25 Օգոստոս 2013, 12:19
1597 |

Ընդ ծիրանա փող բոց ելաներ

Մի անգամ Ջիվան Գասպարյանը Թուրքիայում հայտարարեց` պապերս մշեցի են, դուք սպանել եք նրանց, հողերը խլել, արտաքսել հայրենիքից։ Այդ օրից թուրքերը սիրում են միայն լսել նրա դուդուկին, բայց ոչ երբեք դուդուկահարին:

ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն օգոստոսի 14-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ներկայացավ մենահամերգով։ Դուդուկահարը ոգևորված է լիտվացիների ու տեղի հայ համայնքի ընդունելությունից։ Իրեն երջանիկ մարդ է համարում, որովհետև 70 տարի բեմում է, ու չի եղել մի դեպք, երբ որևէ տեղ իր երաժշտության նկատմամբ անտարբեր լինեն։ Ստալինի, Քենեդու ու էլի մի շարք նախագահների համար «էքսկլյուզիվ» նվագած դուդուկահարը հպարտությամբ է հիշում արտիստական իր ուղին։ Հիշում է սովետական տարիները. Ադրբեջանում էլ են իրեն մեծագույն պատկառանքով վերաբերվել. «Քիչ էր մնում ինձ ձեռքերի վրա տանեին։ Ինչքա~ն հրավերներ եմ ստացել Բաքվից. գնացել եմ, նվագել, հայ երգ-երաժշտության հնչյունները տարածել Բաքվում։ Բայց երբեք նրանց երաժշտությունը չեմ նվագել։ Իմ սկզբունքն է` նվագել առաջին հերթին հայերեն, հետո նոր միայն այլ լեզուներով, բայց ոչ երբեք` իմ թշնամու լեզվով։ Թուրքիայում ինձ աննկարագրելի լավ են ընդունում, բայց խուսափում են ինձ հետ հարցազրույցներից, որովհետև մի անգամ այնտեղ  հայտարարել եմ` պապերս մշեցի են, դուք սպանել եք նրանց, իրենց հողերը խլել ու արտաքսել հայրենիքից։ Այդ օրից թուրքերը սիրում են միայն լսել, երբ դուդուկ եմ նվագում, բայց ոչ երբեք, երբ խոսում եմ»։

Ստեղծագործական 70 տարիների ընթացքում Ջիվան Գասպարյանը 20 000 համերգ է տվել, 4 անգամ եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակակիր, միջազգային 21 փառատոների դափնեկիր։ Նվագել է 50 ֆիլմերում։ Հոկտեմբերի 12-ին լրանալու է նրա ծննդյան 85-ամյակը։ Արդեն պատրաստվում է. հոբելյանը մեծ շուքով նշվելու է Մոսկվայի Կրեմլի դահլիճում, դեռ չգիտի` Հայաստանում ինչ են պատրաստվում անել այդ առիթով։ Բայց տեղեկացնում է, որ նոյեմբերին Աբովյան փողոցին հարակից կտեղադրվեն մեծանուն դուդուկահարներ Վաչե Հովսեփյանի, Լևոն Մադոյանի և իր արձանները։ Երաժիշտը ուրախ է, որ իր արձանը կենդանության օրոք է կանգնեցվելու. «Մարդուն պիտի կենդանության ժամանակ մեծարեն, ոչ թե մեռնի, հետո նոր ծանր-ծանր տանեն թաղեն, լավ-լավ խոսքեր ասեն հետևից։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են Աբովյան փողոցում ուսուցիչներիս ու իմ արձանախումբը տեղադրելու։  Ես այդ փողոցում եմ ծնվել-մեծացել։ Մի շիշ կոնյակ կվերցնեմ, կգնամ Վաչե Հովսեփյանի ու Լևոն Մադոյանի կողքին կնստեմ, կզրուցեմ նրանց հետ, մի բաժակ կխմեմ ու շնորհակալությունս կհայտնեմ իմ վարպետներին»,- ասում է դուդուկահարը։ Մինչև իր ուսուցիչներին տեսակցելը, Ջիվան Գասպարյանը սեպտեմբերին հանդիպելու է Պիտեր Գաբրիելի հետ. համատեղ համերգի նախագիծ ունեն Կիսլովոդսկում։ Վարպետը դեռ անցյալ տարի է մտահղացել Երևանում երաժշտական դպրոց բացել ու շեշտը հենց դուդուկի վրա դնել։ Ուզում է, որ այնտեղ ուսանեն փողոցներում թափառաշրջիկի կյանք վարող, ինչպես նաև որբանոցներում ապրող երեխաները։ «Վստահ եմ` նրանց մեջ լավ դուդուկահարներ կլինեն։ Պարզ է`բոլորը երաժիշտ չեն դառնա, բայց կյանքները կիմաստավորվի, կրթություն կստանան, անտեր չեն մնա»,- լուսավոր ցանկություն է հայտնում արտիստը։ Աշխարհե-աշխարհ ման գալով ու հայկական ծիրանափողը քարոզելով` երաժիշտը հորդորում է երիտասարդ դուդուկահարներին չշահարկել մեր ազնվագույն նվագարանի անունը, այն ծառայեցնել արվեստին ու հայ երաժշտության հանրահռչակմանը։ Սեփական փորձից ասում է, որ լավ դուդուկահարն անխոնջ է աշխատում, սկզբում` գրոշներով։ Պատվաբեր հրավերները հետո են լինում, երբ դուդուկն ու դուդուկահարը դառնում են մեկ ամբողջություն, երբ այլևս չես նվագում, այլ խոսում ես, պատմում, կարոտում, տառապում ու հրճվում` ծիրանափողն առած մատներիդ մեջ։

Այս թեմայով