16 Մայիս 2013, 17:05
129 |

Կնամոլների երկրորդ արշավանքը

«Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումը հյուրախաղերից հետո վերադարձել է Երևան: Ներկայացման հիմքում Մարկ Կամոլետտիի «Խավարտ՝ ֆրանսիական ձևով» պիեսն է, որը Նարեկ Դուրյանն անձամբ է ադապտացրել:

«Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումը նոր էր հայկական բեմ բարձրացել, երբ իջավ այնտեղից ու ուղևորվեց արտասահմանյան բեմեր: Ներկայացումը հայ հանդիսատեսին արդեն քաջ հայտնի «Դոն Ժուան Ավիայի» շարունակությունն է: Չնայած ինքը՝ պիեսի բեմադրիչ ու ադապտացնող Նարեկ Դուրյանը ներկայացումը ավելի շատ հերոսների կյանքի, ոչ թե սյուժետային շարունակություն է համարում:

Հաճախ որևէ ֆիլմի, ներկայացման հաջողությունից հետո հեղինակները ստեղծում են դրա շարունակությունը՝ հույս ունենալով կրկնել նախորդի հաջողությունը: Կար վախ, որ ներկայացումը չէր արդարացնի սպասելիքները:
- Երբ բեմադրում էինք պիեսը, մտավախություն իսկապես ունեի, այդ վախը չէր կարող չլինել: Բայց միևնույն ժամանակ սա առաջինի շարունակությունը չէ, պարզապես երկու լովելաս, կնամեծար բժիշկների արկածներն են շարունակվում: Եթե կհիշեք՝ առաջին մասում նրանք հաճախ են խոսում Մարսել գնալու մասին: Ես էլ մտածեցի, որ իրադարձությունները իսկապես կարող են այդ քաղաքում շարունակվել: Բայց, ի տարբերություն նախորդի, այս ներկայացման մեջ ամեն ինչ հակառակն է լինելու: Հիմա արդեն Թոխատյանի հերոսն է հայտնվում դժվար իրավիճակում:

Նարեկ Դուրյանի ներկայացումներում հանդիսատեսը հետևում է կին-տղամարդ հարաբերություններին, կնոջ ստեղծած անհավանական ինտրիգներին ու այն խառնաշփոթին, որ կարող է առաջացնել իր կողքին մեկից ավելի կին պահող տղամարդը:

«Դոն Ժուանները Մարսելում» Երևանում բեմ բարձրացավ ընդամենը 8 անգամ, դրանից հետո ստեղծագործական թիմը մեկնեց հյուրախաղերի: Ի՞նչն էր պատճառը:
- Ամեն ինչ ստացվեց հանգամանքների բերումով: Ներկայացում խաղացինք Ալեք սրահում, իսկ այն դյուրին չէ վարձակալել: Պետք է առնվազն մեկ տարի առաջ պատվիրել, բացի այդ՝ համաձայնեցնել նաև մյուս քաղաքների դահլիճների հետ: Մենք էլ վաղուց էինք ուզում մեկնել հյուրախաղերի, պազապես անընդհատ ինչ-որ բան խանգարում էր՝ մեկ Հրանտն էր մեկնում որևէ տեղ, մեկ՝ ես: Դրա համար էլ հաստատ որոշեցինք այս հնարավորությունը բաց չթողնել: Մեր հյուրախաղերը տևեցին 25 օր, ներկայացումներ ունեցանք Լոս Անջելոսում, Մոնրեալում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Տորոնտոյում:

Անտեպրիզային թատրոն մասին խոսելիս արդեն սովորույթ է այն անվանել նաև կոմերցիոն: Անտեպրիզային թատրոնի ներկայացումներին դահլիճը միշտ լիքն է, հետևաբար՝ ստեղծագործական թիմը գումար է վաստակում: Պետական թատրոնի ներկայացուցիչները, չգիտես ինչու, այս փաստը ոչ թե դրական, այլ բացասական են համարում: 

Հաճախ ասում են, որ հանդիսատեսը թատրոնից ինչ-որ բան պետք է տուն տանի: Ասում են նաև, որ անտեպրիզային թատրոնի կոմեդիոն ներկայացումները մարդկանց ոչինչ չեն տալիս, հանդիսատեսը գալիս է միայն ծիծաղելու համար: Համաձա՞յն եք:
- Նման մտքերն ու խոսքերը ժամանակավոր են: Այսօր մարդիկ աշխատանքից հոգնած գալիս են տուն կամ թատրոն ու չեն ուզում էլ ավելի ծանրանալ: Արմեն Ջիգարխանյանը, երբ գալիս էր ինձ մոտ հյուր Ֆրանսիա, նստում էր հեռուստացույցի առջև ու սկսում փնտրել կովբոյներով թեթև ֆիլմ: Ասում էր' չեմ ուզում ծանր ֆիլմեր նայել: Նույնն էլ թատրոնում է: Ես բեմադրել եմ ցեղասպանությանը նվիրված «Նեմեսիս» ներկայացումը, ու հավատացեք շատ դժվար եմ դահլիճ լցնում: Խաղում եմ ամսական մեկ-երկու անգամ, մարդիկ հավանում են, ներկայացումից հետո մոտենում, շնորհակալություն ասում: Բայց 21-րդ դարում մարդիկ ուզում են թատրոն գնալ ու մոռանալ իրենց կենցաղային հոգսերի մասին: Եվ այդտեղ ոչ մի վատ բան չկա:

Այս թեմայով
26/03/2013 15:42 | Միջավայր

Ծառը