09 Հուլիս 2014, 13:31
1409 |

Lounge-վենք (տեսահոլովակ)

Օրերս Lounge երաժշտության հեղինակ Արման ԱՄՊ-ը թողարկեց իր «Ծիծեռնակի թռիչք» (Swallow’s Flight) անունով ձայնասկավառակը: Մասնագիտությամբ միջազգայնագետ Արման ԱՄՊ-ը շուրջ 5 տարվա ստեղծագործական աշխատանքի միայն փոքր հատվածն է ընդգրկել ձայնասկավառակում, իսկ «Ամպեր» (Clouds) ստեղծագործության հիման վրա ընկերների օգնությամբ էկրանավորել տեսահոլովակ: Ինչու և ինչպես՝ պատմում է երաժիշտը:

Առաջին ձայնասկավառակն արդարացրե՞ց սպասելիքները:

- Երբեք չեմ սիրել հայտնվել ուշադրության կենտրոնում, ու շնորհանդեսից հետո համոզվեցի, որ չեմ էլ սիրի, դրա համար այդ օրը փոքր-ինչ կաշկանդված էի ու լարված: Ամբողջ ընթացքում մտածում էի հյուրերի մասին, ովքեր եկել էին իրենց պատկերացումներով, սպասելիքներով, նրանցից շատերին ես չէի ճանաչում, մի մասն իմ վաղեմի ընկերներն էին, բայց ինձ համար կարևոր էր, որ նրանց բոլորի սպասումները արդարանային: Չեմ հիշում, թե ինչ ապրումներ եմ ունեցել այդ օրը, որովհետև ամեն ինչ այնքան խառն էր, այնքան շոկային, որ անգամ շնորհանդեսից հետո ես այդպես էլ չհասկացա` այն իչ կատարվեց՝ լա՞վ էր, թե՞ վատ…

Քո ստեղծագործությունները soundcloud.com-իանձնական էջում բավական մեծ դիտումներ ունեն: Շնորհանդեսին առաջին անգամ հանդիպեցիր լսարանիդ հետ: Ինչպիսի՞ն է այն:

- Մենք շատ նման ենք միմյանց: Իմ երաժշտությունն էմոցիոնալ է՝ ինչպես ես ու իմ լսարանը: Մեզ երեքիս, (ես, lounge-ն ու լսարանս), կապում է զգացմունքայնությունը, բնական լինելու սովորությունը: Մենք երկաթե շղարշ չենք քաշում մեր երեսին, չենք ձևանում, ոչ, լացում ենք, ժպտում, զայրանում, հիանում, տրվում ենք պահի ազդեցությանը. պարզապես ապրում ենք…

Իմ երաժշտությունը ստեղծված է քաղաքի աղմուկից կտրվել ցանկացողների համար, ովքեր հանգիստ են փնտրում սեփական մտքերի ու գաղափարների հետ մենակ մնալու համար, ովքեր ունեն սեփական «ես»-ի հետ ներդաշնակության հասնելու կարիք: Ավագ ընկերներիցս մեկը կատակեց, թե վտանգավոր ձայնասկավառակ է, երբ ղեկին է եղել, արդեն երկրորդ թրեկի ժամանակ աչքերը փակվել են: Իհարկե, չեմ ցանկանա ավտովթարների, պատահարների պատճառ դառնալ, բայց ուրախ կլինեմ, եթե իմ երաժշտությունը գոնե մի քանի վայրկյանով քաղաքային մթնոլորտում մարդկանց հանգիստ պարգևի:

Ինչո՞ւ «Ծիծեռնակի թռիչք»:

- Սիրում եմ հետևել ծիծեռնակների թռիչքին, այդ տեսարանն ինձ մանկուց է գրավում: Բացի այդ, ազատության ու հանգստության մասին էլ ո՞վ ավելի լավ գիտի, եթե ոչ ծիծեռնակը…

Շնորհանդեսի օրը հյուրերիդ ներկայացրեցիր ստեղծագործություններիցդ մեկի` «Ամպեր»-ի, էկրանավորումը, որի հեղինակը դու ես:

- Տեսահոլովակի հիմնական գաղափարը մի երիտասարդ  է, ով մերժված լինելով իր սիրելիի կողմից ի վերջո հանգրվանում է բնության գրկում, իրեն հասկանալու համար սլանում դեպի բարձր սարերը, ամպերի մոտ: Երբ այս գաղափարն արդեն կար, ես երկար փնտրեցի կերպարներ մարմնավորող դերասաններին, ու կանգ առա ընկերներիս վրա, ովքեր ամենևին էլ դերասաններ չեն: Երկու օրվա մեջ ես ու լուսանկարիչ Լևոն Մանուկյանը մեր ուժերի ներածին չափով նկարահանեցինք: Արձագանքները դրական են: Իմ ընկեր բանաստեղծ Համլետ Առաքելյանն էլ գրեց «Ամպեր» անունով ստեղծագործություն ու առաջինն ինձ ցույց տվեց: Ես դեմ էի բառերը երաժշտության հետ երգելուն, բայց էկրանավորման ժամամակ որոշվեց ընթերցել այն:

 

Այս թեմայով