20 Փետրվար 2014, 11:57
1440 |

Հայ ակադեմիկոսի ցավն ու վանգոգյան արժեքները

Վան Գոգի ճապոնական փորագրությունների հավաքածուն պատկանում է հայ հավաքորդ ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանին: Անուշադրության մատնված լինելու պատճառով եզակի հավաքածուն շուտով նվեր կդառնա այլ երկրների թանգարաններին:

Իմպրեսիոնիստի զարմանքը
Արդեն 14 տարի Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի մոտ գտնվող հավաքածուի պատմությունը սկսվում է իմպրեսիոնիզմի ժամանակներից, երբ Վան Գոգի սիրուհին' Սինը, նրան նվիրեց մի փորագրություն (գրավյուրա) ճապոնական ստորագրությամբ: Այն կոչվում էր «Օսախի կամուրջը վարար անձրևի տակ»: Նկարը շոշափելով Վան Գոգն այնքան տպավորվեց, որ միանգամից հիացական նամակ գրեց Մոնեին, Լոտրեկին և իր ժամանակակից այլ նկարիչներին՝ ասելով, որ նման գլուխգործոց դեռ չէր տեսել: Որոշ ժամանակ անց Սինը նվիրեց ևս մեկ այդպիսի նկար՝ «Ծաղկող սալորենին»: 2 նկարների հեղինակն էլ ճապոնացի Ուտագավա Հիրոսիգեն էր: Ճապոնական արվեստի այս տեսակը սկիզբ էր առել Ուտագավա մշակութային զարգացման դպրոցից, որի սաներն են եղել հայտնի ճապոնացի նկարիչներ Տոյոկունին, Կունիսադան, Հիրոսիգեն և այլն:

Վան Գոգը սկսեց աշխարհով մեկ հավաքել այսպիսի ճապոնական փորագրություններ, որոնք, ի դեպ, հայրենիքում հայտնի են «Ուքիո-Է» անվամբ: Ժամանակի ընթացքում Վան Գոգն ուներ ավելի քան 400 կտորից բաղկացած հավաքածու, որն այսօր գտնվում է հենց Վան Գոգի թանգարանում' Ամստերդամում:

Հայի մատը խառնվեց
Սակայն Ամստերդամի թանգարանում գտնվող հավաքածուն լիարժեք չէ, մասնավորապես՝ որոշ տրիպտիխներում՝ 3 մասից բաղկացած նկարներում, բացակայում է 1 կամ 2 կտոր: Նրանց երկրորդ օրիակներն ամբողջական տեսքով կան Ուտագավա մշակութային զարգացման դպրոցի վերածնունդի հիմնադիր պրոֆեսոր Տադաշի Գոյինոյի անձնական հավաքածուի մեջ։ Հենց նա էլ 1994-ին առաջարկեց Վան Գոգի ճապոնական փորագրությունների լիարժեք հավաքածուն ցուցադրել Հայաստանում։ Ինչո՞ւ Հայաստանում։ Այդ մասին նրան հուշեց պրոֆեսորի մտերիմ ընկեր ակադեմիկոս Ռաֆայել Մելիք Օհանջանյանը, որը որպես գիտաշխատող երկար տարիներ աշխատել է Տոկիոյի հակաքաղցկեղային կենտրոնում: Այս պատմությունն այդպես էլ կանցներ հայերի կողքով, եթե չլիներ Ռաֆայել Մելիք Օհանջանյանը։ Հենց նրա ջանքերով 1994-ին կազմակերպվեց փորագրությունների անդրանիկ ցուցահանդեսը։ Հուլիսի 1-ից 19-ը ՀՀ Ազգային պատկերասրահում աշխարհում առաջին անգամ ցուցադրվեց Տադաշի Գոյինոյի փորագրությունների եզակի հավաքածուն։

