11 Ապրիլ 2014, 13:30
2267 |

«Նռան գույնը»՝ բրիտանական մատուցմամբ

Էլեկտրոնային երաժշտության շաման բրիտանական Juno Reactor խումբը շատերին ծանոթ է Matrix ֆիլմի սաունդթրեքից: 90-ականներից Juno Reactor-ը լայն ճանաչում ձեռք բերեց՝ արագընթաց տեմպերով թողարկելով ալբոմն ալբոմի հետևից: Խումբը երբեք իր նմանը չի ունեցել, չի ընտրել կոմերցիոն ուղին՝ մշտապես գերապատվություն տալով արվեստին:

Նախագծի հիմնադիր, միևնույն ժամանակ նրա միակ անփոփոխ անդամ Բեն Վոտկինսն իր խմբի շրջանակներում համագործակցել է տարբեր ազգերի մշակույթը ներկայացնող երաժիշտների հետ: Ամենաերկար համագործակցությունը աֆրիկական Amampondo-ի' Նելսոն Մանդելայի ամենասիրած համույթի հետ էր: Նրանք միասնական ուժերով ստեղծեցին էլեկտրոնային երաժշտության պատմության մեջ ամենաէպիկական և խորհրդավոր ալբոմը՝ Bible Of Dreams: Հենց այս աշխատանքների ընթացքում Բենն իր համար բացահայտեց հայ մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Անչափ գայթակղված լինելով նրա արվեստով և, մասնավորապես, «Նռան գույնը» ֆիլմով՝ նա որոշեց տեսահոլովակ նկարահանել ալբոմի մարգարիտներից մեկի' God is God ստեղծագործության համար: Հետագայում թե՛ նրա երաժշտության, և թե՛ ալբոմների շապիկների նկարազարդումների մեջ նկատելի էր Փարաջանովի արվեստի ազդեցությունը: 2013-ի սեպտեմբերի 29-ին Լեհաստանում կինոֆորումի ժամանակ Բենը ներկայացրեց Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն իր մշակած երաժշտական ուղեկցությամբ: Փարաջանովյան պաշտամունքն առիթ դարձավ շփվելու լեգենդար երաժշտի հետ:

Ովքե՞ր են այժմ ներկայացնում Juno Reactor-ը և կատարում հիմնական ստեղծագործական աշխատանքը:
- Ներկայումս չեմ սահմանափակվում միայն մեկ անձով, աշխատում եմ տարբեր մարդկանց հետ աշխարհի տարբեր անկյուններից: Հիմա խմբի անդամ կարող եմ համարել բոլոր նրանց, ում հետ համատեղ ձայնագրություններ ունենք, ինչպես, օրինակ, Սուգիզոն՝ Ճապոնիայից, Համսիկա Իյերը՝ Հնդկաստանի Մումբայից, զգալիորեն օգնում է Մալի Մազալը Իսրայելից ու էլի շատ շատերը:

Կանգնած լինելով Goa Tranc ժանրի ձևավորման ակունքներում՝ ինչպե՞ս կարողացաք նման ներդաշնակ կերպով այն համատեղել տարբեր երկրների մշակույթների էթնիկական հնչյունների հետ:
- Սիրում եմ էթնիկ երաժշտությունը: Ի սկզբանե քչերն էին զբաղվում այդ երկուսի միաձուլմամբ, և այս առումով ես, իհարկե, մի քանի քայլ առաջ եմ մնացածից: Սիրում եմ հնչյուններ ու ձայներ, որոնք տարբերվում են ռադիոյից հնչող սովորական ձայներից: Նրանք այլ կերպ են զրուցում ինձ հետ՝ ինչպես այն գործիքները, որոնք օգտագործում եմ: Երբեմն ինձ դուր է գալիս մաքուր էլէկտրոնային երաժշտությունը, բայց նախընտրում եմ այն հորիզոնները, ուր ինձ տանում է էթնիկ երաժշտությունը՝ միահյուսվելով էլեկտրոնայինի հետ:

Հայկական երաժշտությունը նույնպես տեղ գտավ ձեր ստեղծագործությունների մեջ, իհարկե, ոչ առանց դուդուկի և զուռնայի: Կպատմե՞ք այդ աշխատանքների ստեղծման մասին:
- Սիրեցի այդ գործիքների հնչյունները: Զուռնան լիովին նոր բացահայտում էր: Ծանոթացել եմ դրանց Լոնդոնում ապրող մի հայի շնորհիվ: Մի օր նա իր ճամպրուկից հանեց այն ու հարցրեց՝ «Իսկ ի՞նչ կասեք սրա մասին»: Ու այնքան հրաշալի նվագեց, որ ակամայից Մայլզ Դևիսին հիշեցի: Շատ հզոր էր: Դուդուկը յուրահատուկ տխրություն ունի, որը հիանալի համադրվում է Tanta Pena ստեղծագործության հետ:

Ե՞րբ առաջին անգամ ծանոթացաք Փարաջանովի ստեղծագործությանը և ի՞նչն այդքան գերեց ձեզ:
- «Նռան գույնը» դիտել եմ Մեծ Բրիտանիայի ազգային հեռուստաալիքով դեռևս 1990-ականներին: Ես սիրահարվեցի այդ ֆիլմին: Չգիտեի Փարաջանովի մասին, բայց ֆիլմն անընդմեջ պտտվում էր մտքումս, շատ էի հավանել նկարահանման ոճը: Փորձեցի նույնը Եգիպտոսում կրկնել իմ Super 8 տեսախցիկով այդ պահին իմ խմբի՝ Electrotete-ի հետ I love you ստեղծագործության տեսահոլովակը նկարահանելիս: Ինձ դա այդքան էլ չհաջողվեց, սակայն մեծ հաճույք ստացա կատարման ընթացքից:

Երբ նկարահանում էինք God is God ստեղծագործության տեսահոլովակը, ասացի Mute Records-ի պրոդյուսերին, որ ուզում եմ «Նռան գույնը» ֆիլմի ոճով նկարահանեմ, թեև ինքս ռեժիսոր չեմ: Նա ինձ առաջարկեց լիցենզավորել ֆիլմը և համադրել ստեղծագործության հետ: Երկու օրվա ընթացքում գտա Հայաստանի մշակույթի նախկին նախարարին, հանդիպեցի նրա հետ Փարիզում, կատարեցի լիցենզավորման վճարումները և վերցրեցի պատճենը հենց օրիգինալ ժապավենից: Ի՞նչն եմ ամենաշատը հավանում նրա գործերում: Ամե՛ն ինչը:

Լեհաստանում այս տարվա կինոֆորումի ժամանակ ներկայացրեցիք «Նռան գույնը» ֆիլմը ձեր իսկ նվագակցությամբ: Ի՞նչ զուգահեռներ եք տեսնում ձեր և Փարաջանովի ստեղծագործական աշխարհներում:
- Համոզված չեմ, որ կան որևէ զուգահեռներ, սակայն, որքան էլ տարօրինակ թվա, ես զգում եմ, որ մենք կապված ենք միմյանց հետ: Ամեն անգամ, երբ աշխատում եմ «Նռան գույնը» ֆիլմի վրա, նա կարծես կողքիս նստած լինի, ասի. «Այստեղ այս ստեղծագործությունն օգտագործիր, իսկ այստեղ ՝ այս մեկը»: Ես միահյուսեցի նրա և իմ երաժշտությունը, և տեղ-տեղ ուղղակի աննկարագրելի է, թե ինչպես են դրանք զուգակցվում միմյանց հետ, հատկապես Song for ancestor ստեղծագործության դեպքում: Երբեք նման զգացողություններ չեմ ունեցել և դժվար թե երբևէ ունենամ: Ինչո՞ւ է նա ընտրել հենց ինձ: Եթե նույնիսկ այս ամենն իմ երևակայությունն է, մեծագույն պատիվ եմ համարում միաձուլել իմ ստեղծագործությունները Փարաջանովի ֆիլմի հետ: Մեծ հաճույքով կայցելեի Հայաստան և կներկայացնեի «Նռան գույնը»՝ նվագախմբի կենդանի կատարմամբ: Հուսամ՝ շուտով դա տեղի կունենա:

Juno Reactor-ի God is God տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ

«Նռան գույնը» տեսահոլովակը Juno Reactor Score -ի կատարմամբ՝ այստեղ

Այս թեմայով