25 Հուլիս 2014, 13:53
5244 |

Գրքի գողերը

Ցրել, թռցնել, գողանալ. երբ խոսքը գրքի մասին է, հանցանքին կարելի է ներողամիտ վերաբերվել. ասում են, չէ՝ «Գրքի գողն ու ցոգոլի գողը գող չեն»։ Նրանք սիրում են կարդալ։ Ու այդ պատճառով նրանց ներում են։

Արփինե Գրիգորյան
Թռցրածս առաջին գիրքը մանկական բանաստեղծությունների ժողովածու էր։ Դպրոցական տարիներին գրադարանից էի վերցրել, ժամանակին չէի հանձնել ու վախենում էի, որ ուշացումով վերադարձնելու դեպքում կբարկանան ինձ վրա։ Հետո ուսանողական տարիներին միանգամից երեք գիրք թռցրի։ Մեր լսարանի պահարանում միևնույն գրքից մի քանի օրինակ կար։ Ենթադրեցի, որ ոչ ոք չի տուժի, եթե մեկը սեփականաշնորհեմ։ Երրորդ ու դեռևս վերջին «գողությունն» ամենառիսկայինն էր։ Հեռուստատեսային ռեպորտաժ էի պատրաստում․ օպերատորի հետ գնացել էինք Երևանի բուհերից մեկի դեկանի հետ հարցազրույց նկարահանելու։ Սպասում էինք նրան ու դեկանատում ուսումնասիրում պահարանում կողք-կողքի շարված գրքերը։ Աչքովս ընկան ֆրանսերեն գրքեր, վաղուց այդ լեզվով որևէ բան չէի կարդացել, որոշեցի մի քանիսը վերցնել, տանը կարդալ ու վերհիշել լեզուն։ Օպերատորս գաղտնապահ էր, սենյակում երկուսիցս բացի ուրիշ ոչ ոք չկար։ Դարակից երեք ֆրանսերեն գիրք թռցնելուց հետո ախորժակս բացվեց, ու ևս երկու գիրք թռցրի ռուսալեզու գրականության բաժնից։ Համոզված եմ, դեկանատում նույնիսկ չեն էլ նկատել, որ գիրք է կորչել։

Բայանդուր Պողոսյան
Դպրոցական գրադարանից տարիների ընթացքում շատ գրքեր էի տուն տարել, ավարտելուց հետո դրանց մի մասը դպրոց այլևս չվերադարձավ։ Հետագա տարիներին բարի ավանդույթը շարունակվեց։ Ինչպես ես եմ որոշ գրքեր անվերադարձ վերցնում, նույն կերպ էլ բաժանում եմ իմ ունեցածները․ինձ դուր է գալիս, որ իմ գրքերը թափառում են։

Ցրածս բոլոր գրքերի մեջ կա մեկը, որն ամենից շատ եմ արժեվորում։ Առաջին էջին արված բազմաթիվ նշումներից դատելով՝ ինձնից առաջ այն շատ տերեր է ունեցել․ սկզբում ամերիկյան դպրոցի սեփականություն է եղել, հետո ինչ-որ կերպ հայտնվել Խնկո- Ապոր գրադարանում, որտեղից շարունակել է թափառել։ Մի գեղեցիկ օր հայտնվել է ծանոթներիցս մեկի մոտ, ումից էլ հետագայում ես եմ ցրել։ Երբևէ ինձ հանդիպած հոգեբանության լավագույն ներածական աշխատանքներից է, բազմիցս ընթերցել եմ, ու մինչև հիմա էլ լավագույն տեղեկատուն է ինձ համար։

Լենա Բադալյան
Դպրոցական տարիներին Արմավիրի հանրային գրադարանի մանկական բաժնի ամենահավատարիմ ընթերցողներից էի։ Ինձ թույլատրում էին ինքնուրույն մոտենալ գրահարաններին ու ընտրել անհրաժեշտ գիրքը։ Մի օր հերթը հասավ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետին»։ Երբ տեսա գիրքը, հասկացա, որ մեր տան հարուստ գրադարանի պատմավերպերի շարքը նրանով համալրել է պետք․երկու օրինակ վերցրի, մեկը տեղավորեցի պայուսակիս մեջ, մյուսը տարա գրանցելու։ Երկրորդ ցրածս գիրքը Կաֆկայի «Դատավարությունն» էր՝ այս անգամ արդեն Արմավիրի գրադարանի մեծերի բաժնից։

