18 Հուլիս 2013, 14:51
1663 |

Թանգարանի պատուհանից

Ափսեների վրա նկարած դիմանկարների մեծ մասի հիմնական թեման շեքսպիրյան հերոսներն են` Համլետ, Օթելլո, Արքա Լիր, ինչպես նաև Ջիակոմետտիի Կորրադոն:

Պետրոս Ադամյանը բազմօժտված էր' դերասան, ռեժիսոր, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ, գեղանկարիչ: Նախախնամությունը, կանխատեսելով Ադամյանի ոչ երկարատև կյանքը, նրա մեջ խտացրել է տաղանդը: Պարզապես դերասանական արվեստը գերիշխեց: Նրա ընկերները խնդրել են չթողնել դերասանական արվեստը՝ միշտ վախենալով, որ հայ բեմը կկորցնի հանճարեղ դերասանին: Արդյունքում Պետրոս Ադամյան նկարչի մասին մինչև օրս լուրջ խոսակցություն չի եղել, մինչդեռ նրա նկարները ակադեմիական դպրոցի գործեր են: Ադամյանի բարեկամ Մեսրոպ Ամպերոյանը, որը հովանավորել է նրա ուսման ծախսը, տեսնելով երեխայի նկարչական ընդունակությունները, ուսուցիչ է վարձել նրա համար: Բայց նկարչության ուսուցիչը, մի քանի պարապունքներից հետո տեսնելով աշակերտի կարողությունները, հրաժարվել է դասեր տալուց, պատճառաբանելով, որ այսպիսի աշակերտի ուսուցիչ լինել չի կարող, քանի որ Պետրոսը ինքը կարող է նրան դաս տալ:

Ադամյանն այնքան է հմտացել նկարչության մեջ սկսել է պատվերներ կատարել և հաջողության է հասել: Նա նկարել է ոչ միայն հաճույքի համար, հարկ եղած եղած դեպքում վաստակել է դիմանկարների պատվերներով և նկարչության դասեր տալով: Գրականության և արվեստի թանգարանում պահպանվում է Ադամյանի արխիվը, որտեղ կա Նոր Նախիջևանում մատիտով նկարած դիմանկարների, ճեպանկարների, զարդանախշերի և այլ բնույթի գծանկարների ալբոմը: Ափսեների վրա նկարած դիմանկարների մեծ մասի հիմնական թեման շեքսպիրյան հերոսներն են' Համլետ, Օթելլո, Արքա Լիր, ինչպես նաև Ջիակոմետտիի Կորրադոն: Այդօրինակ գործերից մեզ հասած ամենահետաքրքիր ու միևնույն ժամանակ ամենահին աշխատանքը Արքա Լիրի դիմանկարն է՝ 1885թ, Կիև: Ափսեն թանգարան է հասել 1928-ին, երբ Ադամյանի արխիվը պահվում էր Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանի գրական բաժնում: Այժմ այն պահվում է գրականության և արվեստի թանգարանում: Արքա Լիրի դիմանկարը նվիրելով Հայաստանի թանգարանին՝ նրա տերը՝ Ալեքսանդր Կարլովիչ Սեստեր-դե-Լատրեկը, բացատրագիր է ուղարկել. «1885-ին Պետրոս Ադամյանը Կիևով անցնելիս այցելել է ինձ: Ճաշելուց հետո նրան խնդրեցինք որևէ բան նկարել: Նա վերցրեց ափսեն, մրոտեց այն մոմով և լուցկով, քորոցով ու ասեղով նկարեց Արքա Լիրի գլուխը»:

Ադամյանի աշխատանքներից Արքա Լիրի դիմանկարով պահպանվել են ևս երկու ափսեանկար, որից մեկը գտնվում է նրա ֆոնդում, իսկ մյուսը Վենետիկի Մխիթարյան Միաբանության թանգարանում: Իսկ Կորրադոյի ինքնադիմանկարը ավելի քան կես դար սրբությամբ պահել է Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի դերասանուհի Նադեժդա Լվովնա Տիրասպոլսկայան: Այժմ այն պահվում է Ադամյանի ֆոնդում: Ֆոնդում է պահպանվում նաև Օթելլոյի ափսեանկարը: Անընդհատ շրջագայությունների պատճառով իր հետ ավելորդ ծանրություն քարշ չտալու համար նա շատ նկարներ ի պահ է տալիս ծանոթներին: Նրա գործերից շատերը այսօր էլ կարող են գտնվել տարբեր երկրներում:

Այս թեմայով