22 Հունիս 2013, 17:07
1698 |

Երազանքի երկը ի վերջո հնչեց

2013-ի հունիսի 21-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ առաջին անգամ հնչեց ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 7-րդ սիմֆոնիան:

Անտոն Բրուքներն այն կոմոզիտորներից է, ով ճամաչման է հասել ստեղծա­գործական կյանքի մայրամուտին: Երկար տարիներ կոմպոզիտորի երաժըշ­տությունը չի ընդունվել հասարակության կողմից՝ համարվելով չափից ավելի գիտական, երկարատև և զուրկ երաժշտական ձևից: 1881-1883թթ գրված սիմֆոնիան առաջինն է Բրուքների ստեղծագործություններից, որը հաջողությամբ է ընդունվել ունկնդիրների և երաժշտական քննադատների կողմից` ճանաչում բերելով կոմպոզիտորին: Սիմֆոնիան առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև կոմպոզիտորի համար. ստեղծագործության երկրորդ մասը` Ադաջիոն, յուրատեսակ տուրք է Ռիխարդ Վագներին` Բրուքների պաշտելի կոմպոզիտորներից մեկի հիշատակին, ում հանկարծակի մահվան փաստն իր ազդեցությունը թողել է ստեղծագործության կերտման հետագա ընթացքի վրա: Ադաջիոյում օգտագործելով վագներյան տուբաներ, Բրուքները ստացել է վագներյան հնչողության ուժն ու մասշտաբայնությունը, ինչը համադրելով ողբալի ինտոնացիաներով լի թեմատիզմին` հավերժացրել է այն թախիծն ու ցավը, որը պատել էր Բրուքներին Վագների կորուստից հետո:

Տասնամյանկներ շարունակ սիմֆոնիան կատարվել է ժամանակի առաջատար նվագախմբերի կողմից` անվանի դիրիժորներ Բրունո Վալտերի, Հերբերթ ֆոն Կարայանի, Եվգենի Մռավինսկու, Նիկոլաուս Առնոնկուրի, Արտուրո Տոսկանինիի, Վիլհելմ Ֆուրթվենգլերի և ուրիշների ղեկավարմամբ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, երկար է սպասել այս պրեմիերային: Ու թեև նվագախումբը 2013-ի ընթացքում ներկայացրել է Բրուքների 3-րդ, 5-րդ և 9-րդ սիմֆոնիաները, 7-րդ սիմֆոնիայի կատարմանը մաեստրոն մոտեցել է առանձնակի կարևորությամբ և պատաս­խանատվությամբ: Նախապատրաստական աշխատանքները տևել են ամիսներ, քանի որ զուտ բրուքներյան նվագախմբի հնչունային գունապնակի ստացումը բավականին բարդ է: Եվ այն փաստը, որը մոտ երկու ամիս առաջ աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը`Staatskapelle Dresden-ը մեր ֆիլհարմոնիկին անվճար տրամադրեց չորս վագներյան տուբա, կարծես վերջին բացակա օղակն էր Բրուքների 7-րդ սիմֆոնիայի կատարման ճանապարհին:

Վերջին մի քանի շաբաթներն ամենալարվածն էին. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անձնակազմն աշխատում էր ուժերի գերլարումով, օր ու գիշեր, քանի որ նման պրեմիերային հարկավոր էր ներկայանալ առավելագույնս լավ: Չէ՞ որ այս ստեղծագործության կատարումը գրեթե երազանքի էր նման:

Հունիսի 21-ին երեկոյան դահլիճը հետզհետե լցվեց ունկնդիրներով, որոնց շարքերում կարելի էր տեսնել անվանի կոմպոզի­տորների և երաժշտագետների, գրողների, բժիշկների, երաժիշտ ուսա­նողների, անգամ լուսանկա­րիչների, ովքեր տանը թողնելով լուսանկարչական ապարատները, որոշել էին այդ երեկո երաժշտությունն արտապատկերել ոչ թե ապարատի մատրիցային, այլ իրենց իսկ հիշո­ղության մեջ: Ուղիղ ժամը 19:00-ին փակվեցին համերգասրահի դռները. սիմֆոնիան հնչեց…

Կատարումն այնքան ամբողջական ու հուզական էր` համապատասխան բրուքներյան մտահղացմանը, որ ունկնդիրները մոռացել էին անգամ ստեղծագործությունների մասերի միջև հաճախ հնչող անտեղի ծափահարությունների մասին, որոնք հաճելիորեն չընդհատեցին այս համերգի ընթացքը: Այն, որ նվագախմբի լարային կազմը միշտ է գովասանքի արժանանում թե´ հայ և թե´ արտասահմանյան դիրիժորների կողմից, նորություն չէ: Գուցե երբեմն փոքր-ինչ թերի է ներկայանում փողայի կազմը (դա հայաստանյան երաժշտական իրականության մեջ համընդհանուր խնդիր է), սակայն այս համերգն ապացուցեց, որ նվագախմբի փողային կազմն ընդգրկում է հիանալի երաժիշտներ: Եվ եթե վերջին շրջանում շատ է խոսվում հատկապես գալարափողահարների պրոֆեսիոնալիզմի պակասի մասին, ապա այս համերգից հետո նման կարծիքներ չպետք է հնչեն, քանի որ գալարափողահարներ Էնրիկ Կամարասան, Սուրեն Բաբայանը, Արշավիր Իսահակյանը և Արայիկ Թանգյանը, ովքեր նվագում էին վագներյան տուբաներ (ի դեպ կատարողներից միայն առաջին երկուսը այս գործիքը նվագելու փորձ ունեին), իրենց առաքելությունը հաջողությամբ կատարեցին:

Մեկ ժամից ավելի տևողությամբ Բրուքների 7-րդ սիմֆոնիան կատարվեց մեկ շնչով: Անկասկած, սա նվագախմբի լավագույն ելույթներից էր:

Այս թեմայով