25 Հուլիս 2014, 15:33
1792 |

«Անշառ» ցուցահանդես

Կին, կանացիություն, իգական սկիզբ, թույլ սեռ՝ բոլոր այս հասկացություններն այսօր լուրջ վիճարկումների առարկա են դառնում, քննարկվում և բովանդակային ու իմաստային փոխակերպումների ենթարկվում: «ՀայԱրտ» արվեստի կենտրոնում բացված «Շառը դրախտում» ցուցահանդեսը նպատակ ունի վերհանելու այդ փոխակերպումները, գենդերային խտրականության խնդիրները, լուսանկարչական արվեստի միջոցով արտապատկերելու կնոջ, կանացիության ընկալման տարբերությունները մի քանի տասնամյակ առաջ և այսօր:

Ցուցահանդեսում ներկայացված են 6 երիտասարդ կին արվեստագետների՝ Աննա Դավթյանի, Անուշ Բաբաջանյանի, Օկեանի (Սվետլանա Անտոնյան), Վեհանուշ Թոփչյանի, Նվարդ Երկանյանի և Նազիկ Արմենակյանի լուսանկարչական աշխատանքները: Դրանց հետ մեկտեղ ցուցահանդեսում ընդգրկվել է «Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամի 2014-ին ձեռք բերած լուսանկարների հավաքածուն։ Այն ներկայացնում է 20-րդ դարի սալոնային լուսանկարչությունը, այդ թվում՝ կինոաստղերին պատկերող բացիկներ:

«Շառը դրախտում» ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանի խոսքով՝ նման շարադրման միջոցով փորձել են երկխոսություն ստեղծել կանացիության պատկերացումների մասին: Դրա հետ մեկտեղ հասկանալ՝ որքանով են այդ հետազոտությունները պիտանի ինքնության, ցանկության, գենդերի և այլ խնդիրների ժամանակակից հարցադրումներին, հատկապես՝ կին արվեստագետների համար: Գալով տարբեր մասնագիտական ուղղություններից` արվեստագետների երկխոսությունը հնարավոր է դառնում հենց լուսանկարչության տարածքում:

Արվեստագետներից յուրաքանչյուրը յուրովի է մոտեցել խնդրին: Մեկը կանացիության և լուսանկարչության գործողություններով ջնջում է սեքսուալ և հասարակական տարբերությունները, մյուսը՝ փորձում լուսանկարել իր երազները, երրորդը ստեղծագործում է ֆոտո-փերֆորմանսի միջոցով, չորրորդը դիտորդին կանգնեցնում կյանքի ու խաղի միջև ընտրության առաջ, հինգերորդը՝ բացահայտում մեր քաղաքում ապրող արտասովոր հագուկապով կանանց՝ դրանով իսկ փորձելով փաստել, որ եթե նրանք կարողանում են ապրել մեր հասարակության մեջ, ուրեմն հայ կանայք կարող են ավելին անել:

Բայց եթե այդ 5 հեղինակներն իրենց հուզող խնդիրները մատուցում են պիգմենտային լուսանկարներով արխիվային թղթի վրա, ապա Նվարդ Երկանյանի դեպքում գործ ունենք լուսանկար-ինստալյացիայի հետ: Կլոր սեղանին մերկ մարմնի դրվագներով տպված ափսեներ են, որոնք մնացած սպասքի հետ դժվարությամբ են միանգամից ասոցացվում ցուցահանդեսի ընդհանուր կոնցեպտի հետ: Նվարդը բացատրում է. «Տեղադրելով պատկերը հախճապակու պես փխրուն նյութի վրա՝ ցանկանում եմ խաղարկել ուժազրկման և խոցելիության գաղափարները: Մյուս կողմից այս «ընթրիքի» սեղանը նաև բնորոշում է կնոջ դերի անհրաժեշտությունը և հզորությունը հասարակության մեջ»:

«Շառը դրախտում» ցույց է տալիս կանացիության նկատմամբ ժամանակակից մոտեցումներն ու դրա դրսևորումները մեր միջավայրում: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հուլիսի 31-ը, իսկ եթե ավելի հանգամանալից բացատրության կամ մեկնաբանության կարիք ունեք, ապա հուլիսի 26-ին նույն «ՀայԱրտ» արվեստի կենտրոնում բոլոր հարցերի պատասխանները կստանաք Վիգեն Գալստյանից, որը կխոսի ցուցահանդեսի և ընդգրկված աշխատանքների ու արվեստագետների մասին:

Այս թեմայով