15 Փետրվար 2013, 22:13
2070 |

Հարյուր տարվա երթևեկություն

Թանգարանում ներկայացված է հայկական երկաթուղու պատմությունը՝ սկսած 1886-ին երկաթուղու կառուցումից մինչև մեր օրերը: Ավելի քան 100 ցուցանմուշ՝ այդ թվում տասնյակ արխիվային փաստաթղթեր ու լուսանկարներ, նախագծեր, գնացքների, շոգեքարշերի և էլեկտրաքարշերի մակետներ: Այստեղ կարելի է տեսնել 1960-1970-ականների հեռախոսներ, հեռագրային սարքեր, ազդանշանային շեփոր ու դրոշներ, ուղեհսկիչի ձեռքի լապտեր, «Կկու» շոգեքարշի ազդանշան–սուլիչ և անգամ 1958-ի տոմսերի դակիչ:

Խորեն Ավետիսյանը՝ թանգարանի տեր-տիրականը, կյանքի 82 տարիներից 60-ն աշխատել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում: Երևանի կայարանում աշխատում է արդեն 52 տարի՝ 1958-ից: 1972-ից մինչև 1994-ը եղել է Երևանի կայարանապետ և այդ ընթացքում ականատեսն է եղել կայարանում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների: Հիշում է, որ կայարանի շենքը վերակառուցվել և ներկայիս տեսքը ստացել է 1956-ին:

Առանց ձևական համեստության Խորեն Ավետիսյանը վստահեցնում է, որ երկաթուղային կայարանի պահպանության հարցում իր ու իր աշխատանքային թիմի ներդրումը մեծ է եղել: ԽՍՀՄ փլուզումից հետո կայարանում գիշեր-ցերեկ են մնացել՝ պահել-պահպանել են ամեն բան, որ հանկարծ չգողանան ու չփչացնեն:

Թոշակի մասին Խորեն Նիկիտիչը չի էլ մտածում: Չնայած կայարանում հիմա իր տարիների շունչն ու ոգին չկա, բայց փորձում է թանգարանի այցելուներին իր պատմություններով գոնե մի քանի րոպեով մտովի տեղափոխել Երևանի կայարանի երբեմնի եռուզեռի մեջ: Ցավով է փաստում, որ ներկայումս կայարանի վիճակն այնքան էլ բարվոք չէ. «Հիմա կայարանն էլ է խեղճացել Հայաստանի նման, բա ի՞նչ է արել: Սնանկացել ենք, երկաթուղային կապ չունենք արտաքին աշխարհի հետ: Էդ անիծյալ շրջափակումը թույլ չի տալիս, որ սովետի տարիների պես Հայաստանը դուրս գա արտաքին աշխարհ: Իսկ այն ժամանակ մեր երկաթուղային զարգացածությունը երրորդ տեղն էր զբաղեցնում սովետում»:

Խորեն Նիկիտիչը Հայաստանի թանգարանների տնօրեններից և զբոսավարներից ամենատարեցն է: Թոշակի գնալ նրան թույլ չեն տվել, 60 տարի աշխատել է կայարանում ու հիմա էլ պահում-պահպանում է հայկական երկաթուղու անցյալն ամփոփող ցուցանմուշները: Ցուցափայտը ձեռքին աշխույժ քայլերով անցնում է վահանակների և ցուցափեղկերի կողքով՝ պատմելով երկաթուղու փառավոր անցյալի մասին:

