22 Հոկտեմբեր 2013, 12:30
1675 |

Առաջին ու վերջին անգամ

Նկարիչների միությունը տարօրինակորեն բազմամարդ էր. քանդակագործ Յուրի Մինասյանը որոշել էր վերջապես անհատական ցուցահանդես կազմակերպել: Ներկա էին բոլոր-բոլորը:

Նկարիչների Միությունում քանդակագործ Յուրի Մինասյանի անհատական ցուցահանդեսն էր։ Այստեղ են ասել' վերջապես։ Դեռ 1967-ից հայ ու համամիութենական քանդակի աշխարհում հայտնի արվեստագետը ոչ մի անգամ անհատական ցուցահանդես չի ունեցել։ Խմբակայինների բազմաթիվ անգամ է մասնակցել թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ «Անհատական առաջին ու վերջին ցուցահանդեսս է, էլ չեմ անելու,- ասաց քանդակագործը,- ես նկարիչ չեմ, որ հաճախակի ցուցահանդեսներ բացեմ։ 3 օրում քանդակի նույնիսկ էսքիզ հնարավոր չէ անել»։

Քանդակներից բացի ցուցադրված էին էսքիզներ ու գրաֆիկական աշխատանքներ, նաև մոնումենտալ գործերի լուսանկարներ' Մոսկվայի աստղադիտարանի դիմաց տեղադրված հռոմեական դիցաբանության աստվածների արձանները, Երևանում ամեն օր մեզ հանդիպող «Մայրություն», «Երաժշտություն» քանդակները։ Դրսում ապրելու և աշխատելու մասին լսել անգամ չի ուզում. «Իմ մի կողը մշեցի է,-ասաց ու ցույց տվեց կողոսկրը,- մյուսը' թիֆլիսեցի։ Ես իմ հողից ոչ մի տեղ չեմ գնա, ինչ է թե ճաշիս սեղանը մի քիչ ճո՞խ է լինելու»։

Պետական պատվերներ ստանալու հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչ պետություն, ի՞նչ պատվեր»։ Մոնումենտալ քանդակներ ստեղծելու հարցս նույնպես կարճ պատասխան ունեցավ. «Մոնումենտալ քանդակին մոնումենտալ փող է պետք»։

Էսքիզներ ու նոր մտահղացումներ շատ ունի. մեր օրերում արվեստի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի, աղճատված արժեհամակարգի դեմ ընդվզումն արտահայտում է նաև քանդակի տեսքով. «Եթե այդպիսի գործերը դիտում ու հավանում են, ուրեմն բողոքս տեղ է հասել. դա էլ իմ պայքարի ձևն է։ Երեկ գիշերը, երբ ցուցասրահը պատրաստեցինք, գործերս տեղադրեցինք, կանգնեցի, մի լավ նայեցի ու մի պահ չհավատացի, որ դրանց հեղինակը ես եմ։ Էս բոլորն իմ զավակներն են, բոլորին հատ-հատ սիրում եմ, որովհետև տանջանքով եմ ստեղծել»։

Նոր աշխատանք ստեղծելու գաղափարը վայրկենապես է ծնվում, ասենք, երբ առավոտյան տնից դուրս է գալիս, ու սառը օդը խփում է դեմքին։ Բայց գերադասելի է, որ նոր գաղափարները կամերային չափերից չանցնեն, թե չէ էլի էսքիզ կմնան'սպիտակ թղթի սահմաններում։

Այս թեմայով