18 Ապրիլ 2013, 16:21
1446 |

«Bad Boys of Dance» խումբը` Հայաստանում

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը մեկ տարի առաջ մտահղացել է ամերիկյան որևէ պարային խմբի հետ համագործակցելու գաղափարը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն առաջարկը հավանության է արժանացրել ու կազմակերպել ամերիկյան «Bad Boys of Dance» պարախմբի հայաստանյան այցը։ Խումբը 5-ամյա կենսագրություն ունի, տարեկան 150 համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում, ունի միլիոնավոր հավատարիմ երկրպագուներ։ «Bad Boys of Dance»-ի հիմնադիր ու ղեկավար Ռասթա Թոնասն աշակերտել է Ռուդոլֆ Խառատյանին, երբ պարուսուսույցն ապրելիս և աշխատելիս է եղել ԱՄՆ-ում։ Հիմա ուսուցիչ ու աշակերտ համատեղ նախագիծ են իրականացնում'դասական ու ժամանակակից պարերի համադրություն հայաստանյան բեմում։

Ապրիլի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հաջորդ 2 օրերին' Գյումրիում ու Վանաձորում հայ-ամերիկյան պարային ներկայացումը կբացահայտի պարի վարպետների ամենահամարձակ ու ինքնատիպ ձգտումները' անվերջ պտույտներ, փողոցային պարերի ու բալետի ներդաշնակ ընկերակցություն։ Ռուդոլֆ Խառատյանի համոզմունքն է' դասական պարին տիրապետողը կարող է ամեն ինչ պարել, բայց հակառակը միշտ չէ, որ լինում է։ Ռասթա Թոմասը հայ ու ամերիկացի պարողների առաջին իսկ փորձից հետո համոզվել է, որ պարի տարատեսակ ժանրերի հակադիր բևեռները հրաշալի են համակցվում, քանի որ ներկայացման թե հայ, թե ամերիկացի մասնակիցները պրոֆեսիոնալներ են։ Նա չի թաքցնում ուրախության ու հպարտության զգացումը. «Ուսուցիչս ու ես ներկայանում ենք համատեղ ծրագրով, երկուսս էլ պարուսույց ենք. նրա շնորհիվ եմ հասել հաջողությունների։ Պարոն Ռուդոլֆի՝ ինձ տված խորհուրդներն այժմ սաներիս եմ տալիս»։

«Rock the Ballet» և «La Revancha del Tango» պարային ներկայացումները նույն բեմում մեկտեղելու առաջին փորձը եզակի չի լինելու։ Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավարը համատեղ ծրագրերի նոր մտահղացումներ ունի։

Այս թեմայով