07 Օգոստոս 2014, 14:50
4091 |

Վիրտուալ ընթերցասրահ

5 առցանց գրադարան, որտեղ կարելի է անվճար կարդալ Քոնան Դոյլի «Նոթերը Շերլոք Հոլմսի մասին» և Թոլքինի «Հոբիթը», հայ հին և միջնադարյան արձակ և Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Վանո Սիրադեղյանի, Լևոն Խեչոյանի և Գուրգեն Խանջյանի պատմվածքները, Անրի Վեռնոյի «Մայրիկը», Թումանյանի հոդվածները և այլ հայալեզու գրականություն:

ArmenianHouse
www.armenianhouse.org

Պատմություն
Առաջին հայալեզու առցանց գրադարաններից մեկը բացվել է հեռավոր 2002 թվականին: Ի տարբերություն այս ուղեցույցում տեղ գտած մյուս գրադարանների, ArmenianHouse-ը նվիրված է ոչ այնքան հայալեզու գրականության, որքան հայ ժողովրդի պատմության, կրոնի և ընդհանրապես հայերին վերաբերվող նյութերին։ Կարևոր հատկանիշներից է այն, որ կայքը ոչ միայն հայալեզու է՝ գրադարանում զուգահեռաբար տեղադրվում էին նյութեր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով (օրինակ՝ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» հասանելի է երեք լեզուներով): Գրքերը տեղադրված են հետևյալ բաժիններում՝ «Արձակ», «Պոեզիա», «Վավերագրական», «Պատմություն», «Կրոն», «Մանկական», «Դիցաբանություն», «Գրական սրճարան» (ժամանակակից հեղինակների գործեր), «Եղեռն 1915», «Արցախ»:

Ամենաընթերցվողը
Առաջին հերթին՝ պոեզիա, ապա Լեոնիդ Ենգիբարովի նովելները, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օրը», Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը»։

Մեկնաբանություն
Կարեն Վրթանեսյան, գրադարանի հիմնադիր. «2000-ականների սկիզբն էր, ընտանիքով Միացյալ Նահանգներում էինք ապրում։ Մի պահ հասկացանք, որ անիմաստ է սպասել, թե երբ կգտնվի ինչ-որ մեկը, որ կսկսի մեզ հետաքրքրող գրականությունը թվայնացնել, և ինքներս ստեղծեցինք ArmenianHouse.org-ը։ Բարեբախտաբար, կայքի ստեղծման առաջին իսկ շաբաթներից մեզ միացան բազմաթիվ կամավորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից։ Սկզբում խնդրում էինք Երևանի ծանոթներին, որ սկան անեն, ուղարկեն։ Շատ արագ այնքան սկան արած նյութեր հավաքեցինք, որ չէինք հասցնում մշակել։ Ինչ-որ ժամանակ անց ծանոթացանք նաև տեղի հայ համայնքին, պարզվեց շատ հետաքրքիր գրականություն կար, օրինակ՝ հայկական եկեղեցու գրադարանում, ուր պահվող որոշ հնատիպ գրքեր տեղադրեցինք ArmenianHouse-ում և, փաստորեն, նորից մտցրեցինք շրջանառության մեջ։

Ամենաժամանակատարը տառաճանաչման (OCR) ու սրբագրման գործընթացն է, հատկապես հայերեն տեքստերի։ Բանն այն է, որ հատկապես 20-րդ դարի առաջին կեսերին և ավելի վաղ տպված գրքերի տառատեսակներն այնպիսին են, որ հաճախ FineReader-ը չի կարողանում դրանք փոխակերպել տեքստի։ Ըստ այդմ 200-250 էջանոց հայերեն գրքի թվայնացումը կարող է 10–15 օր տևել, կախված թղթե կրիչի վիճակից ու տառատեսակից։ Նույն ծավալի անգլերեն ու ռուսերեն գրքերի թվայնացումն արվում է 2–3 օրում։

