21 Նոյեմբեր 2013, 11:43
2491 |

Ֆոտոխցիկ, դեմքեր, կյանք

Շվեյցարացի լուսանկարիչ Թոմաս Լոյդհարդտը ճամփորդում է աշխարհի տարբեր քաղաքներով, բայց ժապավենի վրա անմահացնում է ոչ թե տեսարժան վայրերը, այլ դրանց բնակիչներին: Երկու տարի առաջ նա հյուրընկալվեց Երևանում: Չգիտեր ոչ մի բան, պարզապես հետաքրքիր դեմքեր էր փնտրում: Եվ գտավ: Ճամփորդության մանրամասների մասին պատմում է Թոմասը:

Հայաստանի մայրաքաղաք' Թոմասը ժամանեց 2011 թվականի օգոստոսին: Նպատակը մեկն էր՝ փողոցային լուսանկարչությունը, նախ և առաջ՝ մարդիկ: «Գրեթե չէի պատրաստվել, պարզապես ամրագրել էի չվերթն ու հյուրանոցը և ստացել մուտքի վիզա, — պատմում է Թոմասը, — չեմ սիրում ուսումնասիրել նոր քաղաքը, նախապես հիմնվելով ուրիշների տպավորությունների վրա: Ի դեպ, երբ Google-ում փնտրում ես Yerevan, արդյունքում հիմնականում տուրիստական, «բացիկային» կադրեր են: Մենք ուզում էինք ուրիշ, անծանոթ Երևան տեսնել»: Ի դեպ, անծանոթ լինելու մասին. լուսանկարիչը նաև ասում է, որ իր ծանոթները զարմանում էին, երբ լսում, որ նա պատրաստվում է Երևան մեկնել: Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է այդ տարօրինակ վայրը և ինչու է նա գնում հենց այնտեղ: Պատասխանը կարճ էր. Թոմասի կարծիքով՝ երբեմն պետք է լքես քո հարմարավետության սահմանները, որպեսզի նոր բացահայտումներ անես կյանքում: «Եվ իսկապես, այնպես ստացվեց, որ այս ճամփորդությունը փոխեց իմ և ընկերներիս կյանքը», — հավաստիացնում է նա: Երևան նաև եկավ իր գերմանացի ընկերը, իսկ արդեն այստեղ նրանք համախմբվեցին երկու բեյրութցիների հետ (նրանցից մեկը լիբանանահայ Հուռին էր, որն էլ ապահովում էր խմբի և երևանցիների շփումը):

Արտասհմանցիներին հյուրընկալած Հայկը
Արտասհմանցիներին հյուրընկալած Հայկը

Արդեն ինքնաթիռում Թոմասը բացահայտեց, որ հայոց գրերը բնավ նույնը չեն, ինչ Եվրոպայում օգտագործվող լատինատառը և մնացած այլ ծանոթ գրերը: «Իսկ մենք կարծում էինք, որ գոնե արտաքինով ճանաչում ենք աշխարհում բոլոր գրերը, — խոստովանում է նա, — ամոթ մեզ»: Հաջորդ մարտահրավերը օդանավակայանն էր: Ավելի ճիշտ, այնտեղ միայնակ հայտնվելը: Հոսթելի վարորդը չէր եկել, նրան գտնել հնարավոր չէր, իսկ շուրջբոլորը ոչ ոք չէր խոսում անգլերեն: Ճամփորդների ձեռքին չկար նաև հայկական դրամ, իսկ գլխում՝ ոչ մի գաղափար այն մասին, թե ինչպես կարելի է քաղաք հասնել: «Ստիպված տաքսի նստեցինք, — հիշում է Թոմասը, — և միայն հետո իմացանք, որ սովորականից մի քանի անգամ շատ էինք վճարել, երևի ինչպես բոլոր անպատրաստ տուրիստները»:

Թոմասի խոսքերով՝ այստեղ մարդիկ գրեթե ուշադրություն չէին դարձնում իր և իր ընկերների ֆոտոխցիկներին. «Բավական անսովոր էր, որ մարդիկ մեզ վրա ուշադրություն չեն դարձնում»: Մյուս կողմից, իր խոսքերով, այնպիսի տպավորություն էր, որ խցիկներով զինված զբոսաշրջիկներին այստեղ այդքան էլ սովոր չեն:

Թոմասի համար բոլոր ճամփորդությունների կարևորագույն մասը երկաթուղային կայարան այցելությունն է. «Այնտեղ ես տեսնում եմ քաղաքի բազմազանությունը, — բացատրում է նա, — միայն թե Երևանում կայարանը մեծ չէ, իսկ մարդիկ շատ քիչ են: Փոխարենը, կայարանից ոչ հեռու մենք տեսանք մրգերի ու բանջարեղենի շուկա: Մարդիկ բարեհամբույր էին, ուրախ, մեզ նույնիսկ անվճար մրգեր էին տալիս փորձելու»: Լուսանկարիչներն այնքան ընկերացան տեղացիների հետ, որ դեռ մի քանի անգամ վերադարձան այդ կայարանամերձ շուկան:

Այդուհանդերձ, կայարանային մի լուսանկար Թոմասը ստացավ. «Մի գնացք էր կանգնած, կարծես թե արդեն պետք է շարժվեր: Որոշեցի մտնել, տեսնել՝ ինչ կա ներսում: Վագոնը գրեթե դատարկ էր: Ես արագ մի քանի կադր արեցի ու դուրս եկա՝ գաղափար չունեի, թե ուր է գնում գնացքը, ու Հայաստանում կորչելու ցանկություն չունեի: Իսկ հապճեպ արված կադրը իմ կյանքում արված ամենալավ լուսանկարներից է»:

Մի օր ճամփորդները նստեցին տաքսի ու որոշեցին գնալ քաղաքից դուրս՝ տեսնելու բնությունն ու գյուղերը: Որոշ ժամանակ քշեցին, կանգ առան ճանապարհի կեսին ու հանդիպեցին մի գյուղացի կնոջ, որը հրավիրեց լուսանկարիչներին իր տուն «մի կտոր հաց ուտելու». «Մարդիկ այստեղ այնքան բաց են օտարների նկատմամբ... Արևմուտքում այդպիսի բան հնարավոր չի... — պատմում է Թոմասը: — Բայց ամենահիանալի պահը մեր ճաշն էր դաշտում, երբ մեզ միացել էր նաև կնոջ ամուսինը՝ Հայկը, որը տարիներ առաջ Գերմանիայում ծառայության էր եղել խորհրդային բանակի կազմում: Ճաշը բաղկացած էր հացից, պանրից, կանաչիից, մածունից, լոլիկներից, ջրից ու արաղից: Բայց որքան պարզ էր յդ բաղադրությունը, այնքան անմոռանալի ու անգին էր, իսկական էր այդ պահը ու իսկական էին այդ մարդիկ: Ափսոս, որ աշխարհում բոլորը չեն այդպիսին: Բայց ես գոնե փորձում եմ փոխանցել այդ հիանալի, բարի ու ազնիվ մարդկանց»:

Դատարկ գնացքում արված միակ կադրը
 

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2013

Այս թեմայով