Մասնագիտական գրքեր սկսեցի ցրել մեր բուհի գրադարանից։ Մինչ օրս էլ դրանք ինձ հաճախ են պետք գալիս։ Հենց հիմա այդ շարքից մի գիրք եմ կարդում՝ հեռուստատեսային բրենդինգի մասին։ Մասնագիտական անձնական գրադարանս հարստացնելու լավ ժամանակներ էին Վրաստանում սովորելու ամիսները։ Գրադարանը զբաղեցնում էր լսարանի պատերից մեկը։ Այնտեղից կարելի էր գիրք վերցնել, գրանցել, հետո վերադարձնել։ Վերահսկողությունը տեսախցիկի հույսին էր։ Բայց դե, մարդու մտքին տեղ լինի։ Կես տարվա ընթացքում մի մեծ տոպրակ օտարալեզու հրաշալի գրքեր թռցրի ու հետս բերեցի Հայաստան։

Մարինե Քոչարյան
2013-ի ցուրտ դեկտեմբերին երևանյան սրճարաններից մեկում ընկերներով տաքանում էինք։ Ուշադրությունս մի գիրք գրավեց, մոտեցա, վերցրի, սկսեցի թերթել։ Այնքա՜ն թարմ էր, անգամ տպագրությունն էր 2014 թվականի, թեև տարին դեռ չէր փոխվել։ Բենքսիի հավաքածուն էր՝ անգլերեն բանաստեղծություններով։ «Չբռնե՞մ, վերցնե՞մ»,- հարցրի ընկերոջս։ «Ինչու՞ ոչ»,-պատասխանեց։ Բայց չկարողացա վերցնել, մտածեցի՝ ինչու՞ գողանամ, հետո կգնեմ։ Պահն անցավ, գայթակղությունը զսպվեց։ Մի քանի ժամ սրճարանում անցկացրեցինք։ Հեռանալիս գնացի, որ վերարկուս հագնեմ։ Ու նորից այդ գիրքը․․․ Ինքնաբերաբար վերցրեցի ու դրեցի պայուսակիս մեջ։ Այնքան բնական ստացվեց, կարծես իմ իրերից էր։ Դուրս եկանք, երկար քայլեցինք ձյունապատ քաղաքում։ Երբ ընկերոջս հետ խմբից մի փոքր հետ էինք մնացել, ասացի․ «Ուզում եմ քեզ մի բան ցույց տալ»։ Բացեցի պայուսակս ու հանեցի գիրքը։ Ընկերս՝ «Աաաաա՜, շնորհավորում եմ»։ Թեև մի թեթև կարմրել էի ու ամաչում էի, բայց մեկ այլ զգացողություն էլ կար՝ ռիսկ, ադրենալին․․․

Ասատուր Խուրշուդյան
Համալսարանիս դասախոսներից մեկի հետ լաբորատորիայում ինչ-որ բան էինք քննարկում։ Մի պահ նրան կանչեցին, դուրս եկավ, ու ես սենյակում մնացի մենակ։ Սկսեցի այս ու այն կողմ քայլել, գրապահարանների գրքերն ուսումնասիրել։ Աչքովս ընկավ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»։ 1913-ի Թիֆլիսի տպագրություն էր՝ գրաբարով։ Տանն աշխարհաբարով ունեի այդ գիրքը, բայց գրաբարով երբեք չէի հանդիպել։ Որոշեցի, որ մեր տանն ավելի արժանի տեղ կգտնի, քան այդ փոշոտ դարակներում։ Վերցրի ու դուրս եկա։

