30 Հունիս 2012, 01:27
655 |

Խաղային պրակտիկա

Ժամանակակից աշխարհում չի կարող լինել որևէ միջոցառում առանց պատկերանիշի, անկախ նրանից՝ երեկույթ է, թե սպորտային մրցում: Էլ ո՜ւր մնաց այնպիսի իրադարձություն, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը: 20-դարի սկզբին նրանք ստացան հայտնի գունավոր օղերը, որոնք վաղուց արդեն դարձել են օլիմպիական շարժման մշտական խորհդանիշ: 1924-ի փարիզյան խաղերից սկսած էլ յուրաքանչյուր օլիմպիադա ստանում է իր պատկերանիշը: Աշխարհի ամենամեծ սպորտային տոնը Հայաստանում դեռ անց չի կացվել, բայց լավատեսությունը ապագայի բանալին է: Yereven Productions-ի դիզայներները գործի դրեցին իրենց երևակայությունն ու պատկերեցին Հայաստանում անպայման օրերից մի օր կայանալիք ամառային ու ձմեռային Օլիմպիական խաղերի խորհդանշանների էսքիզները: Ո՞վ գիտի. միգուցե այս աշխատանքներից մեկը հիմք հանդիսանա արդեն իսկական օլիմպիադայի պատկերանշանի համար:

Սարգիս Անտոնյան

2084 թվականի Օլիմպիական խաղեր, Նաիրի
2044 թվականի Պարալիմպիկ խաղեր, Արմավիր

21-րդ դարի վերջում մարդիկ կստեղծեն Օլիմպուս անունով ահռելի թռչող կղզին, բայց դա ոչ թե աստվածների բնակավայրը կլինի, այլ ունիվերսալ օլիմպիական քաղաք: Չորս տարին մեկ այն հերթական քաղաքի մոտ կհանգրվանի ու ամբողջ Օլիմպիադայի ընթացքում կախված կմնա նրա վրա: 2084-ի Օլիմպիական խաղերի անցկացման վայրը կլինի դեռ գոյություն չունեցող նոր հայկական քաղաքը՝ Նաիրին:

Պատկերանշանը ստեղծել եմ՝ առաջնորդվելով իմ սիրած ճարտարապետ Լյուդվիգ Միս Վան Դեռ Ռոեի «ինչքան քիչ, այնքան լավ» սկզբունքով: Դրա համար էլ քաղաքի անունն ու անցկացման վայրը բավականին պարզ են մտածված: Nairi անունը, ի դեպ, գրել եմ սովորական երկրաչափական ֆորմաների միջոցով, որոնք որքան պարզ, այնքան էլ ծանրակշիռ ու բազմակողմանի են: Պարզության նույն սկզբունքով էլ ստեղծել եմ կից տպագրական նյութերն ու առանձին սպորտաձևերի պաստառները: Որպես խորհրդանիշ ընտրել եմ հայկական ամենահին գրաֆիկակական խորհդանիշերից մեկը՝ վիշապը: Սկզբում այն հանդիպում էր քարե արձանների՝ վիշապաքարերի տեսքով, հետ հայտնվեց խալիների՝ վիշապագորգերի մեջ: Բացի դրանից, ըստ չինական հորոսկոպի՝ 2084-ը Վիշապի տարի է:

Որպես Արմավիրի 2044-ի Պարալիմպիկ խաղերի պատկերանիշի հիմք օգտագործել եմ թեթևակի կլոր, հոդեր հիշեցնող անկյուններով շրջանակ: Այս ֆիգուրան շարժվում է շնորհիվ շրջանակի մեջ գտնվող օլիմպիական ծաղիկների 5 շարքերի: Սա ասոցիատիվ գրաֆիկայի տեսակ է՝ պատկերվածն ամեն ոք այն յուրովի կըմբռնի ու տպավորություններն էլ ավելի խորը կլինեն: 

