24 Հոկտեմբեր 2013, 15:25
2034 |

Գունաբաժանում. Հրանտ Միրզոյան

Նկարիչ Հրանտ Միրզոյանը համոզված է՝ գույները մատների նման են, չես կարող ընտրել մեկնումեկն ու ասել` սա իմ սիրելին է: Միևնույն ժամանակ չի ժխտում սպիտակի թեթև գերիշխանությունը:

Երբ առաջին անգամ պետք է յուղաներկով նկարեի' խառնվեցի իրար: Գույների պայծառությունն ու բազմազանությունը շփոթեցրեց ինձ: Այդ ժամանակ շատ էի օգտագործում սպիտակը՝ կարծես փրկեր ինձ մյուս գույների տարափից: Հետո հասկացա, որ իրականում գույների ու երանգների այդ հոծ բազմությունը ամփոփվում է լույսի ու ստվերի հարաբերությամբ:

Գույների ընտրությունը ներքին վիճակից, տրամադրությունից է կախված: Հետաքրքիրն այն է, որ հոգեկան նույնիսկ ամենածանր պահին կարող է վառ գույներով նկար ծնվել: Փրկության միջոց է' հոգուս մուգ գույները կտավի վրա պայծառ երանգներով եմ արտահայտում: Դիտողին դրական էմոցիաներ են տալիս, ինքս էլ հանգստանում եմ: Տրամադրությունն ու հոգեվիճակը գույների մտերիմ ընկերներն են:

Գույները մատների նման են, չես կարող ընտրել մեկնումեկն ու ասել' սա իմ սիրելին է: Ավելի լավ է ինձ տարբեր գույների շրջաններով բնութագրեմ: Մի ժամանակահատված ես կանաչի երանգներն էի, հետո' մուգ, այժմ էլ՝ բաց, եթերային գույներն են ինձ բնութագրում:

Գույների օգտագործումը դոգմատիկ չէ: Առօրյայում պարզապես տանել չեմ կարողանում վառ կանաչ կամ ճչացող վարդագույնը: Բայց կտավներումս այդ գույները հաստատ կգտնեք:

Նկատել եմ' գնորդներն ավելի բաց ու հանգիստ գույներով կտավներ են նախընտրում, բայց իմ ներաշխարհը բազմագույն է' ամփոփված որոշակի երանգներով:

Գույները պետք է ներդաշնակության մեջ լինեն թե միմյանց, թե ինձ հետ: Գույներն ինձ համար իմաստակիր չեն, բայց արտահայտում են զգացմունքներս: Կան գույներ, որ միայնակ չեն նայվում, բայց երբ սկսում են զրուցել միմյանց հետ, էմոցիա են արտահայտում՝ իմաստ ձեռք բերելով:

Առանց ներդաշնակության ցանկացած գույնը կարող է փչացնել պատկերը: Իսկ իմ գույների ներդաշնակությունը կոնտրաստի մեջ է:

Հիմնականում մաքուր գույներով չեմ աշխատում, խառնում եմ ու ստանում անհրաժեշտ երանգները: Կտավին գույները հանձնելուց հետո անպայման պետք է զարմանաս: Իմաստը հենց դա է, այլապես նոր նկար չես կարող նկարել: Գույներին ինչ-որ բան համոզելը դժվար է: Նրանց հետ դու-ով եմ խոսում:

Ագրեսիվ գույներ չկան: Նկարչությունն ազատություն է, գույները չեն կարող բնորոշումներ ունենալ: Համադրության մեջ նրանք տարբեր ինֆորմացիայի իմաստակիրներ են: Գույները չեն կարող գոյություն ունենալ առանց ֆորմաների: Դրանք անզոր են կենդանանալ, եթե ֆորման անհետաքրքիր է: Երևանը վառ գույներով եմ տեսնում' իր կոլորիտը բազմերանգ է:

Այս թեմայով