Մի քանի տարի անց պատմությունը կրկնվեց։ Նույն լաբորատորիայում մասնագիտական մի գիրք էի նկատել, որի առաջին ու երկրորդ հատորները վաղուց գնել էի, իսկ երրորդը չունեի, շատ քիչ տպաքանակով էր լույս տեսել։ Հանկարծ գիրքը տեսա լաբորատորիայի դարակում։ Գրեթե նույն իրավիճակն էր․ դասախոսս սենյակում չէր, ու թեև այս անգամ մենակ չէի, բայց հստակ որոշել էի, որ թռցնելու եմ։ Վերցրի, բարձրացա լսարան, սկսեցի կարդալ ու ... տարա տուն։ Մինչև հիմա էլ հաճախ եմ օգտվում այդ գրքից։

Օվսաննա Սիմոնյան
Ընդունելության քննությունների համար հայոց լեզու և գրականություն էի պարապում։ Նաև բանաստեղծություններ էի գրում։ Մի օր դասախոսս մի գիրք տվեց՝ Մետաքսեի «Զգույշ, սիրտ է»։ Նրա ու իմ բանաստեղծությունների միջև նմանություն էր նկատել, պատվիրեց, որ կարդամ ու հետ վերադարձնեմ։ Վերցրի, կարդացի, կապվեցի այդ գրքի հետ ու էլ չվերադարձրի։

Մի անգամ էլ սրճարանում ձեռքս մեկնեցի ու վերցրի առաջին պատահած գիրքը՝ ժամանակս լցնելու համար։ Սցենարների ժողովածու էր, բացեցի, թերթեցի, հետո սկսեցի կարդալ։ Մի պահ հասկացա, որ բաժակս վաղուց դատարկվել էր, իսկ ես ուզում էի մինչև վերջ կարդալ այդ գիրքը։ Փակեցի հաշիվը, գիրքն ինձնով արի ու դուրս եկա։ Սկզբում ինձ սփոփում էի, որ մի օրը կվերադարձնեմ, բայց գիրքն այդպես էլ ինձ մոտ մնաց։

Ստեփան Սմբատյան
Նոր էի ընդունվել համալսարան։ Գրքերի մեծ ցանկ տվեցին։ Գրադարանում գրքերից մեկը չկար, պետք էր ընթերցասրահում գտնել, տեղում կարդալ ու վերադարձնել։ Ես ու ընկերս՝ երկու անփորձ ուսանողներ, մի կերպ գտանք ընթերցասրահը, մոտեցանք գրապահարաններին, բայց ոչ ոք չկար։ Հեռվում՝ գրապահարաններից այն կողմ, մի քանի կանայք սեղանի շուրջ նստած ճաշում էին։ Մոտեցանք, խնդրեցինք օգնել, նրանք խնդրեցին չխանգարել։ Ստիպված մտանք շարքերի մեջ ու կարծելով, որ մեզ անհրաժեշտ գիրքը գտել ենք, վերցրինք ու սուս ու փուս դուրս եկանք։ Մոտ կես տարի անց քննությանը պատրաստվելիս պարզեցի, որ դա ամենևին էլ իմ ուզած գիրքը չէր։ Իսկ համալսարանն ավարտելու ժամանակ հասկացա, որ չորս տարվա ընթացքում այն երբեք չբացեցի։ Տարա, նորից իր տեղում դրեցի ու անձայն դուրս եկա։

Գիրք ցրել ինձ չհաջողվեց, բայց ինձնից շատ են տարել անվերադարձ։ Գնածս առաջին գիրքը՝ ֆանտաստիկա, Ռայմոնդ Ֆեսթի հատորներից, վերցրեցին, որ կարդան, ու չվերադարձրեցին։ Այդ գիրքը շատ էի սիրում, առաջին հատորը կարդալուց հետո գնացի երկրորդը գնելու, բայց չկար։ Սկսեցի ինտերնետ ակումբներում րոպեն քսան դրամով իմ սիրած գիրքը կարդալ։ Հետո ծնողներս գրպանի համակարգիչ նվիրեցին։ Հետք Քնդլ գնեցի ու հիմա էլեկտրոնային գրքերից պոկ չեմ գալիս։ Պատահել է, որ ունեցածս գիրքը երկրորդ անգամ Քինդլով եմ կարդացել։

Այս թեմայով