Նախագիծը փաստացի կանգ առավ չորս տարի առաջ՝ լուրջ և կայուն ֆինանսավորման բացակայության պատճառով։ Ընկերներս տարբեր առիթներով նյութապես օգնել են ArmenianHouse-ին, բայց խոսքը կայուն, երկարաժամկետ և ավելի մեծ չափով ֆինանսավորման մասին է։ Օրինակ՝ անհրաժեշտ է թարմացնել ծրագրային մասը, լուրջ զբաղվել հեղինակային իրավունքների հարցով և այլն։ Այս ամենը շատ լուրջ ֆինանսավորում է պահանջում։ Այդուհանդերձ, չնայած այս փաստացի «սառած» կարգավիճակին, ArmenianHouse.org-ը այսօր էլ օրական միջինը մոտ 1000 այցելու ունի, շատերն առ այսօր էլ ընթերցում ու տարածում են կայքի նյութերը»:

Վիքիդարան
www.hy.wikisource.org

Պատմություն
Wikisource-ը հիմնվել է 2003 թվականին Project Sourceberg անվանմամբ՝ որպես Վիքիպեդիայի համար կարևոր և օգտակար տեքստերի շտեմարան, բայց շատ չանցած ստացել է Wikisource անվանումը, տեղափոխվել հիմնական ցանցային հասցե, ապա բաժանվել առանձին լեզվային նախագծերի: Մինչև 2007 թվականի նոյեմբերը հայերենը բազմալեզվանի Վիքիդարանի էջում պարզապես մի կատեգորիա է եղել: Իսկ նոյեմբերի վերջից, երբ կտրուկ ավելացավ տեքստերի և մասնակիցների քանակը, հայերեն Վիքիդարանը ունեցավ իր առանձին դոմեյնը՝ hy.wikisource.org: Այժմ այն ներառում է 182 հեղինակի 5187 տեքստ: Ստեղծագործությունների ընտրությունն ունի միայն մեկ սահմանափակում՝ հեղինակային իրավունքի բացակայություն: Այդ պատճառով գրադարանում հիմնականում տեղ են գտնում այն գործերը, որոնց հեղինակի մահից անցել է 70 տարի և որոնք հանրային սեփականություն են համարվում կամ էլ հեղինակային իրավունքներ ի սկզբանե չեն ունեցել՝ ճառեր, օրինագծեր (թեպետ դրանց թիվը չի անցնում տասնյակը):

Ամենաընթերցվողը
Ամենապահանջված հեղինակը Հովհաննես Թումանյանն է՝ գրադարանում կա նրա երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով: Առանձին տեքստերի առաջատարներում են ՀՀ Սահմանադրությունը և «Վերք Հայաստանի» վեպը:

Մեկնաբանություն
Ալեքսեյ Չալաբյան, Վիքիդարանի կամավոր. «Սկզբում նյութերի մեծ մասը ձեռքով էր սկան արվում, սովորական սկաներներով։ Բայց երբ ես տեսածրում էի հայկական սովետական հանրագիտարանը, ստիպված օգտագործեցի, այսպես կոչված՝ դեստրուկտիվ սկանը, երբ գիրքը վնասվում է տեսածրվելու համար: 13 հատորը մոտ 9500 էջ է, այնպես որ ավելի հեշտ էր հատորները գիլյոտինով կտրատել, և հետո տասնյակ էջերից կազմված «դափոնը» ավտոմատ տեսածրող օֆիսային սկաների միջոցով մի 100 էջ դնել, տեսածրելու հրաման տալ, և ընթացքում զբաղվել գործերով՝ մի աչքի ծայրով հետևելով ընթացքին։ Եվ այդպես նաև ավելի բարձր պատկերի որակ է ստացվում։ Բայց մեկ է՝ ինձ վանդալ էի զգում գիրքը կտրտելու ու փաստացի ոչնչացնելու պահին: Թեև հանգստացնում էր այն, որ այդպիսով թվային անմահ կյանք եմ շնորհում: Ի դեպ, դեպքերի ճնշող մեծամասնությունում, Վիքիդարանի նյութերը հասանելի են և՛ էջերի պատկերների տեսքով, և՛ թվային տեքստի: Տեքստը կարելի է ցանկացած ձևով ցանկացած սարքի վրա օգտագործել ու կարդալ կամ տպել, իսկ պատկերները ապահովում են հավաստիությունը և սխալների հեշտ բացահայտումը»:

