24 Սեպտեմբեր 2013, 13:23
1927 |

Ֆիլհարմոնիկ կարոտ

Արդեն 12 տարի է՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Իրեն իսկական երևանցի համարելով` դիրիժորը նկատում ու առանձնացնում է Երևանի թերություններն ու մտածելու տեղիք տվող խնդիրները: Թոփչյանը երազում է քաղաքում տեսնել մթնոլորտ, որտեղ բոլորը սիրում ու հարգում են միմյանց:

Մեծացել ու մինչ այսօր էլ ապրում եմ Կասկադում գտնվող գրողների շենքում: Շատ անգամ եմ մտածել Վահագնի թաղամաս կամ Հյուսիսային պողոտա տեղափոխվելու մասին, բայց ի վերջո հասկացել եմ, որ Երևանի ամենալավ վայրում եմ բնակվում:

Շենքերի տանիքների վրա «շտաբեր» ունեինք, որտեղ հավաքվում էինք բակի երեխաներով: Շատ տպավորիչ տեսք ունեին, որովհետև հատուկ կերպով զարդարում էինք, հարմարություններ ստեղծում: «Շտաբեր» ունեինք տարբեր տանիքների վրա. դրանք թվերով էինք անվանում: Առաջին ու վերջին անգամ այնտեղ եմ փորձել ծխել:

7 տարեկանից բակում ֆուտբոլ էի խաղում. իմ ամենասիրելի մարզաձևերից է: Պատանի տարիքում նույնիսկ հանդես էի գալիս պրոֆեսիոնալների կազմում: «Կաշվե գնդակ» առաջնություններին էի մասնակցում, ու մեր թիմը նույնիսկ չեմպիոն է ճանաչվել: Ֆուտբոլն ինձ շատ բաներից է փրկել: Շատ երեխաներ, ում հետ խաղում էինք բակում միասին, հետագայում սխալ ճանապարհով գնացին ու լավ ապագա չունեցան: Կային նաև տղաներ, ովքեր տեսնելով, որ ես ջութակ եմ նվագում, նույնպես սկսեցին երաժտությամբ զբաղվել:

7 տարեկանից ջութակ եմ պարապել: Եթե բակային խաղերը չխանգարեին, շատ լավ ջութակահար կդառնայի: 14-15 տարեկանում ջութակ նվագելու վերելքի պահն էր, հետո չհավատացի իմ ուժերին: 19 տարեկանում ջութակ նվագելու տեսություններ ստեղծեցի, որոնք հետագայում ինձ խանգարեցին: Չնայած չեմ ափսոսում, որովհետև հիմա կարողանում եմ ուրիշներին սովորեցնել:

Մեր բակում գտնվող Նելսոն Ստեփանյանի անվան մանկապարտեզն եմ հաճախել: Ատելի շրջան էր ինձ համար: Մինչ այժմ էլ մորս հարցնում եմ, թե ինչու էր մանկապարտեզ տանում ինձ, եթե այդքան տանջվում էի: Որևէ արտառոց բան չի եղել, շատ ջերմ հարաբերություններ ունեի ընկերներիս հետ, բայց չեմ սիրում, երբ բոլորը կանոնավոր հրահանգների ներքո միևնույն բանն են անում: Նվագախումբն էլ նման կարգ ունի, բայց դա ստեղծագործ վիճակ է:
Մեքենաների, ինքնաթիռների մոդելներ հավաքելով էի տարված: Մի պահ ավիացիայով տարվեցի, նույնիսկ ուզում էի օդաչու դառնալ: Վերջին տասը տարիների ընթացքում ժամանակ չեմ ունեցել վերադառնալու հոբիիս: Հենց ազատ ժամանակ ունենամ, ուզում եմ վերսկսել սիրելի զբաղմունքս:

Սովետական երևույթները շատ էին ազդում ինձ վրա: Թիվ 172 «փոսի» դպրոցում եմ սովորել: Բարությամբ չեմ հիշում այնտեղ տիրող ռեժիմը. ստիպում էին, որ բոլոր առարկաները սովորես, չնայած հասկանում էիր, որ, օրինակ, քիմիան երբևէ պետք չի գա: Բայց ուսուցիչները սպառնում էին, որ բարձր գնահատական ստանայի, այլապես պրոֆտեխ ուսումնարան կուղարկեին…: Հենց իմ ուսանելու տարիներին ընդունվեց այդ զազրելի օրենքը:

Ամբողջ կյանքում՝ մինչ օրս, անկախ մարդ եմ եղել: Իմ աշխատողներին էլ երբեք ոչինչ չեմ ստիպում կամ պարտադրում: Փորձերի ընթացքում մենք անում ենք այն, ինչ ցանկանում է երաժշտությունը:

Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանն եմ ավարտել: Դրանից հետո Կոմիտասի անվան կոնսերվատորիա ընդունվեցի: Այդ տարիներին ես Հայաստանում չեմ եղել ու ավտոմատ ավարտել եմ կոնսերվատորիան, ինչպես շատերը:

Սայաթ-Նովայի անվան դպրոցի դահլիճում կայացավ իմ առաջին լուրջ բեմելը որպես ջութակահար. 7 տարեկան էի: Հաշվետու համերգ էր, նվագում էի Հենդելի չորրորդ սոնատը: Շատ լուրջ մասնագետներ էին ներկա դահլիճում: Անհավանական ժամանակ էր, շատ հուզիչ էր:

Արդեն 12 տարի է Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի շենքում եմ աշխատում: Սա մեր տունն է: Իմ աշխատասենյակում արդեն սառնարան, թեյնիկ ունեմ, որովհետև այստեղ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տանը: Ամեն առավոտ մտնում եմ այս շենք, տեսնում նույն մարդկանց: Ոչ ոք չի կարող ասել, որ ընտանիքի անդամներն ավելի հարազատ են, քան այստեղ աշխատող մարդիկ:Այլևս չեմ ցանկանա այստեղ աշխատել, եթե հիմնովին փոխվի նվագախմբի կազմը, նույնիսկ եթե արդյունքը գերազանց ստացվի:

Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ' Երևանում չկա մի վայր, որ շատ եմ կարոտում, երբ բացակայում եմ երկրից: Չեմ հավատում այն արվեստագետներին, ովքեր պնդում են, թե կարոտում են Երևանը: Իրականում, ֆիլհարմոնիայի շենքից բացի, գրեթե ոչինչ չեմ կարոտում:

Քաղաքը, հայրենիքս այն մարդիկ են, ում սիրում եմ: Չեմ սիրում, երբ մարդկանց ազգությունների են բաժանում: Չնայած՝ ինձ համար էլ սահմանափակումներ կան: Երկու անգամ Ստամբուլում եմ եղել, ինձ հիանալի ընդունել են, բայց փոշմանել եմ, այլևս ցանկություն չունեմ մեկնելու: Չեմ սիրում մուսուլմանական երկրները: Չեմ սիրում նաև հայերի երանության վայր համարվող Դուբայը: Սիրում եմ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան… Սիրում ու կարոտում եմ:

Երբ Երևանում եմ, երբեմն հոգնում եմ նրանից: Երևանը սահմանափակում է ինձ: Սիրում եմ զբոսնել, բայց այստեղ կարող եմ զբոսնել միայն Աբովյան փողոցում և Պրոսպեկտում՝ մինչև ֆիլհարմոնիկ: Ինձ խանգարում է երևանցիների վերաբերմունքը, ովքեր մեր քաղաքը «սիրում են», բայց ավտոմեքենաների պատուհաններից անդադար աղբ են նետում փողոց, աղմկում են:

Երբ Երևանում չեմ, ուժեղ հայրենասեր եմ դառնում: Բոլոր քաղաքակիրթ երկրներում փորձում եմ ապացուցել, որ մենք էլ նրանց պես քաղաքակիրթ ենք, չնայած համոզված եմ, որ մենք դեռ հեռու ենք: Երբ շրջագայություններով հայտնի երաժիշտներ են ժամանում Երևան, փորձում ենք այնպես անել, որ նրանք քաղաքին սիրահարված մեկնեն այստեղից:

Կապված եմ քաղաքիս, երկրիս, որովհետև այստեղ եմ ապրում ու չեմ լքել հայրենիքս, թեև շատ հնարավորություններ ունեմ: Բոլորը խոսում են, թե որքան են կարոտում Երևանը, բայց 15 տարուց ավելի չեն եղել քաղաքում: Չեմ ընդունում այս սուտը: Եթե ուզում եք իմանալ, թե ով է հայրենասեր, բոլորին վիզա և հնարավորություն տվեք երկրից մեկնելու, հետո հաշվեք' ով մնաց:

Չեմ հավատում, որ կգա մի օր, երբ մեքենաների պատուհաններից շշեր ու ծխախոտներ չեն նետի, երբ մարդիկ փողոցում չեն թքի: Յուրաքանչյուրս միայն մեկ կյանք ունենք, ու ես պատրաստ չեմ այն սպասելով ապրել, որ մի օր այս ամենը կփոխվի:

Կասկածելի է, թե ով է իսկական երևանցին: Ես ինձ իսկական երևանցի եմ համարում, բայց ընդունված է երևանցի համարել նրան, ով մեծ-մեծ խոսում ու գովում է մեր քաղաքը: Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում իսկական հռոմեացի, բեռլինցի, փարիզեցի:

Ուզում եմ, որ սիրենք միմյանց: Եթե միմյանց չենք սիրում, ինչպե՞ս կարող ենք սիրել մեր քաղաքը, որտեղ ապրում կամ գոյատևում ենք միասին, կողք կողքի: Եթե սիրենք միմյանց, իսկապես կգնահատենք այն, ինչ ունենք' չփչացնելով ու չոչնչացնելով այդ ամենը: Պատմականորեն մեր երկրի բոլոր խնդիրները հենց իրար հանդեպ ունեցած վերաբերմունքից են առաջացել:

Կարծում եմ՝ Երևանում դասական վայրեր քիչ կան, որովհետև այն նորակառույց քաղաք է և շարունակ նորացվում ու փոփոխության է ենթարկվում: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ միայն ֆիլհարմոնիայի շենքն է ամենադասականն ու բարին:

Երևանում, առաջին հերթին, պետք է մթնոլորտ ստեղծենք, որովհետև' չունենք: Փարիզի հրաշքը ոչ թե գեղեցկության, այլ մթնոլորտի մեջ է:

Երևանի խցանումներից երբեք չեմ նյարդայնանում, որովհետև հասկանում եմ, որ եթե շատ են ավտոմեքենաները, ուրեմն դեռ կանք, չենք փախել:

Ամբողջ կյանքում անցյալին ենք նայում, նույնիսկ ներկայում ունեցած դրականը հակադրում ենք իրականում բոլորի համար անհասկանալի անցյալի հետ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2012

Այս թեմայով