20 Փետրվար 2013, 17:32
1556 |

Ձայնի գիծը

Գևորգ Մուրադի ճանապարհը դեպի նյու-յորքյան արվեստային միջավայրի վերին լիգա սկսվեց պատահական, երջանիկ հանդիպումներից այն մարդկանց հետ, ովքեր հավատացին անհավանականին: Դե, ասենք նրան, որ նույնիսկ նկարների լռությունից կարող են ծնվել ձայներ, իսկ յուրաքանչյուր ցուցահանդես կարող է դառնալ տպավորիչ ներկայացում` ջազային, դասական կամ ազգային երաժշտության ներքո:

Գևորգ, իսկինչպե՞սդուքկսահմանեիքՁերոճը:

Ոչ մի ձևով: Ոճի, տեխնիկայի մասին չեմ մտածում, ուղղակի նկարում եմ: Ինձ համար շատ կարևոր են գծերը: Դրանք ինձ համար հիմք են, ամեն ինչի սկիզբը: Ամեն նոր աշխատանք սկսում եմ սև գծով. այն կարծես իմ ստորագրությունը լինի: Եվ միայն այդ հիմքի վրա եմ կառուցում պատկերը:

Գծերը կոնկրետ են, սակայն ձեր բազմաթիվ նկարներում որոշակի անավարտություն կա:

Ավելացնեմ. դրանք շաղված են, աղոտ: Դա հենց այն չզբաղեցրած, ազատ տարածությունն է, որը դիտողներին հնարավորություն է տալիս նկարն իրենց երևակայության մեջ ավարտել: Այդպիսով նրանք ոչ թե ուղղակի պասիվ հիացողներ են միայն, այլ նկարի հետ մշտական հարաբերության մեջ գտնվող մարդ:

Որտե՞ղ տեղի ունեցավ ձեր ստեղծագործական մկրտությունը:

— Երևանի գեղարվեստի ինստիտուտում, որտեղ սովորելու եկել էի Սիրիայից: Բայց իմ ձևավորման վրա ոչ միայն բուհի ուսումն է ազդել: Ես Հայաստան եկա 1990-ականների սկզբին, երբ երկիրը դժվար ժամանակներ էր ապրում: Սակայն, ի զարմանս ինձ, մարդիկ չէին ընկճվում, հակառակը` փորձում էին այդ բարդ իրադրությունից որևէ ելք գտնել: Մութ ու ցուրտ Երևանում ներկայացումներ էին բեմադրվում, ցուցահանդեսներ անցկացվում, քննարկվում երիտասարդ գրողների նոր աշխատանքներ: Կարճ ժամանակում ես այստեղ ընկերներ գտա, ում հետ շփումն ինձ հարստացրեց, օգնեց գտնել իմ ներկապնակը: Նրանց շնորհիվ ես ավելի լավ ճանաչեցի Երևանը և սիրեցի այս զարմանալի Հայաստանը: Երկրով ճանապարհորդելիս ասես տեսնում էի Մարտիրոս Սարյանի և Մինասի նկարների բնօրինակները:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ:

1998-ին Կարմիր Խաչի կամավորների խումբ էր եկել Հայաստան, որը աշխատում էր Սպիտակում և Գյումրիում` ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելով: Նրանց շարքում էր նաև Ջիլ Հոֆմանը` մորս հին ընկերուհին: Տեսնելով իմ նկարները` նա հարցրեց, թե չե՞մ ցանկանա որոշ ժամանակ, դե, օրինակ, ԱՄՆ-ում աշխատել: Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկությունը անսպասելի և բավականին գրավիչ էր: Ես համաձայնեցի և մոտ ապագայում սկսեցի բացահայտել Ամերիկան:

Ո՞րն էր Նոր Աշխարհի առաջին ճանապարհորդության աշխարհագրությունը:

Ես եղա Նյու Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում, Նոր Օռլեանում, որից էլ հենց սկսվեց իմ ստեղծագործական կյանքի ամերիկյան ժամանակաշրջանը: Այդ քաղաքն ինձ համար հատուկ մի բան էր. այնտեղ է ծնվել Լուի Արմսթրոնգը, ում արվեստի առջև ես խոնարհվում եմ: Այնպիսի զգացողություն ունեի, ասես ամբողջ քաղաքն ապրում էր լեգենդար երաժիշտի ռիթմերով, և ամեն փողոց, ամեն քար ներծծված էր ջազի և իր հանճարի ոգով: Տարօրինակ զգացողություն ունեի. մի կողմից ինձ համար ամեն ինչ նոր էր, մյուս կողմից` թվում էր, թե ես այստեղ արդեն եղել էի: Ժամերով նստում էի թափառական երաժիշտների կողքին ու նկարում: Այդպիսի մի օր մի տղամարդ մոտեցավ և հարցրեց` ինչ գնով կվաճառեմ նկարս: Ես նրան խնդրեցի իր գինն ասել: «25 դոլար»,- ասաց նա: Համաձայնվեցի: Քանի դեռ մենք զրուցում էինք, ուրիշ պոտենցիալ գնորդներ մոտեցան: Նրանց թիվը զգալիորեն մեծանում էր, իսկ այն, ինչ տեղի էր ունենում փողոցում, ինձ սկսեց աճուրդ հիշեցնել: Արդյունքում 25 դոլար արժեցող նկարի գինն աճեց մինչև 100 դոլար: Դա Նահանգներում աշխատածս առաջին փողն էր: Երևի այդ ժամանակ էլ ես հասկացա, որ լայն հնարավորությունների և աննկարագրելի դրայվի տեր այս երկրում չեմ կորչի: Ամերիկան բացեց իմ առջև դռները: Իսկ հետո տեղի ունեցավ կյանքիս գլխավոր հանդիպումը. Յեյլի համալսարանի ուսանողուհի և Zulal ակապելլա ֆոլկ-եռյակի մասնակիցներից մեկի` Անաիս Թեքերյանի հետ: Որոշ ժամանակ անց մենք միասին տեղափոխվեցինք Նյու Յորք:

