06 Փետրվար 2014, 19:53
9950 |

Հին, բայց վիրտուալ

Մերօրյա Երևանում դժվար է շրջել հին քաղաքի փողոցներով, շոշափել հին քարերն ու շնչել անցյալի հոտը: Անկախության սերնդից քչերը գիտեն, թե ինչպիսի տեսք է ունեցել Օղակաձև զբոսայգին կամ Մաշտոցի պողոտան: Քչերը կիմանան, որ նախկինում «Մոսկվա» կինոթատրոնի տեղում եղել է Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցին… HinYerevan.com կայքը, ուր օգտատերերը միահամուռ ուժերով վերբեռնում են մայրաքաղաքի տարբեր շրջանների լուսանկարներ, հնարավորություն է ընձեռում մի քանի վայրկյանով տեղափոխվել հին Երևան և զգալ տվյալ շրջանի Երևանի համն ու հոտը: Մեծ հետաքրքրությունը, որ առաջացրեց նախագիծը, վկայում է, որ մենք ուզում ենք ճանաչել արդեն անցած Երևանը:

Առաջին լուսանկարը' Սպանդարյան հրապարակի շատրվանները 1974 թվականին, կայքում տեղադրվել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին: Այսօր դրանց թիվն արդեն անցել է հազարը և շարունակում է օրեցօր աճել: Նախագծի հիմնադիրները հասցրել էին համաշխարհային սարդոստայնում ուսումնասիրել նմանատիպ երկու ռուսաստանյան կայքեր՝ Oldmos.ru և Oldsp.ru, նվիրված Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի անցյալին, բայց նշում են, որ բավական առաջ են անցել ռուս կոլեգաներից: Մասնավորապես, եթե Oldmos.ru կայքն իր էջերում տեղադրում է 1835 թվականից մինչ 2000 թվականը ընկած ժամանակահատվածի լուսանկարներ, ապա HinYerevan.com–ում լուսանկարների տարեգրությունը սկսվում է 1826 թվականից:

Կայքում տեղ գտած յուրաքանչյուր լուսանկար անմիջապես հայտնվում է Google Map Maker-ի քարտեզա-գրաֆիկական ծառայության կողմից ստեղծված քարտեզի վրա և կայքի յուրաքանչյուր այցելու կարող է տեղեկանալ արված լուսանկարի տեղանքին:

Կայքում արդեն կա 1000-ից ավելի նկար
Կայքում արդեն կա 1000-ից ավելի նկար

Ի դեպ, լուսանկար կարող է տեղադրել յուրաքանչյուր օգտատեր, պետք է միայն գրանցվել կայքում: Լուսանկարների մեջ նաև կան այնպիսիները' հարյուրից ավելի, որոնք տրամադրել է Երևանի պատմության թանգարանը, ինչպես նաև «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Այդուհանդերձ, առավել մեծ աղբյուր են հին ալբոմները. ԽՍՀՄ-ի օրոք ամեն տարի լուսանկարների ալբոմներ էին թողարկվում, որտեղ ներկայացվում էր տվյալ տարվա Հայկական ՍՍՀ-ի առաջընթացը: Այդ հրատարակությունները, իհարկե, շատերի տներում են պահպանվել, իրենք էլ չեն զլանում, ավելացնում են դրանք կայքում: Կայքի ղեկավարությունը բոլոր դեպքերում պատրաստ է պաշտպանել լուսանկարների հեղինակային իրավունքները:

Կայքում տեղ գտած լուսանկարներից ամենահետաքրքիրների շարքում է 1796 թվականի՝ արճիճային տպագրությամբ արված պատկերը, որում անմահացրած է Երևանի բերդը: Այս կադրը գլխավորում է ամենից շատ մեկնաբանություններ ունեցողների ցուցակը: Շատ են մեկնաբանում նաև Կարմիր կամուրջի լուսանկարը: Ամենաշատ դիտված լուսանկարը Փակ շուկայի լուսանկարն է: Շատ են դիտում նաև տրամվայի լուսանկարները, երևի որովհետև այդ փոխադրամիջոցը հասցրել է դառնալ Երևանի ռետրո խորհրդանիշներից մեկը:

Քարտեզի վրա նշվում են ավելացվող կադրերը
Քարտեզի վրա նշվում են ավելացվող կադրերը

«Կայքի նպատակը հին Երևանի լուսանկարների համակարգված պահոց ստեղծելն է: Մինչ այս չկար մի կայք, որը համակարգված կներկայացներ հին Երևանի լուսանկարները: Սա, ըստ իս, պետք է աներ Երևանի պատմության թանգարանը, որն ունի կայք և հարուստ ֆոտոդարան: Այսօրվա սերունդը ցանկանում է լուսանկարներ և փաստավավերագրական նկարահանված տեսանյութեր դիտել: Նման կայքի կարիք կար, և սա կարծես յուրօրինակ հիշեցում էր քաղաքային իշխանություններին, որ հին Երևանը ժամանակին համահունչ է զարգացել: Մենք մեր հնությունը չենք սիրում, կորցնում ենք, նոր հետո ափսոսում կորցրածի համար: Էրեբունի ամրոցը մի կողմ դնելով, կարող ենք փաստել, որ այսօր Երևանում կանգուն մնացած ամենահին շենքը Կապույտ մզկիթն է, ապա ԱՕԿՍ-ի շենքը, ինչպես նաև Հանրապետություն փողոցի մի քանի պատմական շենքեր: Իսկ Հին Երևանը թաղեցինք էլիտար շինարարության տակ», — ասում է HinYerevan.com-ի համակարգող Գալուստ Նանյանը և ավելացնում. «Շուտով Երևան քաղաքը կնշի իր 2800-ամյակը, բայց չունենք մի վայր, որտեղ կարող ենք հին Երևանը հիշել: Ասում ենք Հռոմից մեծ ենք, բայց ո՞ւր է, չկա»:

Կայքի առաջին լուսա- նկարը` Սպանդարյան հրապարակը 1974-ին
Կայքի առաջին լուսանկարը` Սպանդարյան հրապարակը 1974-ին

Կայքը կոմերցիոն բնույթ չի կրում, բայց հետագայում կա գաղափար դուրս գալ վիրտուալ տարածքից և կուտակված նյութերի հիման վրա հրատարակել «Հին Երևան» օրացույցներ, վերնաշապիկներ և այլն: Թվում է՝ այն օգտատերերը, ովքեր հաճույքով ուսումնասիրում են լուսանկարները, միայն ուրախ կլինեն, իսկ քաղաքի անցյալն էլ մի փոքր ավելի հասանելի կդառնա:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

Այս թեմայով