«1895-ի մայիսի 12-ին ցարական կառավարությունը առաջարկեց կառուցել Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Ղարս երկաթուղագիծ: Բավական ծանր, ֆինանսական մեծ ներդրում պահանջող գործ էր, սակայն Նիկոլայ Երկրորդը ընդունեց այդ առաջարկը և արձակեց իր հրովարտակը: Փառք ու պատիվ այդ մարդուն», — պաթետիկ տոնով իր պատմությունն է սկսում Խորեն Նիկիտիչը՝ ցուցափայտը դնելով մեկ պատմական հրովարտակի, մեկ էլ Նիկոլայ Երկրորդի լուսանկարի վրա: «1896-ին Թիֆլիսից դեպի Ալեքսանդրապոլ շարժվեց առաջին գնացքը, կտրելով 180 կմ և փետրվարի 7-ին՝ մի սառնամանիք օր, ժամանեց Ալեքսանդրապոլ: Ուրախություն, խնդություն, չափ ու սահման չկար, ժողովուրդը հրճվում էր՝ Հայաստանում՝ երկաթուղագիծ, ո՞վ կպատկերացներ: Արդեն 5 ամիս անց՝ հուլիսի 21-ին բացվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Ղարս կանոնավոր երթուղին: Իսկ Երևան առաջին գնացքը Ալեքսանդրապոլից ժամանեց 1902-ին», — պատմում և ցույց է տալիս Երևանի կայարանի շենքի կառուցման խրոնիկան լուսանկարներով:

Խորեն Նիկիտիչը առանձնակի ոգևորությամբ է անցնում 1918-ի «Վարդան Զորավար» զրահագնացքի մակետի կողքով՝ հիշելով դրա փառավոր հաղթանակների մասին: Հետո շրջվում, ցույց է տալիս կապի միջոց ծառայած երբեմնի սարքերն ու ասում, թե հիմա տեխնիկան շատ է առաջ գնացել, մի քանի գործողության փոխարեն ընդամենը մեկ կոճակ են սեղմում:

Ցուցադրվող լուսանկարներից առանձնացնում է հայ մեքենավարների խմբակային լուսանկարները, իսկ գրքերից՝ երկաթուղային տրանսպորտի բարձրաստիճան աշխատակիցների լուսանկարներով հաստափոր «Պատվո գիրքը»: «Գրքի էջերին հայտնվելը հեշտ բան չէր, պետք էր իսկապես արժանի լինել դրան», — նոստալգիայով հիշում է Խորեն Նիկիտիչը:

Ցուցադրելու բան շատ կա, սակայն թանգարանը դեռևս մեկ սրահով է սահմանափակվում, հնարավոր է շուտով բացվի ևս մեկ ցուցասրահ: Պատմական խոշոր

նշանակություն ունեցող այս թանգարանի մասին շատ քչերը գիտեն: Թեև մուտքն ազատ է, բայց թանգարանի դուռը բացողների թիվն այնքան էլ մեծ չէ:

Այցելուները ակտիվանում են հատկապես ամռանը, երբ սկսում է գործել Երևան-Բաթումի-Երևան երկաթուղին, և կայարանի գլխավոր սրահում հայտնված ուղևորները պատահմամբ նկատում են թանգարանի մուտքը: Շարքային օրերին թանգարան այցելող փոքրաթիվ աշակերտներին Խորեն Նիկիտիչը փորձում է բացատրել երկաթուղու նշանակությունը առօրյա կյանքում:

«Ասում եմ, սիրելի աշակերտ, դու, որ այսօր մի կտոր հաց ես ուտում, դա ի շնորհիվ երկաթուղու է, և բերում եմ մի պարզ օրինակ՝ 1 վագոն ցորենակիրը Բաթումից Երևան տեղափոխելու համար կպահանջվեր 6 տոննայանոց 10 մեքենա, քանի որ մեկ վագոնը կարող է տեղափոխել 60 տոննա ցորեն: Դե պատկերացրեք, իսկ մենք հարյուրավոր վագոններ ենք ընդունում, հացի խնդիրն այսօր լուծվում է հենց երկաթուղու շնորհիվ»:

«Երկաթուղու նշանակությունն այսօր շատ ավելին կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ շրջափակումը, որը թույլ չի տալիս, որ հարավկովկասյան երկաթուղին աշխատի այնպես, ինչպես վայել է երկաթուղային տրանսպորտին», — ցավով փաստում է Խորեն Նիկիտիչը, բայց լավատեսորեն հույս հայտնում, որ մի օր շրջափակումը կվերացվի, և հայկական երկաթուղիները կրկին ծաղկում ու վերելք կապրեն, իսկ թանգարանի փոքրիկ այցելուներն էլ իր հարցին ի պատասխան կասեն, թե երազում են երկաթուղային դառնալ:

 

Այս թեմայով