17 Հոկտեմբեր 2013, 09:45
1986 |

Քաջ Նազարը՝ կրքոտ թրիլլեր

Նոր ֆիլմ, որտեղ հոգևորականը ներկայանում է որպես շեկ սատանա, իսկ գահի տակ արյուն, սպանություն կա:

Ռեժիսոր Արմեն Ռոնովը նկարահանում է նոր ֆիլմ' «Քաջ Նազար»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն պիեսի: Նրա ֆիլմերը միշտ քննադատությունների են արժանանում, բոյկոտվում, սակայն դա ռեժիսորին չի ընկճում: «Քաջ Նազարը» նույնպես կբոյկոտվի: Ռոնովն այս անգամ հանդգնել է ծաղրել հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչին' հոգևոր հորը' ներկայացնելով նրան որպես շեկ սատանա: Հոգևորականի կերպարը կմարմնավորի տաղանդավոր դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: Նա այնպես կտրանսֆորմացվի, որ, ռեժիսորի խոսքով, ոչ ոք չի ճանաչի: Աստծո հետ ունեցած հարաբերությունների մասին ռեժիսորը չի պատմում, հոգևոր հոր կերպարի պատճառով երկնային պատժից չի վախենում. «Աստծո գործերն անքննելի են: Հայր Աբրահամի սեղանից հաց փախցնողներինը՝ քննելի: Ուրեմն իմ գործը՝ իբրև վիզուալ պատմիչ, վերը նշվածի մասին արժեքավոր է թե' մեզ համար, թե' օտարների»։

Ֆիլմի հիմքում դրված է նաև այն գաղափարը, որ իշխանության հասնում են արյան, սպանությունների գնով: Յուրաքանչյուր մարդ գիտակցում է սա, սակայն ոչ բոլորն են համարձակվում խոսել այս մասին: Նախկինում գոյություն ուներ գրաքննություն ու նման խնդիրների բարձրաձայնումը կանխվում էր մինչև նկարահանում: Սակայն այսօր որոշակի իրադարձությունների հանրային և իրավական գնահատականների հակասության դեպքում արդյոք չե՞ն փակվի կինոթատրոնների դռները նման ֆիլմի առջև. ռեժիսորն անսասան է:

Ֆիլմը կառանձնանա նաև իր երաժշտական ձևավորմամբ. «Կհնչի ռեպ: Երգը և երաժշտական կոմպոզիցիան իրականացնելու է ճապոնացի սյուրռեալիստ կոմպոզիտոր Միզուշիմա Միտսուռու-Ակայկոն: Երաժշտությունը կմշակվի հայկական միջնադարյան խազերի ավանդույթների հիման վրա:Երաժիշտը «Նո» թատրոնի կոմպոզիտորներից է, որի հետ համագործակցում եմ երկար տարիներ»:

Ռեժիսորն ընդգծում է նաև, որ ֆիլմը շատ դաժան է ստացվելու: Ի դեպ, նա իր ֆիլմերի և' ռեժիսորն է, և' օպերատորը, և' սցենարիստը, և' նկարիչը:
Ֆիլմի հերոսներից Քաջ Նազարին կմարմնավորի Ռաֆայել Քոթանջյանը, Ուստիանին' Տաթև Մելքոնյանը, իսկ Նարցիսին' Անդրանիկ Ղազարյանը:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Կասկադում, Արագածի վրա, ինչպես նաև Սևանի ավազանում գտնվող Ծովագյուղի միստիկ վայրերից մեկում' 18-րդ դարից մնացած ճարտարապետական կոթողում: Ֆիլմը նախատեսված է 12-ից բարձր տարիքի անձանց համար: ՀՀ, ՌԴ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի նկարիչների միության պատվավոր անդամ, ինչպես նաև կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի և ՀՀ կինեմատոգրաֆիստների, թատերական գործիչների միությունների անդամ Արմեն Ռոնովը նկարահանել է մեկ տասնյակից ավելի ֆիլմեր, այդ թվում՝ «Ահա, կույսը արգանդում», «Ստվերներ», «Հակոբ Հակոբյան», «Աննա Կարենինա», «Հանճարների արքայազնը», «Վան Խաչատուր», «Քո ցավը իմն է», «Իմ փոքրիկ իշխանը» և այլ ֆիմեր:

Չնայած նրա ֆիլմերը քննադատվում են, սակայն հասցրել են արժանանալ մի շարք մրցանակների, որոնցից են ААFCCJ' կինոդեբյուտ, Festiwal Filmow Amatorskich' լավագույն ֆիլմ, «Ես եմ» կինոփառատոն' օրիգինալ լուծումների համար, FLUXXUS.EU' ոչ ավանդական կինոգործիչ, «Ուղերձ Մարդուն»' կինոլեզվի նոր հնարավորությունների որոնման համար, НЕВСКИЙ БЛАГОВЕСТ-2010' օրիգինալ լուծումների համար և այլն:

Նրա հերթական սխրագրոծությունը՝ «Քաջ Նազարը», հանդիսատեսի դատին կհանձնվի 2014-ին:

Այս թեմայով