10 Հոկտեմբեր 2013, 17:00
402 |

Ջազաֆիկացում

Հոկտեմբերի 23-30-ը Երևանում հայկական ջազի շաբաթ է սպասվում, որը նախաձեռնել է Մեցցո Փրոդաքշնը: Երաժիշտների ընտրության, շաբաթվա ընթացքում ծրագրված ելույթների և դրանց կարևորության մասին մանրամասները՝ Մեցցո Փրոդաքշնի տնօրեն Անի Սաղոյանից:

Ջազի շաբաթը կազմակերպելու առիթը, փաստորեն, հայկական ջազի 75-ամյա՞կն է:

- Այո, չէինք կարող անտարբեր անցնել նման լուրջ տարեդարձի կողքով, և քանի որ այդ առիթով միջոցառում կազմակերպելու առաջարկներ շատ էինք ստացել, որոշեցինք մեկ շաբաթ համերգների միջոցով մեր հարգանքի տուրքը մատուցել հայկական ջազին և այդ ժանրում ստեղծագործող հայ երաժիշտներին: Ջազի շաբաթն անցկացնելու օրերն ընտրել ենք՝ համաձայնեցնելով երաժիշտների հագեցած ժամանակացույցի հետ:

Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդի մասնակցությունը ջազի շաբաթին տրամաբանական էր, իսկ ովքեր են մյուս մասնակիցները:

- Առանձնահատուկ կշեշտեի Թավիջյան եղբայրներին Մակեդոնիայից: Տիրանն ու Գարոն Եվրոպայում արդեն երկար ժամանակ է, ինչ լայն ճանաչում ունեն, նրանց երաժշտությունը գնահատում և լսում են այնտեղ, մինչդեռ Հայաստանում նրանց շատ քիչ մարդիկ են ճանաչում: Հոկտեմբերի 23-ին և 24-ին եղբայրներն առաջին անգամ ելույթ կունենան Հայաստանում, բայց հույս ունենք, որ այսուհետ ավելի հաճախ կհայտնվեն հայկական բեմում:

Ջազի շաբաթին մասնակցելու է ևս մեկ հայազգի ջազմեն, որն ապրում և ստեղծագործում է Ավստրիայում: Խոսքը Մայք Մոսեսյանի մասին է, որը ելույթ կունենա բացման գալա-համերգի ժամանակ, ինչպես նաև առանձին համերգ կտա իր տրիոյով հոկտեմբերի 25-ին: Մայիս ամսին նա արդեն հասցրել է ելույթ ունենալ այստեղ և շատ դրական արձագանք է ստացել, այնպես որ հանդիսատեսը ուրախ կլինի կրկին տեսնել նրան բեմում:

Հայկական ջազի շաբաթի շրջանակում փորձել ենք ներգրավել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան հայ ջազ երաժիշտներին: Ի դեպ, շատ ենք ափսոսում, որ մեզ հետ չի լինի Վահագն Հայրապետյանը, նա հյուրախաղերի է մեկնել և միայն շաբաթվա վերջում այստեղ լինի: Առանց նրա հայկական ջազն այսօր դժվար է պատկերացնել:

Ի՞նչ է սպասվում բացման գալա-համերգին:

- Հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կես ժամ ելույթ կունենան Թավիջյան եղբայրները, կես ժամ՝ Մայք Մոսեսյանն իր տրիոյով և մոտ 45 րոպե կտևի Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդի ելույթը: Իսկ հոկտեմբերի 24-30 համերգների շարքը կշարունակվի «Մեցցո» ակումբում:

Հայաստանյան ջազ երաժիշտներից ո՞ւմ եք ներգրավել համերգաշարում:

- Հոկտեմբերի 27-ին ելույթ կունենան Անուշիկ Ալավերդյանն ու Կարեն Մամիկոնյան բենդը, իսկ հոկտեմբերի 29-ին՝ Մարինե Հակոբյանն ու «Free Form» ջազ բենդը: Նրանք «Մեցցո» ակումբի ռեզիդենտ երաժիշտներն են, որոնք ամեն շաբաթ ելույթ են ունենում ակումբում: Հոկտեմբերի 26-ին «Չիկո և ընկերներ» ջազ բենդը հանդես կգա ջեմ սեյշնով, այսինքն՝ ամբողջ երեկո սպասվում է իմպրովիզացիա, առանց որի ջազը ջազ չէր լինի: Հոկտեմբերի 28-ին «Ջազի շաբաթի» շրջանակում ելույթ կունենա «Նյուանս» էթնո-ջազ բենդը: Իսկ կավարտվի շաբաթը Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի համերգ-երեկոյով:

Հայկական ջազի շաբաթվա ընթացքում միայն հայկակա՞ն ջազ ենք լսելու:

- Գլխավորապես, այո, հայկական ջազ է հնչելու: Բայց դրա հետ մեկտեղ երաժիշտները չեն շրջանցի նաև համաշխարահային ջազի հանրահայտ ստեղծագործությունները, որոնց նույնպես զգալի տեղ է հատկացված համերգային ծրագրում: Մեզ համար հատկապես կարևոր է վերջին համերգ-երեկոն, որի ժամանակ կհնչեն Երվանդ Երզնկյանի ոչ այնքան հայտնի և ոչ հաճախ կատարված երաժշտական ստեղծագործություններ: Մենք բոլորս նրան առավելապես ճանաչում ենք որպես էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդի գեղարվեստական ղեկավար, մինչդեռ կարևոր է գնահատել նրան նաև որպես կոմպոզիտոր: Բացի այդ, այս տարի լրանում է ոչ միայն հայկական ջազի, այլև Մարտին Վարդազարյանի 75-ամյակը, այնպես որ վերջին երեկոն կրկնակի հոբելյանական է լինելու: Կհնչեն և կցուցադրվեն նաև հատվածներ ֆիլմերից, որոնցում օգտագործվել են այդ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Մի ամբողջ շաբաթ՝ նվիրված հայկական ջազին. նման մասշտաբային միջոցառում առաջի՞ն անգամ եք նախաձեռնում:

- Առաջին, բայց ոչ վերջին: Ջազի շաբաթը նպատակ ունի այդ ժանրին ծանոթ հանդիսատեսին նվիրել ևս մի քանի հաճելի երեկո: Իսկ նրանք, ովքեր չեն լսել կամ դեռ չեն սիրում այդ ժանրը, հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալու դրա նրբություններին: Նոյեմբերին ծրագրում ենք մի ամբողջ շաբաթ նվիրել բլյուզին, իսկ հաջորդ տարի կանդրադառնանք նաև երաժշտության այլ ժանրերին, այնպես որ ամեն ինչ առջևում է:

Այս թեմայով