26 Նոյեմբեր 2013, 11:00
894 |

Հոլիվուդի հայ աստղը

ՀՀ վաստակավոր արտիստ, կինոյի եւ թատրոնի դերասան, երգիչ Հովհաննես Բանախանյանը մի քանի օրով ընդհատել է հոլիվուդյան կյանքն ու եկել Հայաստան՝ իր բնորոշմամբ «դասական» հանդիսատեսի հետ ծննդյան 45 և ստեղծագործական 30-ամյակներ նշելու համար:

2010-ի փետրվարի 12-ին Նյու Յորքում ինքնաթիռից իջնելիս Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը վստահ էր, որ իրեն սպասում են. 2 օր անց առաջին մենահամերգն արդեն ծրագրված էր: Արտիստը համոզված է. եթե կյանքը դերասանին տալիս է առիթ, պետք է ճիշտ օգտագործել. «Հայաստանում ճանաչված էի, և հենց դա ինձ օգնեց, որ հասնեմ Միացյալ Նահանգներ, փորձեմ անել ավելին, քան արել էի մինչև այդ: Ընկերներս ասում էին, որ մեծ համարձակություն է ընտանյոք հանդերձ տեղափոխվել ուրիշ երկիր, բայց ես գիտեի՝ ուր եմ գնում, ինչու, ինչ կարող եմ անել»:

Դերասանի վստահությունն անհիմն չէր: 1-ին մենահամերգին հաջորդեց ևս 7 համերգ, «Կոնտրաբաս» մոնոներկայացումը, ևս 2 ներկայացում, որի բեմադրիչը հենց Բաբախանյանն էր: Դրանցից մեկում՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», խաղում էր Բաբախանյանների ամբողջ ընտանիքը՝ հայրը, մայրը և 3 երեխաները: Ներկայացումը մեծ արձագանք ստացավ ամերիկյան թատերական աշխարհում: Նյու Յորքից հետո ստեղծագործական ևս մի շրջան՝ Կալիֆորնիայում:

Երևանի Դրամատիկական թատրոնի, կինոյի դերասան Հովհաննես Բաբախանյանին Ամերիկայում ավելի շատ որպես երգչի են ճանաչում: Արտիստը վստահ է՝ աշխարհին այսօր այնպիսի դերասաններ են պետք, որոնք կարող են և՛ երգել, և՛ պարել, և՛ շարժվել և՛ խաղալ, և՛ մեծ էքսպրեսիա ներկայացնել, և՛ տրագիկոմիկ լինել: Ասում է՝ այս ամենն իրեն հայաստանյան ուսուցիչներն են տվել:

Շատերի նման, Հովհաննեսը նույնպես կարծում էր, թե Ամերիկայում լուրջ արվեստ չկա: Բայց արագ հասկացավ՝ ամերիկյան արվեստը միայն popcorn movie-ները չեն: «Ամերիկան այնքան տարբեր է, այնքան մեծ, որ մարդ կարող է ուղղակի խենթանալ: Կարևոր է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվել, թույլ չտալ, որ գետը տանի իր հունով: Պիտի որոշակիորեն քո ղեկը պահես, հատկապես տղամարդու դեպքում, ճիշտ ամրություն ունենաս»:

Հայրիկին հետևելով ամերիկյան կյանքին արագ ընտելացան նաև Բաբախանյան ընտանիքի մյուս անդամները: Աղջիկները սովորում են համալսարանում, տղան՝ ավագ դպրոցում, կինը՝ դերասանուհի Մարի Մսրյան-Բաբախանյանը, ֆոտոմոդել է, կոսմետիկայի գովազդներում է նկարահանվում: Բաբախանյան ընտանիքի ոսկե կանոնը՝ միշտ միասին, թիկունք-թիկունքի, Ամերիկայում ավելի քան ամուր են պահում:

Շուրջ 4 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հանդիսատեսը Հովհաննես Բաբախանյանին միայն օրեր առաջ տեսավ բեմում: Թեև դերասանն այս ընթացքում Հայաստան էլի եկել է, բայց ոչ խաղալու համար: Ամռանը Միացյալ Նահանգներում իր 45 ու ստեղծագործական 30-ամյակները նշեց: Որոշեց դրանից անմասն չթողնել նաև հայաստանցի՝ իր բնորոշմամբ «դասական» հանդիսատեսին: Նոյեմբերի 23-ին իր այցեքարտ «Կոնտրաբաս» մոնոներկայացումը խաղաց Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հաջորդ օրը հարազատ դրամատիկականում ընկերների հետ «Մամա միա»-ն ներկայացրեցին:

Դերասանին մեդալներով պարգևատրեցին Թատերական գործիչների միությունը, Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները: Ասում է՝ Հայաստանն Ամերիկայից տարբերվում է նաև նրանով, որ «հարուստները արվեստում մեծ փողեր չեն ներդնում: Իսկ արվեստն այն ոլորտն է, որտեղ քո ներդրած մեծ փողերը չեն կորչի երբեք»: երասանը հավատում է, որ իրավիճակն աստիճանաբար կփոխվի:

Հովհաննեսը դեռ Հայաստանում է, բայց ընկերն արդեն տեղեկացրել է՝ դեկտեմբերի սկզբին ֆիլմի նկարահանումներ ունի: Հայտնի Ֆրեդդի Կրյուգերի մասին պատմող ռեժիսոր Ջոն Բյուքերի «Լքված հարթավայրը» ֆիլմում խաղալու է 3 գլխավոր դերերից մեկը: Մինչև այդ մի համերգ էլ ունի: Կնկարահանվի, կերգի, բեմ դուրս կգա՝ միշտ ներկայանալով՝ «ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյան»:

Այս թեմայով