03 Ապրիլ 2013, 13:47
4820 |

Հին օրերի գորգը

Պատմական Հայաստանի հնագույն բնակավայրերից հայտնաբերված գործվածքի նմուշները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհում գորգագործական մշակույթը հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. IV-III հազարամյակներում: Հանգամանքների և պատմական իրադարձությունների բերումով մեր մշակութային ժառանգության զգալի մասը կորսվել է: Բայց արի ու տես, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մի քանի անկյուններում բարձր ճաշակ ու մեծ հնարավորություններ ունեցողների համար աչքի լույսի պես պահվում են գորգագործության եզակի նմուշներ, որոնցից շատերի տարիքը հատել է մեկ դարի սահմանը:

Փոստոյանների գերդաստանը

Աբովյան փողոցով իջնելիս, հավանաբար, շատերն են նկատել Պուշկին չհասած շենքի մուտքը՝ ձևավորված հնաոճ գորգերով և «Antique carpets» գրությամբ: Խանութը գտնվում է երկրորդ հարկում, որտեղ հայկական գորգեր ու կարպետներ են վաճառում Վրեժ և Արմեն Փոստոյանները: «Մենք գլխավորապես հայկական գորգեր ենք գնում և վաճառում, ամենաքիչը 40-50 տարեկան», — նշում է որդին՝ Արմեն Փոստոյանը: Նրա խոսքով՝ գորգերը Հայաստանի տարբեր վայրերից են՝ Տավուշ, Սյունիք, Արցախ: «Շատերը Արևմտյան Հայաստանից են բերվել. Երևան տեղափոխված գաղթականների ունեցվածքն են եղել: Մարդիկ հաճախ են բերում-վաճառում մեզ իրենց գորգերը, բայց մենք ինքներս էլ ենք շրջում գյուղերով և լավ աշխատանքներ փնտրում», — ասում է նա: Փոստոյանների գերդաստանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է. «Գորգերի առևտրով զբաղվել են դեռևս մեր պապերը, այն ժառանգաբար է մեզ փոխանցվել: Երևանում գորգեր ենք վաճառում արդեն 15 տարի, և այս մեկից բացի ունենք ևս 3 խանութ, մեկը՝ մի քիչ ներքև՝ Աբովյան-Արամի խաչմերուկում, մյուսը՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում ու ևս մեկը` Թումանյան փողոցում»:

Թումանյան փողոցի խանութում հին գորգերի վաճառքով զբաղվում են Սիմոն և Սուրեն Փոստոյանները: Սիմոնը նշում է, որ այսպես կոչված անտիկ կարպետներն ու գորգերն առնվազն 90 տարեկան պետք է լինեն: «Այդպիսի գորգերը սովորաբար ունեն նաև հիշատակարան՝ գրառում, որից իմանում ենք գորգը գործելու տարեթիվը և պատվիրատուի անունը, — ասում է նա: — Ժամանակ առ ժամանակ հյուրընկալում ենք արվեստաբանների, գորգագետների, ովքեր մեզնից են խորհուրդ հարցնում կամ մենք ենք իրենցից հարցնում: Հայկական գորգը շատ նուրբ ու բարդ աշխատանք է, իսկ դրա բազմազանությունը չափ ու սահման չունի»: Դրա հետ մեկտեղ փորձառու գորգավաճառ Սիմոն Փոստոյանը փաստում է, որ շատ հաճախ խանութ են մտնում պարզապես հետաքրքրությունից դրդված և բնավ ոչ որևէ բան գնելու նպատակով. «Էսօր մի տուրիստ մտավ, ամբողջը քանդռտեց-գնաց: Այդպես էլ է պատահում»:

«Աղաքսակ»

Աբովյան-Պուշկին խաչմերուկում 1998-ից գործում է «Աղաքսակ» հուշանվերների խանութը: Այնտեղ 2002-ից աշխատող Գևորգը պատմում է, որ սկզբում խանութը փոքր էր, ընդամենը մեկ սրահ ուներ: «Ընթացքում կարողացանք ընդլայնել տարածքը, իսկ դրա հետ մեկտեղ՝ վաճառվող իրերի տեսականին, որում գորգերն ու կարպետներն առանձնահատուկ տեղ ունեն», — նշում է Գևորգը: Աբովյան փողոցը մարդաշատ է, և պարբերաբար գալիս են մարդիկ, ովքեր առաջարկում են գնել իրենց գորգը. «Կարիք չի լինում գնալ և փնտրել. իրենք են բերում: Ընդ որում, մարդիկ հաճախ գերագնահատում են իրենց գորգի հնությունը: Օրինակ՝ մեկը բերում ասում է. «Էս շատ հին գորգ ա: Տատիիս տատիի տատիի գորգն ա»: Մենք էլ փորձված աչքով նայում, բացատրում ենք, որ ամենաշատը 50-60 տարեկան կլինի: Չի հավատում, գնում շրջում է մյուս խանութներով, հետո նոր համոզվում, որ մենք ճիշտ էինք: Հաճախ էլ այնպես է պատահում, որ իսկապես շատ հին ու արժեքավոր գորգ են բերում, բայց մենք փորձում ենք համոզել, որ չվաճառեն: Չէ՞ որ դա իրենց ընտանիքի գանձն է, որ սերնդեսերունդ պետք է փոխանցել», — ասում է Գևորգը:

Հինավուրց գորգերը ոչ միայն կարևոր ընտանեկան ունեցվածք են, այլև շատ առողջարար են, քանի որ պատրաստված են բնական հումքից և բնական ներկերով գունավորված: «Ավելի լավ է երեխան նման գորգի վրա նստի, չոչ անի, քան սինթետիկ գորգերի», — վստահեցնում է Գևորգը ու պատմում, որ ժամանակին հովիվները, երբ սարեր են գնացել հոտն արածացնելու, իրենց հետ տարել են այսպես կոչված «քեչա»՝ ճնշման տակ դրած ու գունավորած բրդից պատրաստված գորգ: Բուրդը ճնշելու արդյունքում այնքան խիտ է դարձել, որ անգամ ջուր չէր քաշում և սարերում ապրող մարդկանց համար շատ պետքական բան էր, էլ չենք խոսում ցրտից պաշտպանելու մասին: Այս պատմական էքսկուրսի հետ զուգահեռ Գևորգը ցույց է տալիս նաև գորգագործության ու կարպետագործության զանազան տեխնիկաներով պատրաստված խուրջիններ, օժիտի պայուսակներ ու աղաքսակներ:

Անդրադառնալով նմուշների գնահատման հարցին՝ նա նշում է, որ երկար ժամանակ համագործակցել է գորգագետ Վահրամ Թաթիկյանի հետ. «Նրանից շատ բան եմ սովորել, հասկացել և մինչ օրս էլ օգտագործում եմ այդ փորձը՝ որոշելու համար գորգի իրական արժեքը՝ կախված գործվածքի որակից, խտությունից, նախշերի հարստությունից, պահպանվածությունից և այլն: Այդ հարցում կարևոր է ամեն մանրուք»: Երբ խոսքը գների մասին է, Գևորգը ժպտալով նշում է, թե «էս պահին կարող է ասեմ ամենաէժան ու ամենաթանկ գորգի գները, բայց վաղը ավելի թանկն ունենամ»: Այդուհանդերձ, մոտավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաերիտասարդ նմուշները Երևանի գորգերի խանութներում վաճառվում են մոտ 100-150 000 դրամով, իսկ ամենաթանկերը, որոնց տարիքը 100 և ավելի է, մինչև 450-500 000 դրամ արժեն:

Հայկական գորգեր՝ պարսկական ոգով

Պարսկաստանում ծնված և մեծացած Ահադը մանկուց ուսումնասիրել ու հետաքրքրվել է գորգերով և արդեն 11 տարի հայկական գորգեր է վաճառում Երևանի սրտում՝ Թումանյան 38 հասցեում: «Գորգերը բերում ենք տարբեր մարզերից՝ Զանգեզուր, Լոռի, Սյունիք, Ղարաբաղ, շատերն էլ իրենց տան գորգն են վաճառում: Տարբեր նախշերով են՝ բուսածաղկային, աստղազարդ, վիշապագորգեր, արևագորգեր և այլն: Իսկ գնորդները հիմնականում արտասահմանից են, այստեղ շատ չեն հին գորգ առնողները», — նշում է նա: Բացի հինավուրց գորգերից ու կարպետներից, ուշադրություն են գրավում նաև խուրջիններն ու բարձերը, իսկ Ահադն ինքը շատ է գնահատում ձիու մեջքին փռելու համար նախատեսված կարպետը. «Այդպիսի կարպետներ ժամանակին շատ են գործել ձիերի համար, որպեսզի կենդանիները չմրսեն ու չհիվանդանան»:

Աբովյանի «Թագը»

Աբովյան փողոցում՝ Պուշկինի խաչմերուկից ներքև գտնվող «Թագ» խանութում գորգերը վաճառում են Գեղամ և Ստեփան Վասիլյանները: Հոր՝ Ստեփանի խոսքով՝ խանութը շուրջ 2,5 տարի գործում էր քիչ ներքև՝ «ֆոտոյի դալանի» հարևանությամբ: «Իսկ այստեղ մոտ 6 ամիս առաջ ենք տեղափոխվել: Հիմա, իհարկե, ավելի քիչ տեղ ունենք գորգերի ցուցադրության համար, բայց դրանից հաճախորդները չեն պակասել: Միշտ էլ ունեցել ենք գնորդներ թե' արտասահմանից, թե' այստեղից», — ասում է նա:

Ցուցադրված գորգերը մեծ մասամբ հայկական են, բայց կան նաև պարսկական ու թուրքմենական գորգեր: «Ունենք նաև գորգեր, որոնք հայերն են գործել, բայց պարսկական են: Ի դեպ՝ պարսիկներն այստեղից գորգ չեն գնում: Պատահում է, որ նոր գորգ են բերում, փոխարենն ուզում են հավելավճարով հինը տանել, բայց դե հո էդպես չի՞ լինի: Իսկ ահա այս գորգերից, — Ստեփանը մատնացույց է անում իրար վրա դարսած 100 և ավելի տարեկան գորգերը, — տարին մի հատ վաճառենք կամ չէ: Սա պարզապես բիզնես չէ, իսկ գորգերը ոչ թե ապրանք են, այլ կյանքի ընկեր, քրոջ-ախպոր պես պահում եմ»:

Այս թեմայով