Դժվար չէ՞ր մեգապոլիսին հարմարվելը:

— Դժվար է, երբ մենակ ես: Բայց ես մշտապես զգում էի սիրելի կնոջ և հավատարիմ, նվիրված ընկերոջ ներկայությունը: Մեզ միավորում էին ոչ միայն զգացմունքները, երկուսս էլ ստեղծագործ մարդիկ էինք և ընդհանուր հետաքրքրություններ ունեինք: Նյու Յորքում Անաիսն իրեն նվիրեց թատրոնին, ես էլ խորացա նկարչության մեջ:

Նյու Յորքը քաղաք է, որտեղ ամեն մեկը չէ, որ կարող է ճանապարհ հարթել…

— Չեմ վիճի, բայց մյուս կողմից Նյու Յորքը անհավանական դինամիկա և էներգետիկա ունեցող հազվագյուտ քաղաքներից է: Այստեղ ինձ գրավում է Երկիր մոլորակի բոլոր անկյունների մշակույթների անկրկնելի խառնուրդը: Եվ, ինչը կարևոր է, դրանք ոչ թե մեկուսացված են, այլ գտնվում են փոխազդեցության մեջ և անընդմեջ լրացնում են մեկը մյուսին: Գլխավորը` կարողանալ զգալ, ընդունել, ապրել դրանով և մեծ քաղաքի ռիթմում չկորցնել սեփական ռիթմը: Հենց Նյու Յորքում ես սկսեցի անցկացնել իմ առաջին փորձերը` համադրելով տեսողական արվեստը պերֆերմանսների հետ:

 Ձեր ամենավառ փորձերից մեկն էր Sound Image նախագիծը:

— Դրա իմաստը ներառված է իր անվանման մեջ՝ «ձայնի պատկեր»: Ես թղթի տակ բարձրախոսներ էի ամրացրել, որոնք փոխանցում էին թղթի մակերեսին մատիտի հպման ձայները: Այդ նախագիծը դարձավ իմ ստեղծագործական կյանքի յուրօրինակ մանիֆեստը, որի գլխավոր սկզբունքն է հիմնային սև գծի և ձայնի համադրությունը:

Դա ձեր արվեստի նմանատիպ ներկայացման առաջի՞ն փորձն էր:

— Երաժշտությունն ու նկարչությունը համադրելու առաջին փորձը Հայաստանում եմ արել: Բայց դա էքսպերիմենտի մակարդակում էր, որը ես անցկացրի ընկերներիս միջավայրում: Այն ժամանակ ինձ ընկերս էր նվագակցում:

Իսկ պրոֆեսիոնալ երաժիշտների հետ համատեղ փորձերչե՞ն եղել:

Բազմիցս: Մի անգամ ես ու սիրիացի կլարնետահար Քինան Ազմեհը Երևանում` ՆՓԱԿ-ում ներկայացրինք Գիլգամեշի մասին շումերական էպոսի մեր տեսլականը: Այդ նախագծով մենք ուզում էինք մեր աջակցությունը արտահայտել էպոսի հայրենիքին` Իրաքին և իր ժողովրդին, վերջին տարիներին անցած փորձությունների հետ կապված: Նախագիծը աղմկոտ հաջողություն ունեցավ, որից հետո ես նյու-յորքյան հանրահայտ Juilliard կոնսերվատորիայի նախագծին մասնակցելու հրավեր ստացա: Այստեղ ես հանդիպեցի , լեգենդար թավջութակահար Յո-Յո Մայի կողմից կազմակերպված «Մետաքսի ճանապարհ» (The Silk Road Project) նախագծի անդամ, ջութակահար Քոլին Ջեյքոբսենին: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել ժամանակի մեծագույն երաժիշտների հետ:

Ձեզերբևէվիճակվե՞լէմասնակցել հայկական երաժշտությամբ նմանատիպ նախագծերի:

Ես մասնակցել եմ ջեմ-սեյշնի հայ դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ: Այդ անգամ ես նկարում էի Բախի, Կոմիտասի և Սայաթ-Նովայի երաժշտության տակ:

Մտածու՞մ եք Հայաստան վերադառնալումասին:

Դեռ ոչ: Երբեմն ինձ թվում է, թե ես ոչ մի տեղ էլ չեմ հեռացել: Գուցե այն պատճառով, որ հիմա, երբ Հայաստանից այսքան հեռու եմ, ավելի շատ եմ զգում նրա ազդեցությունը իմ արվեստի վրա. վառ, արևով ջերմացած գույներ, անվերջանալի լեռնաշղթաներ, հայ վարպետների մանրանկարներ, ճանապարհներ դեպի տաճարներ… Ճանապարհներ, ինչպես գծերը, որոնցից սկսվում են իմ նկարները: 

Այս թեմայով