07 Սեպտեմբեր 2014, 10:51
1933 |

«Քաղաքը»

Արձակագիր, պատմվածքները հրատարակվել են գրական մամուլում («Գրանիշ», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Գրողուցավ» կայքը և այլն) և անթոլոգիաներում(մասնավորապես՝ «18-33. արդի հայ արձակ» ժողովածուում), 2007 թվականին «Կատյա» պատմվածքի և «Վերադարձ» վիպակի համար արժանացել է Նախագահի մրցանակի:

Իջնենք քաղաք
Երևանը միայն Կենտրոնը չի, այնինչ մեր պատկերացմամբ քաղաքը սկսվում և ավարտվում է Կենտրոնով: Պատահական չի, որ ննջարանային թաղամասերի բնակիչները կենտրոն գնալը անվանում են «իջնենք քաղաք»: «Իջնենք քաղաք համերգի, իջնենք քաղաք միտինգի, իջնենք քաղաք զբոսնենք, իջնենք քաղաք…»:Երևանը ընդարձակվել է և շարունակում է ընդարձակվել, այնինչ «քաղաքի» սահմանները անփոփոխ են մնում, իսկ եթե փոխվում էլ են, ապա ավելի են նեղանում: «Քաղաքը» իր մեջ չի ներառում Երևանի այլ թաղամասերը: Նրա ինքնամփոփ և ինքնահավան գոյությունը դանդաղորեն ավիրում է ինքն իրեն, որովհետև Կետրոնի սահմանափակ տարածքը չի կարող բավարարել քաղաքի հավակնությունները: Եթե նոր թատրոնի շենք պիտի կառուցվի, ապա պարտադիր Երևանի կենտրոնում, մյուս թատրոնների հարևանությամբ, եթե նոր սրճարան կամ փաբ, ապա հաջողություն ունենալու համար այն դարձյալ պետք է կենտրոնում լինի, ցանկալի է օպերայի մերձակայքում, եթե էլիտար, բնակելի նորակառույց' էլի Կենտրոնում:«Քաղաքը» անխղճորեն կլանում է մարդկային ու ֆինանսական ռեսուրսների առյուծի բաժինը, անկշտորեն խժռում է մշակութային արտադրանքը, գնալով ավելի ու ավելի է մեկուսանում և «քաղաքի» ու մնացած Երևանի միջև գոյություն ունեցող անդունդը խորանում է: «Քաղաքը» զարգանում է Երևանի հաշվին: «Քաղաքը» իր մաշկի վրա է զգացել անուղեղ և անհոգի կապիտալի և տգետ պաշտոնյաների ավերիչ բնույթը: «Քաղաքում» պատմամշակութային հուշարձաններ են ավիրվել, անճաշակ կառույցներ են վեր բարձրացել և բոլորը այն պատճառով, որ «քաղաքը» համառորենչի ընդարձակվում: «Քաղաքային օջախներ» այնուամենայնիվ առանձին անհատներ, խմբեր և կազմակերպություններ ստեղծագործ աշխատանքի շնորհիվ ստեղծում են: Լավ օրինակ է Բանգլադեշում գտնվող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Բայց դրանք քաղաքային օազիսներ են, որոնք իշխանության և «քաղաքի» բարի կամքի ու իրականացվող քաղաքականության շնորհիվ չեն ստեղծվել:«Քաղաքի» ու Երևանի մյուս թաղամասերի միջև առաջացած անջրպետը այնքան ակնհայտ է, որ հարց է առաջանում՝ ո՞րն է Երևանը' Կենտրոնի այդ հատվածը, թե՞ ննջարանային թաղամասերը: Կարող ենք ասել՝ երկուսն էլ, բայց եթե ընտրելու լինեմ, ապա իսկական Երևանը ինձ համար «քաղաքը» չի, այլ ննջարանային թաղամասերը' Բանգլադեշի նույնատիպ, պանելային բարձրահարկները, Ավանի ու Շենգավիթի սեփական տներով դարուփոս փողոցները, որտեղ տեղանքին անծանոթ մարդը արագորեն կարող է փակուղու առջև հայտնվել:

Ներքին Շենգավիթ
Արդեն հինգ տարի է, ինչ ապրում եմ Կենտրոնում և «քաղաք իջնելու» համար քաղաքային տրանսպորտից օգտվելու կարիք չունեմ: Բավական է, որ շենքի մուտքից դուրս գամ և արդեն «քաղաքում» կհայտնվեմ, այնինչ մի ժամանակ ինձ համար Երևանը սկսվում և ավարտվում էր Ներքին Շենգավիթի սեփական տներով, որտեղ կյանքը ուրիշ ռիթմով է առաջ շարժվում: Անկախությունից հետո շատ բան չի փոխվել Շենգավիթ բանվորագողական թաղամասում, եթե հաշվի չառնենք այն, որ գործարանների հարկադիր պարապուրդի հետ բանվորների թիվը զգալիորեն նվազել է, իսկ «գողական գնացողների» թիվը աճել: Այս տարիների ընթացքում ընտրություններից առաջ մի քանի մասնակի ասֆալտապատում է իրականացվել և զոհված ազատամարտիկների ու անժամանակ կյանքիցհեռացած «գողականների» հիշատակը հավերժացնող երկու-երեք ցայտաղբյուր տեղադրվել:Ձմռան ամիսներին միայն փողոցում սահնակ քշող կամ ձնագնդիկ խաղացող երեխաների ուրախ ձայներն են կենդանություն տալիս այդ թաղամասին, իսկ տաք, արևային եղանակներին տղամարդիկ, ինքնաշեն սեղանի ու նստարանների մոտ խմբվելով, բլոտ ու նարդի են խաղում, կանայք սեփական տների առջև տեղադրված նստարաններին նստելով՝ զրուցում ինչ-որ: Միօրինակ այս առօրյայի մեջ հետաքրքրություն են մտցնում միայն հարբած տղամարդկանց ծեծկռտուքները և հազվադեպ պատահող սեքսուալ սկանդալները, որոնք առատ բամբասանքի նյութ են տալիս հավասարապես և՛ տղամարդկանց, և՛ կանանց:

«Ցեռոզնոց»
Եթե «քաղաքը» ունի իր «Պապլավոկն» ու «Կազիրյոկը», «Ջազվեն» ու «Կետիկնոցը», ապա Շենգավիթը ունի իր «Ցեռոզնոցը». դա մի անհրապույր բուդկա է, որտեղ մատուցվում է վատորակ սպիրտից պատրաստված օղի' 50 գրամը 100 դրամով: «Ցեռոզնոցի» հաճախորդների մեծ մասը մի քանի տարի հետո հիվանդանում և կնքում է իր մահկանացուն՝ հիմնականում լյարդի ցեռիոզից, և այդ պատճառով է, որ անանուն օբյեկտի հաճախորդները դրա անունը «Ցեռոզնոց» են դրել: Անունը կպել է օբյեկտին, տարածվել է և դարձել օբյեկտի ոչ պաշտոնական անվանումը, այնպես որ օբյեկտը աշխատացնող կինը նույնիսկ ցանկացել է «Ցեռոզնոց» գրությամբ ցուցանակ փակցնել «բուդկի» դռան վերևում, բայց հետո փոշմանել է, որովհետև վախեցել է գրավել հարկայինի ուշադրությունը: Առովոտ կանուխ, լույսը բացվելու հետ «Ցեռոզնոցի» մոտ արդեն կարելի է տեսնել խումհարից դուրս գալու համար հավաքված տղամարդկանց, որոնք սպասում են օբյեկտը աշխատացնող կնոջ ժամանելուն՝ հույս փայփայելով, թե չի մերժի, ապառիկով օղի կտա:

«Բենզին անողները»
Ներքին Շենգավիթի որոշ տներ վեր են ածվել քիմիական լաբորատորիաների: Եթե ինչ-որ տան բաց պատուհանից բենզինի ուժեղ հոտ առնեք, ապա իմացեք, որ այդպիսի մի սիրողական լաբորատորիայի մոտ եք գտնվում: Այդ լաբորատորիաներում բենզինով և դեղատներում ազատորեն վաճառվող ցավազրկողներով, թե քնաբերներով ներերակային օգտագործման թմրադեղեր են պատրաստում: Լաբորատորիաները շարժական են և հաճախ տնից տուն են տեղափոխվում: Թմրանյութի էդ տեսակը օգտագործողներին «բենզին անող» են ասում: Բենզին անողների մեծ մասը երկու-երեք տարուց ավել չի ձգում: Որը մեքենա վարելիս է վրաերթի ենթարկվում, որը թմրադեղի մեծ չափաբաժնից մահանում, որը արյան վարակ, փտախտ կամ ուրիշ հիվանդություն ստանում, որն էլ հաշմանդամ է դառնում: Բայց մահացածներին գալիս են փոխարինելու նոր մարդիկ. ինչպես հայտնի գովազդում էր ասվում' «եկող սերունդը կանգնել է հերթի»:

Հ.Գ.
Իհարկե, աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքների կենտրոնները առանձնանում են իրենց աշխուժությամբ: Այնտեղ են կենտրոնցած լինում մշակութային հաստատությունների, զվարճանքի վայրերի զգալի մասը, սակայն երբ դա անցնում է որոշակի սահմանը, խզում է առաջանում կենտրոնի և մյուս թաղամասերի միջև: Քաղաքը դադարում է գործել որպես մեկ միասնական օրգանիզմ, և ծայրամասերում հաստատված գորշ միջավայրը մարդկային ճակատագրեր է խեղում:

 

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N7-8, 2013

Այս թեմայով