Սեղանի թենիսի ու լողի մրցումների պաստառների տարբերակներ, որոնք նախատեսվում է անցկացնել Արտաշատում ու վերածնված Բագավանում (լուսանկարի բնութագրում):

Արսեն Կիրակոսյան

2072 թվականի Օլիմպիական խաղեր, Վան

Ճիշտն ասած՝ սկզբում ծրագրում էի Օլիմպիադան 2222-ին անց կացնել, բայց հետո խնդրին ավելի լավատեսորեն սկսեցի նայել: Կարծում եմ, որ 60 տարի անց ( այդ ժամանակ Հայաստանն արդեն կկարողանա Օլիմպիական խաղերի պես լայնամասշտաբ միջոցառում կազմակերպել) մենք հնարավորություն կունենանք խաղերն անցկացնել հին հայկական մայրաքաղաք Վանում, որն այսօր Թուրքիայի տարածքում է: Երկար փնտրտուքից հետո ես գտա իմ կարծիքով ունիվերսալ գրաֆիկական լուծում՝ կոմպոզիցիան Արարատ լեռան շուրջ կառուցելով: Այն միայն հայերի սուրբ խորհրդանիշը չէ. այս դեպքում այն նաև կորստյալ հայրենիքի վերադարձի նշանն է: 2072-ի Օլիմպիադայի ժամանակ լեռանը կկարողանանք նայել ցանկացած դիրքից: Ահա, այսպես. սահուն գծերը կազմում են Արարատի ուրվագիծը ու միաժամանակ պատկերում քաղաքի լատինատառ անվանումը՝ Van: Որպես թալիսման սովորաբար ընտրում են խաղերի անց կացման վայրին բնորոշ կենդանիների կերպարներ: Վանն ընտրելուն պես ինքնին պարզ դարձավ, որ թալիսման կլինի հայտնի Վանա կատուն, որն իր ցեղակիցներից առանձնանում է նրանով, որ հիանալի լողում է ու ունի տարբեր գույնի աչքեր՝ կապույտ և կանաչ: Ու քանի որ միջոցառումը տեղի է ունենալու բավական հեռավոր ապագայում, 2072-ի Օլիմպիական խաղերի թալիսմանը պատկերված է հայ թեք ոճով:

Վիլյամ Կարապետյան

2044 թվականի Օլիմպիական խաղեր, Երևան
2042 թվականի Ձմեռային օլիմպիական խաղեր, Ծաղկաձոր

2044-ի երևանյան Օլիմպիական խաղերի իմ պատկերանիշի հիմքում ընկած է հայկական եռագույնի գույներով զարդարված արևի ոճավորված ժայռապատկերը: Շրջանը, լինելով կատարյալ երկրաչափական ֆիգուրա, Երկրի ու անվերջության խորհրդանիշն է: Այն առկա է նաև որոշ օլիմպիական սպորտաձևերում, ինչպես, օրինակ՝ հեծանվասպորտում ու ջրային պոլոյում: Հաշվի առնելով պատկերանիշի «արևայնությունը»՝ տրամաբանական կլիներ որպես թալիսման առյուծին ընտրել, որն արծիվի հետ միասին ասոցացվում է կենսատու երկնային մարմնի ու արիական ակունքների հետ: Դրա «ազգությունը» շեշտելու համար ես կիրառեցի ոճավորման մեթոդը՝ Օլիմպիադայի թալիսմանը հիմնված է առյուծի բարելիեֆային պատկերների վրա, որոնք հաճախ են հանդիպում հայկական տաճարներում, օրինակ՝ Գեղարդում:

Ծաղկաձորի Ձմեռային օլիմպիական խաղերի պատկերանշանը շատ ավելի հեշտ ստացվեց. կոմպոզիցիայի կենտրոնում աստվածաշնչյան լեռան՝ Արարատի հեշտ ճանաչելի ուրվագիծն է: Չնայած քիչ հավանական է, որ խաղերի ժամանակ նրա լանջերով դահուկորդներ իջնեն: 

Այս թեմայով