23 Հունվար 2014, 16:33
2595 |

Երևանն իմ կյանքն է, որին չեմ դիմանում

Բանաստեղծի ստեղծագործությունները և կատարած թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում («Գրանիշ», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Նարցիս» և այլն) և անթոլոգիաներում, ինչպես նաև առանձին գրքերով, որոնցից վերջինը՝ «Գրպանի բանաստեղծություններ», լույս է տեսել 2012 թվականին «Անտարես» հրատարակչությունում:

Երևանն իմ հիվանդությունն է, կյանքը, որին չեմ դիմանում: Հորս ու մորս երազանքն էր, որ այդպես էլ չառարկայացավ: Ծնվել-մեծացել եմ Արարատի Սուրենավան գյուղում, որն անտերուդուրս նախագահի թեկնածուներ է «թրծում» ու անտերուդուրս մարմաջ կա բոլորի մեջ' Երևան անունով: Սա լավի ու լավագույնի ձգտումն է, երբեմն անտրամաբանական, երբեմն ինքդ քեզ հաստատելու, կայացածությունդ ի ցույց դնելու ու ինքդ քեզ հաղթանակած լինելու հանգստությունն է: Մնացածը Երևանի կյանքն է, որը իմ հիվանդությունն է և որին չեմ դիմանում:

Ամենասկզբում Երևանն ինձ համար մայիսմեկյան շքերթն ու շատրվաններն էին: Հորս ձեռքը բռնած գալիս էինք ամեն շքերթի և այդ տոնախմբություններից հետո մի կտոր Երևան էի տանում ինձ հետ: Վարդագո՞ւյն. չէ՛. կարմիր-կարմիր փողփողէջ դրոշներով, որոնց վրա հատած գլուխներով առաջնորդներն էին:
Հետո Երևանը վերածվեց ուխտատեղիի: Ազատության հրապարակ: Հորեղբայրս մութուլուսին տանից դուրս էր գալիս ու ոտքով հասնում Ազատության հրապարակ: Սպասում էինք: Եվ նա իր հետ միասնական Հայաստան ու Արցախ էր բերում Երևանից:

Դժվար, ցուրտ ու մութ տարիներ էին: Ես' դպրոցական, եղբայրս' արդեն ուսանող: Երևանը եղբայրս էր բերում' սառած, կիսաքաղց ու տառապած' հուսահատության աստիճան: Բայց Երևանն այդ տարիներին ինձ համար գիրք էր: Մինչև հիմա էլ հաճախ եմ հիշում 1991-ի ծննդյանս տարեդարձին եղբորս նվիրած նկարազարդ ու այն տարիների համար չափազանց բարձրորակ, եռալեզու «Երևան» գիրքը: Վարդագույն Երևան ես միայն այդ գրքում եմ տեսել:
Եվ հետո էլի գրքեր' Քամյու, Կաֆկա, Ֆոլքներ, Ռեմբո, Պերս: Սպասում էի Երևանից եկող եղբորս, որպեսզի ինձ գրքեր բերի: Մեծերը կարդում ու քննարկում էին այս գրքերը և նրանց խոսակցությունից հասկանում էի, որ սրանք իրենց համար նոր հեղինակներ էին, որոնց նախկինում առիթ չի եղել ծանոթանալու: Երևանն ինձ համար մի մեծ գիրք էր դարձել, որի ընթերցումն իմ ամենամեծ բաղձանքն էր:

Հիշում եմ, երբ տեղափոխվել էի Երևան ուսանելու, հենց առաջին օրն այնքան գիրք գնեցի, որ այդ շաբաթ մի կերպ հասա Սուրենավան: Երևանն իմ կարիքների ու զրկանքների քաղաքն էր. ոչ մի կերպ չէի կարողանում ուսանողական կյանքս կազմակերպել: Գայթակղություններն ինձ համար բավական շատ էին, կամ ես էի շուտ տրվում գայթակղությունների: Երևի' երկրորդը: Դրան գումարվում էր նաև երկաթե վարագույրի խորտակումը և որոշ երևույթների նոր-նոր թափանցումները մեր կյանք: Երևանը կամաց-կամաց վերածվում էր բացօթյա մեծ շուկայի: Մշակույթի օջախները դանդաղորեն կորցնում էին իրենց շուքը նոր կառուցված բանկերի, սուպերմարկետների, կազինոների ու գիշերային ակումբների շողշողուն, ապակեպատ շինությունների կողքին: Քաղաքի բնակչությունը կորցրեց առաջին հարկը' դրանք դարձան գրասենյակներ, ֆիրմային խանութներ, խորտկարաններ' քյաբաբ, շաուրմա, քյաբաբ, շաուրմա, քյաբաբ, շաուրմա և այսպես շարունակ: 1990-ականների սկզբի կիսաքաղցությունից քաղաքը վրեժ էր լուծում, ամենուր «հաց ուտելու տեղեր» էին:

Վարդագույն կոչված քաղաքը վերածվում էր ապակեպատ, բազմագույն ու տձև մի զանգվածի: Բնակելի ու հին շենքերը խամրում էին: Վարդագույն տուֆը գորշացել էր անձրևից ու արևահարությունից: Նրանց երբեմնի փայլն ու փառքը խամրել էր:

Հետո նվաճվեցին անգամ կանաչ զբոսայգիները. հատած ծառերի վրա սնկաձև կարմիր հովանոցներ էին բուսնում, որոնք պատսպարում էին բացօթյա սրճարանի հաճախորդներին: Ամեն սանտիմետրը դարձավ դրամ կորզելու վայր:

Այդպես էր, թե ինձ էր այդպես թվում, որ տեսնում էի բազմաթիվ երևանցիների, որոնք այլևս ծննդավայր չունեին: Օտար մի բան կար քաղաքում' վանող ու դժվար հարազատացող: Եվ կյանքի արագացող ռիթմն էր, որ թույլ չէր տալիս շատ բաներ նկատել: Խորհելու ժամանակ չէր մնում: Եվ այս ռիթմի մեջ երբեմն-երբեմն նորից դինջ նարդի խաղացողներ, պարապ ու անբովանդակ նորացող ու այլակերպված ջահել ռաբիսություն, արևելքից եվրոպական խաղաղություն ու անկաշկանդություն փնտրող թխամորթ զբոսաշրջիկներ, որոնք անպատիժ վայելքներ էին որոնում:

Էլ վաղուց այստեղ չի գործում «Մի օրի չենք, մի հալի ենք» կիսաարևելյան երբեմնի շատ գործածական ու առօրյա ասացվածքը: Երբեմն-երբեմն քաղաքի երթևեկությունը խանգարող սևաշքերթ հաստավիզների ավտոմեքենաների սլացքը սեպ է խրել մարդկանց մի ժամանակ եղած ու բաղձալի ընդհանրականության ու հարազատության մեջ: Եվ Երևանն այնքան տարբեր ու խայտաբղետ է յուրաքանչյուրի համար, որ ամեն պատասխան սոցիալական սանդղակ է մատնանշում:
Հիմա նորից Երևանում եմ: Այս անգամ զավակներիս հետ: Եվ չգիտեմ' ո՞րն է իմ Երևանը և ո՞րն է լինելու զավակներինս: Ես սիրում եմ իմ կարոտների, իմ սերերի, իմ հույսերի ու հիասթափությունների Երևանը: Ես սիրում եմ իմ ամեն վայրկյանը, որ ապրել եմ այս քաղաքում: Այն իմ կյանքի ամենակարևոր հանգրվանն է ու վերջնական մարտահրավերը' նետված կյանքին: Սա իմ քաղաքն է, որին հաճախ չեմ դիմանում, սակայն, երբ երեխաներիս աչքերով եմ նայում նրան, հավատում եմ, որ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, և զավակներս ապրելու են այն Երևանում, որն այսքան բամբասանք չի ունենա:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

Այս թեմայով