Հայաստանյան ցուցահանդեսին հաջորդեցին շրջագայություններ աշխարհով մեկ: Քարտեզն այսպիսին էր' ՀՀ-ից հետո Էրմիտաժ, այնուհետև Պուշկինի թանգարան, ցուցադրություններ եղան Մոսկվայի գեղակադեմիայի դահլիճներում, հետո՝ Լատվիա, Ուկրաինա, հետո գրեթե բոլոր եվրոպական երկրներ, որից հետո ԱՄՆ: Ցուցահանդեսի փակումը տեղի ունեցավ Մալթայում 1999-ին:

Հենց այստեղ էլ ցուցադրության վերջին օրը Տադաշի Գոյինոն հայտարարեց, որ 19-րդ դարի վերջին Ճապոնիայում արդեն մոռացված փորագրությունների արվեստը նոր թափ առավ այս ցուցահանդեսների շնորհիվ, ինչի համար շնորհակալ է Հայաստանին։ Ավելին՝ ցուցահանդեսային նմուշները նա նվիրում է այն երկրին, որտեղից սկսվեց այդ արվեստի վերածննդի քարոզչությունը: Հայաստանը Ռաֆայել Մելիք Օհանջանյանի շնորհիվ փաստորեն դարձավ այդ հավաքածուի բնակության հասցեն: Սակայն Տադաշի Գոյինոն մեկ պայման դրեց. Հայաստանում պետք է բացվի ճապոնական փորագրությունների հավաքածուի սեփական թանգարան:

1999-ին Ռաֆայել Մելիք Օհանջանյանը ավելի քան 270 փորագրություն տեղափոխեց Մալթայից Հայաստան: Ու այստեղից սկսվեցին ակադեմիկոսի չարչարանքները:

Սկզբում նա սեփականաշնորհման խնդրանքով դիմեց համապատասխան կառույցներին։ Ի պատասխան առաջարկեցին 700 քմ տարածք, որը ստանալու համար ակադեմիկոսը պետք է նամակով դիմեր վարչապետին ու ստանար «չեմ առարկում» մակագրությամբ պատասխան: Գործող վարչապետը տվեց իր մակագրությունը, սակայն շուտով պաշտոնանկ եղավ: Գործարքը ձախողվեց: Առաջին փորձը համարվեց անհաջող:

Ճապոնական ծառը Հայաստանում չի աճում
Մելիք-Օհանջանյանի փնտրտուքները շարունակվեցին դեռ երկար ժամանակ, նա դիմեց տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, վարչապետների, բարերարների ու մեծահարուստների։ Ցուցանմուշները եզակի են, բացի այդ՝ բացառիկ թանկարժեք։ Սակայն այդպես էլ նրան լսող չգտնվեց, Երևանում ճապոնական փորագրությունների եզակի թանգարան ստեղծելու միտքը հավանաբար քչերին է ոգևորում: Ցայսօր «Ուտագավա մշակութային զարգացման դպրոց»-ի ցուցանմուշները փնտրում են վերջնական հանգրվան։

Վերջերս Երևան այցելեցին Տադաշի Գոյինոն և Ուտագավա դպրոցի 3 անդամները՝ հետաքրքրվելու իրենց նվերի ճակատագրով: Տեղեկանալով, որ այս 14 տարիների ընթացքում, ինչ ցուցանմուշները գտնվում են Հայաստանում, թանգարանային տարածքի հարցը դեռ լուծված չէ, Գոյինոն Մելիք-Օհանջանյանին ասաց, որ հավանաբար ստիպված կլինի հավաքածուն վերանվիրել երկրորդ երկրին, որտեղ ժամանակին կայացել է ցուցադրությունը: Էրմիտաժում հաստատ տեղ կգտնվի ճապոնական փորագրությունների համար:

Սակայն ակադեմիկոս Ռաֆայել Մելիք Օհանջանյանը դեռ չի վհատվել: Հավաքածուն պատկանում է նրան մինչև իր կյանքի վերջին օրը ներառյալ: Եվ, ով գիտի, միգուցե մի տեղից մի լույս բացվի ու եզակի ցուցանմուշները մեկընդմիշտ հանգրվանեն Հայաստանում:

Այս թեմայով