետության մասին չէ: Սիրում եմ նաև երևանյան կրթական ու մշակութային օջախները՝ թատրոնները, համերգային դահլիճներն ու համալսարանական համալիրները:  Դրական եմ վերաբերվում երևանյան ակումբներին ու փաբերին: Նման տեղերում մարդկային նոր միջավայր է ձևավորվում, որը քաղքենի ու ռաբիզ չէ, ինչպես քաղաքի շատ ռեստորաններում:

Ինչպիսի՞ն է երևանյան մշակույթը, զարգացման ի՞նչ փուլում է գտնվում:
- Առաջին հերթին քաղաքը մշակութային տարածք է, որը թելադրում է մշակութային որակ ու նորմ, որին դու՝ որպես քաղաքացի, պիտի ենթարկվես: Երբ նախորդ դարի 20-ականներին Թամանյանը հանձն առավ գավառական այս բնակատեղին դարձնել քաղաք, հիմքում հենց մշակութային տեսլականն էր: Դեռ այդ ժամանակվանից նախանշված էր, որ Երևանը մշակութային քաղաք պիտի լինի:

Տարիների ընթացքում փոխվեցին մշակույթի վերաբերյալ մեր պատկերացումը: Փոփ երաժշտությունն ու «ՏԵՑ-ի կռուգից» դուրս տեղ ապրելու իրավունք չունեցող  ռաբիզային ենթամշակույթները պետական գերակայություն ստացան: Արդյունքում, բոլոր լծակները, որոնք պիտի աշխատեին ի նպաստ քաղաքային մշակույթի ու ազգային արվեստի, ծառայեցվեցին ընդհանուր որակազրկման: Եթե չունենայինք մշակութային այն ռեսուրսը, որը տարիներ շարունակ կերտվում էր հենց Երևանում, գուցե և այսօրվա աղբը մերը համարեինք:

Այս թեմայով