30 Օգոստոս 2013, 16:31
740 |

Մութ ու լուս աշխարհ

Թումանյանի հարկի տակ 100 դրամ արժողությամբ բարեգործական տոմսակներ են թողարկվել։ Խորհրդանշական գումարը հանգանակություն է, որը հատկացվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին։

Թումանյանի տուն-թանգարանում վհուկ կա։ Նա կանգնած է նոր սրահի` «Մութ ու լուս աշխարհի» մուտքի առջև, ու ներս է թողնելու միայն նրանց, ովքեր կպատասխանեն իր հարցերին։ Հարցերն էլ մեծ մասամբ հանելուկներ են։ Թանգարանի նախահարկում սարդոստայնով պատված դուռ կա, սարդն էլ` վրան։ Նա է հսկում «Մութ ու լուս աշխարհը», բանալին էլ փորի տակ է պահում։ Հենց պատասխանեք վհուկի հարցերին, կարող եք բանալին վերցնել, դուռը բացել ու ներս մտնել։ Վհուկն էլ, այդ պահից սկսած, հեզ ու խոնարհ փերի կդառնա։

«Թող հավերժ լինի հեքիաթը» խորագրով նախագծի մտահղացումը Թումանյանի տուն-թանգարանինն է։ «Interactiv world» ընկերությունը կյանքի է կոչել մտահղացումը և 3D համակարգով ստեղծել «Ձախորդ Փանոսը» հեքիաթի անիմացիան։ Սրահի այցելուները 3D ակնոցով կարող են դիտել 3-4 րոպե տևողությամբ հեքիաթի անիմացիան` միաժամանակ մասնակիցը դառնալով Փանոսի գործողություններին, ավելի ճիշտ` կրելով Ձախորդի ձախորդությունների հետևանքները.  Փանոսը ծառ է կտրում, տաշեղները թռչում-դիպչում են «Մութ ու լուս աշխարհի» այցելուներին, ծառից խնձորը համարյա ընկնում է նրանց գլխին և այսպես շարունակ։

Ստերեոսկոպիկ 3D անիմացիան Հայաստանի թանգարանային պատմության մեջ առաջին դեպքն է։ Արտասահմանյան երկրներում դրան վաղուց են ծանոթ։ «Ձախորդ Փանոսը» հեքիաթից օգտագործվել են միայն գլխավոր հերոսի գործողությունները։ Շուտով նույն համակարգով մանուկները կհայտնվեն Թումանյանի մյուս հեքիաթների միջավայրում։ Թումանյանի հարկի տակ 100 դրամ արժողությամբ բարեգործական տոմսակներ են թողարկվել։ Այցելուները դրանք պետք է գնեն, հետո նոր միայն անցնեն վհուկի փորձությունների միջով։  Խորհրդանշական գումարը հանգանակություն է, որը հատկացվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին։

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մտադիր է իրականություն դարձնել մյուս ծրագրերը ևս` նախահարկն ամբողջությամբ դարձնել ինտերակտիվ աշխարհ, որում տեղ կգտնեն ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծի սիրված ստեղծագործությունները, այլ նաև նրա ծննդավայրն` աշխարհագրական ու բնապատկերային ամբողջ հմայքով։

Այս թեմայով