«Գրապահարան»
www.grapaharan.org

Պատմություն
Ստեղծվել է 2013 թվականի ամռանը: Ինչպես նշվում է գրադաանի առաջին էջում, «այստեղ ոչ միայն պահում ենք, այլև ավելացնում հայերեն գրքեր», այդ թվում և թարգմանություններ: Այս պահի դրությամբ Գրապահարանում կա 544 նյութ՝ 71 գրքից և 151 հեղինակից: Տեսականին բավական բազմազան է՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայ»-ից, Ստրուգացկիների «Դժվար է աստված լինել»-ուց ու «Արդի վրացական արձակից» մինչև Մկրտիչ Արմեն, Իսահակյան ու Չարենց: Այդ գրքերից շատերը, սակայն, համարվում են «գրահենային», քանի որ պաշտպանված են հեղինակային իրավունքներով:

Ամենաընթերցվողը
Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», Ջ. Ռ. Ռ. Թոլքինի «Հոբիտ կամ գնալն ու գալը» («Մատանիների տիրակալի» նախապատմություն հեքիաթը, պարզվում է, լույս է տեսել հայերենով դեռ 1984-ին) և «Երեքը մի նավակում, չհաշված շունը»՝ Ջերոմ Կ. Ջերոմի հռչակավոր կատակերգությունը:

Մեկնաբանություն
Գրապահարանի անանուն ադմին. «Տեսածրելն ինքնին բարդ չէ, պարզապես ձանձրալի գործ է, կարելի է այդ ընթացքում աուդիոգիրք լսել կամ մտածել ինչ-որ բանի մասին։ Պատկերներից թվային տեքստ ստանալն է բարդ։ Ներդրողներ կան, ովքեր նախընտրում են տառաճանաչում անել «ՖայնՌիդերով», բայց ելքային տեքստի որակը բարձր չէ, ու այդ տեքստը պետք է դեռ խմբագրել, ուրիշներն էլ ավելի են հավես անում գիրքը հավաքել։ Ես ինքս սիրում եմ ծրած գրքերը հավաքել՝ ավելի հեշտ է աչքերը տանել էկրանից էկրան (նկարից՝ տեքստային խմբագրիչ), քան գրքից՝ էկրան»:

«Գրանիշ»
www.granish.org
Պատմություն
«Գրանիշը» 2009 թվականին ստեղծել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը՝ որպես «մեր սերնդի նպատակների, ցանկությունների ու գրական անցած ճանապարհի արձանագրող, համահավաք ու նվիրյալ աշխատանքի ամբողջություն»: Մյուս գրադարաններից տարբերվում է առաջին հերթին նրանով, որ գրեթե ամբողջությամբ նվիրված է արդի հայ գրականությանը, թեպետ առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև համաշխարհային գրականության (նույնպես մեծամասամբ՝ ժամանակակից) հայալեզու թարգմանություններին: Ընդհանուր առմամբ, «Գրանիշում» ներկայացված են շուրջ 120 ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ, ինչպես նաև՝ բազմաթիվ գրական վերլուծություններ ու գրականագիտական հոդվածներ: 2014-ին կայքին ֆինանսապես աջակցեց երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Ամենաընթերցվողը
«Գրանիշում» մշտապես փնտրվող ու դիտվող նյութերն են՝ «Հայկական ժողովրդական առածներն ու ասացվածքները», Հովհաննես Թումանյանի քառյակները, Հայաստանի մասին բանաստեղծությունները: Ժամանակակից հեղինակներից՝ Հովհաննես Գրիգորյանի, Կարեն Անտաշյանի, Արամ Պաչյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Վանո Սիրադեղյանի, Վիոլետ Գրիգորյանի, Լևոն Խեչոյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները:

