28 Նոյեմբեր 2013, 15:54
2324 |

Վերադարձ մայր բեմ

Մանկության երազանք, որն իրականություն դարձավ հայրենիքում: Հայազգի բալերոնը տարիներ անց կրկին մայր բեմում է: Մտահղացումը երկրի գլխավոր բալետմեյստերինն է: Ներկայացվող բալետն էլ արդեն սիրված է ու մեծ ճանաչում ձեռք բերած:

Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի hետնաբեմում ոչ սովորական խառնաշփոթ էր: Սպարտակ բալետի վերջին' գլխավոր փորձն է համերգից առաջ: Չնայած այս բալետն արդեն մի քանի տարի է ներկայացվում է հանդիսատեսին, բայց այս անգամ պայմաններն այլ են, պատասխանատվությունը' ավելի մեծ: Երկրի գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանն ուշի ուշով է հետևում փորձին: Բեմում մենապարում է ոչ թե արդեն հանդիսատեսին հայտնի «Սպարտակը», այլ Բավարիայի պետական բալետի առաջատար պարող Տիգրան Միքայելյանը:

Արտասահմանի հայազգի պարողներին Հայաստանում ներկայացնելու գաղափար Ռուդոլֆ Խառատյանը վաղուց ուներ: Այս տարի աշնանը վերջապես իրագործեց: Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում էին Սան Ֆրանցիսկոյի բալետի գլխավոր մենապարողները'Դավիթ Կարապետյանն ու Վանեսա Զահորյանը, որոնք մենապարեցին «Դոն Կիխոտ» բալետում:

Ռուդոլֆ Խառատյանը խոստովանում է' չի կասկածում Տիգրանի պրոֆեսիոնալիզմի ու տաղանդի վրա, սակայն պարապմունքների ժամանակահատվածը կարճ էր: Տիգրան Միքայելյանը Հայաստանում է ընդամենը 8 օրով: Ի տարբերություն նախորդ պարողների, որոնք ԱՄՆ-ում էլ համանուն բալետի մենապարողներն էին, Տիգրանը «Սպարտակ» երբեք չի պարել: Ոգևորված ու միևնույն ժամանակ անհանգիստ, հետնամուտքում այս ու այն կողմ էր անում: Բացի այն, որ տարիներ անց հարազատ բեմ վերադառնալուց է հուզվել, նաև մանկության երազանքն է իրականացել. Սպարտակ է պարում:

Տիգրան Միքայելյանը ծնվել ու մեծացել է բալետի արտիստների ընտանիքում: Պարարվեստում իր առաջին քայլերը սկսել է հայրենիքում: Ուսանողական տարիներին մեկնել է Շվեյցարիա, հետո տեղափոխվել Գերմանիա ու դարձել Բավարիայի պետական բալետի թատրոնի մենապարող: Այսօր Հայաստան վերադառնալու մասին Տիգրանը հաճախ է մտածում, ասում է' այստեղի հանդիսատեսը ամենաջերմն է: Միտքը կա, բայց չի իրագործում, պատճառները բազմաթիվ են, հիմնականը, իհարկե՝ մեկն է. կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը այստեղ ու դրսում անհամեմատելի են։

Նոր Սպարտակից ոչ պակաս ոգևորված են նաև բալետի մեր երիտասարդ պարողները: Համաշխարհային թատրոնների արտիստների հետ մեկ բեմում հանդես գալը լավ փորձություն է, հատկապես, որ նրանք հայրենակից են: Ռուդոլֆ Խառատյանը այս ամենին հետևում է կողքից ու վստահ նշում. «Գալու է մի օր ու չի տարբերվելու, թե ով է Հայաստանի պարող ով արտասահմանի»:

Հայաստանյան բալետի պարողների ֆինանսական վիճակը ցավ է պատճառում նաև գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանին։ Հենց այս հանգամանքով է նա բացատրում, հայազգի տաղանդավոր պարողների հայրենիքից հեռանալը: Հայկական բալետի ֆինանսական ծանր վիճակը նաև թույլ չի տալիս աշխատանքի ընդունել օտարազգի պարողների: Տարիներ շարունակ Ռուդոլֆ Խառատյանը աշխատել է արտասահմանում: Այսօր նրա դրսի գործընկերներից շատերը ցանկություն են հայտնում պարել հայկական բեմում, սակայն բալետմեյստերը նրանց բոլորին մերժում է, պատճառն ուղղակի ամաչում է բարձրաձայնել. «Ոնց ես այդ մարդկանց ասեմ, որ այստեղ պարեք, ձեր աշխատավարձով անգամ տուն չեք կարող վարձել»,- ասում է պարոն Խառատյանը ու հավելում' եթե այդ հարցը լուծվեր, ապա մեր բալետային խումբը ինտերնացիոնալ ու շատ ավելի հետաքրքիր կդառնար:

Այս նախաձեռնությունը կունենա շարունակություն՝ վստահեցնում է Ռուդոլֆ Խառատյան։ Արդեն գարնանը Հայաստան կգան Ամստերդամի, Տորոնտոյի և Համբուրգի հայազգի մենապարողները ու կպարեն հանդիսատեսի արդեն սիրված բալետներում։ Ռուդոլֆ Խառատյանը չի բացառում, որ առաջիկայում հայաստանյան բալետ պարողները նույնպես հանդես գան եվրոպական հայտնի բալետային խմբերի կազմում։

Այս թեմայով