30 Ապրիլ 2014, 18:55
1600 |

Ճշմարիտ երևանցին

«Պատվավոր երևանցու» կոչումին քչերն են արժանանում՝ քաղաքին իրենց նվիրվածության, ներդրած ավանդի, արժեքները պահպանելու, քարոզելու և քաղաքի անբաժան մասնիկը դառնալու շնորհիվ: 91-ամյա նկարիչ Խաչատուր Իսկանդարյանն այս բոլոր արժանիքների կրողն է, ով իր երկարամյա բեղուն կյանքի ընթացքում մայրաքաղաքը հարստացրել է բազմազան ժանրային քանդակներով, վավերացրել հին Երևանի գողտրիկ անկյուններն ու սիրով հավաքել քաղաքային կենցաղը խորհրդանշող զանազան իրեր ու դեկորատիվ դետալներ:

Ապրիլի 30-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց Խաչատուր Իսկանդարյան գեղանկարչի, քանդակագործի ու հավաքորդի ցուցահանդեսը: Արդեն պատկառելի տարիքի այդ արվեստագետի աշխատանքներով կարելի է հավաքել հին ու բարի Երևանի պատկերը: Նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներում ամբողջանում է 50-70-ականների Երևանը՝ իր հայտնի ու անհայտ տեսարաններով, այնպիսին, ինչպիսին դաջվել է նրա հիշողության մեջ՝ այսօր արդեն անվանափոխված Սադովայա, Կրիվոյ փողոցները, Օրբելու փողոցը, նախկին «Կռունկ» ռեստորանը, քաղաքային բնապատկերների կարծրացած հուշեր: Փոքր չափերի ձուլածո արձաններում քաղաքային կոլորիտը ստեղծող բնակիչներն են, լեգենդ դարձած Կարաբալան, վաճառականներ ու անցորդներ, հայ վարպետները՝ Մարտիրոս Սարյան, Կոմիտաս: Իսկ ցուցասրահի առանձին սենյակում ամփոփված են իրեր գեղանկարչի անձնական հավաքածուից՝ սկսած սեղանի պարագաներից, լամպերից, արդուկներից ու վերջացրած փողոցային լապտերներով՝ պատառիկներ հին քաղաքի կենցաղից ու պատմությունից:

«Երբ քանդակից հոգնում եմ, զբաղվում եմ գեղանկարով կամ գրաֆիկայով: Շատ եմ ճանապարհորդել, և այնպես է ստացվել, որ Երևանում քանդակել եմ, իսկ ճանապարհորդելիս՝ նկարել»,- անկեղծանում է վարպետը: Բնիկ երևանցին, որը ծնված օրից ապրել և ստեղծագործել է իր հարազատ քաղաքում, իր մեջ կրում է այդ քաղաքի պատմության կարևոր ու արժեքավոր դրվագները և այսօր էլ շարունակում է զարմացնել իր կայտառությամբ ու կյանքի հանդեպ սիրով:

Այս թեմայով