Մեկնաբանություն
Հասմիկ Հակոբյան, «Գրանիշի» գլխավոր խմբագիր. «Իր ստեղծման օրից «Գրանիշը» եղել ու մնում է որպես համընդհանուր գրական նախագիծ, որի գերխնդիրն է ստեղծել գրողների ու ընթերցողների համայնք, նպաստել ժամանակակից հայ գրականության պատշաճ ներկայացման ու տեղեկատվական հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով տարածմա-նը: 2009 թվականին, երբ հիմնադրվեց «Գրանիշը», հայ իրականության մեջ գրական ստեղծագործության նկատմամբ նման գովազդային մոտեցումը խիստ անսովոր երևույթ էր, որոշ դեպքերում՝ նույնիսկ դատապարտելի, և նման հեռատես մտահղացում կարող էր ծնվել միայն մեր բանաստղեծ ընկերոջ՝ Կարեն Անտաշյանի տեսլականում: Կայքն իր բնույթով անակնկալ հայտնություն էր. ժամանակակից հայ գրականության ճանաչելիությունը մեծ իմաստով հենց գրողական շրջանակներից այն կողմ չէր անցնում, իսկ համացանցային տիրույթում էլ թեպետ կային որոշ անհատական հեղինակային բլոգներ և հայալեզու գրական կայքեր, սակայն բացակայում էր բուն ժամանակակից գրականությունը մեկ ընդհանուր համապատկերում ներկայացնելու, հայ ու համաշխարհային գրականության համատեքստում արժևորելու փորձը»:

«Լիտոպեդիա»
www.litopedia.org

Պատմություն
Ստեղծվել է 2011 թվականի հունվարին՝ բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի կողմից: Ինչպես նշվում է կայքում, այն «անընդհատ համալրվող բանասիրական տեղեկույթ պարունակող առցանց հանրագիտարան է, որտեղ զետեղվում են նաև հեղինակային բնագրեր»: Ավելի շատ ընդգրկված են բանասիրական բնույթի աշխատություններ, քան գեղարվեստական ստեղծագործություններ, թեպետ վերջիններն էլ քիչ չեն (Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ», Ալբեր Քամյուի «Ժանտախտը», Նառա Վարդանյանի «Կանաչ տետր», Գուրգեն Խանջյանի «Նամակներ ընթացքից», Անրի Վեռնոյի «Մայրիկը», Հրաչյա Սարիբեկյանի «Գուշակություններ հայելիներով», մի շարք այլ գրքեր էլ դեռ թվայնացման և տեղադրման փուլում են):

Ամենաընթերցվողը
Բանասիրական բնույթի նյութերը ավելի մեծ պահանջարկ են վայելում, հատկապես ուսանողական քննաշրջանների ընթացքում: Գեղարվեստականի գրականությունից «Լիտոպեդիայում» հաճախ են ընթերցվում պատմվածքները, հատկապես Վիլյամ Սարոյանի, Անտոն Չեխովի և Ստեփան Զորյանի ստեղծագործությունները:

Մեկնաբանություն
Աշոտ Գաբրիելյան, գրադարանի հիմնադիր. «Լիտոպեդիան ստեղծվեց, որպեսզի համացանցում տեսանալի լինի ոչ միայն դասական գրողների ու գրականության մասին տեղեկատվությունը, ինչը այսպես թե այնպես առկա է, այլ գրական զարգացումները ևս տեղ գտնեն հանրագիտարանային ոլորտում: Ինչ վերաբերում է նյութերի ընտրությանը, ապա շեշտը դրվում է հայերեն համացանցում բացակա նյութերի վրա»:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով