31 Հունվար 2012, 15:38
1669 |

Ավելի բարձր, ավելի սեքսուալ ու ավելի վստահ

Կոշիկը, ինչպես հայտնի է, մեկն է այն իրերից, որոնք կարող են կանանց մոտ կախվածություն առաջացնել, բարեբախտաբար, առողջության համար անվտանգ: Հագուստի ու աքսեսուարների փարիզյան դիզայներ Կարին Արաբյանն արդեն տասը տարուց ավելի է, ինչ հաջողությամբ զարգացնում է եվրոպական կանանց մոտ այդ կախվածությունը. կոշիկը միշտ եղել է նրա այցեքարտը:

Կարին Արաբյանի բուտիկը գտնվում է Փարիզի Պապիյոն փողոցում: Դիզայներն ամբողջ կյանքն անց է կացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Արևմտյան Հայաստանից գաղթած նրա ծնողները հայտնվեցին այստեղ 1915-ին: Պապը կոշկակար էր, հայրը՝ դերձակ: «Մանկությունից սիրել եմ կաշվի հոտը, խելքս իմս չէր, երբ դիտում էի վարպետների աշխատանքը», - հիշում է Կարինը: «Նորաձևության» գեները, յուրահատուկ մթնոլորտն այն տան, որտեղ նա մեծացել է՝ այս ամենը քիչ դեր չի ունեցել նրա մասնագիտության ընտրության մեջ: Այնուամենայնիվ, դիզայները վստահ է, որ ընտանեկան ավանդույթն այս հարցում կարևոր, բայց ոչ վճռական գործոն է: «Ծնողներիս հետ միշտ վիճում էի ապագա մասնագիտության պատճառով: Ու չնայած գնացի նրանց հետքերով, միևնույնն է՝ աշխատում եմ իմ սեփական ոճով: Իսկ եղբայրս, ի դեպ, չնայած մեծացել է նույն պայմաններում, զբաղվում է ֆինանսներով»: Նորաձևության ֆրանսիական ամենահեղինակավոր ESMOD դպրոցում ուսում ստանալուց հետո Կարինը զբաղվեց հագուստի իր առաջին հավաքածուով, բայց հետո սկսեց կոշիկներ, պայուսակներ ու զարդեր արտադրել նորաձևության հայտնի տների համար, ինչպիսիք են Swarovski-ն ու Chanel-ը: 90-ականների կեսերին նա անցում կատարեց շորերից դեպի աքսեսուարներ: Պարսից ծոցի պատերազմի արդյունքում նորաձև հագուստի պահանջարկը կտրուկ անկում ապրեց, և շատ դիզայներներ ու նորաձևության տներ մնացին անգործ: Վերաորակավորումը ապարդյուն չանցավ. 2000-ին Կարինն իր ազգականի հետ ֆիրմա բացեց և սկսեց սեփական ապրանքանիշի ներքո հանդես գալ:

***

Հմտություն, նյութի ընտրություն, աշխատանքը յուրօրինակ դարձնող դետալներում բծախնդրություն՝ ահա թե ինչի շնորհիվ է տարբերվում Կարինի արտադրանքը: «Կոշիկ ստեղծելը տեխնիկական խնդիր է, - պատմում է նա: - Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նույնիսկ ամենամանր դետալներին ու ճշգրիտ հաշվարկներ անել: Ամենակարևորը հիշելն է, որ գեղեցկության չի կարելի հասնել հարմարավետության հաշվին»: Կարինն ինքը հաջողությամբ իրագործում է այս սկզբունքները. սրանում համոզվելու համար բավական է նայել, թե ինչպես են Փարիզի սալահատակապատ փողոցներում գեղեցկուհիները սահուն քայլում Arabian ապրանքանիշը կրող 10 սմ-ոց կրունկներով: Կարինը մտադիր է մոտ ապագայում զգալիորեն լայնանցել իր արտադրանքի ներկայությունը նաև ԱՄՆ-ում: «Միշտ սիրել եմ Ամերիկան: Հիմա արդեն այցելություններս կապված են բիզնեսի հետ. մենք մի քանի խանութների հետ բանակցություններ ենք վարում: Ժամանակն է ծանոթացնել ամերիկուհիներին իմ ապրանքի հետ: 20 տարի է՝ ինչ աշխատում եմ որպես դիզայներ, և կարծում եմ՝ ստեղծարարությունս արդեն այն աստիճանի է հասել, որ պետք է սահմանները լայնացնել: Յուրաքանչյուր հավաքածուից հետո զգում եմ սեփական աճս, տեսնում եմ այն ստեղծածիս մեջ, ու հասկանում եմ, որ դեռ ի զորու եմ առաջ ընթանալ»:
Կարինը խոստովանում է, որ երբեք մտքում չի պատկերել Arabian-ի կոշիկները, աքսեսուարներն ու հագուստը կրող կնոջ կերպար: «Իհարկե, եթե Մերլին Մոնրոն կենդանի լիներ, կուզենայի, որ կրեր իմ արտադրանքը: Բայց նպատակս ինչ-որ մի իդեալի համար ստեղծագործելը չէ: Կոշիկը պետք է գեղեցիկ և հարմար լինի բոլոր կանանց համար: Յուրաքանչյուր կին յուրովի է գեղեցիկ»:

Միակ բանը, որ Կարինի համար աշխատանքի հանդեպ կրքի հետ մրցակից է, սերն է դեպի ժամանակակից արվեստը: Նա կոլեկցիոներ է. hաճախ է այցելում ցուցահանդեսներ, ուշադիր հետևում է երիտասարդ նկարիչների գործունեությանն ու ընդհանրապես՝ Փարիզի արվեստի կյանքին: «Ըստ իս, արվեստը պետք է միշտ լինի կենդանի և գտնվի շարժման մեջ», — ասում է նա:

***

Կարինը որպես զբոսաշրջիկ առաջին անգամ ընտանիքի հետ Հայաստան եկավ 1999-ին, ասում է՝ իրեն միանգամից տանը զգաց: Սեփական ապրանքանիշ ստեղծելուց շատ չանցած՝ նա վերադարձավ գործնական այցով: «Քայլում էի Վերնիսաժում, նայում էի հայ վարպետների արտադրանքին: Որոշեցի փորձել նրանց հետ մի հետաքրքիր բան անել՝ էքսկլյուզիվ ու որակյալ, այնպես որ գրավեր արևմտյան գնորդների ուշադրությունը»: Որպես նյութ ընտրելով փայտը, ագաթն ու արծաթը՝ նա մշակեց կոշիկի, պայուսակի ու ապարանջանի մոդելներ: Հայկական առաջին հավաքածուն Փարիզում արժանացավ մասնագետների բարձրագույն գնահատականին: Հայկական փորձարաությամբ հետաքրքրվեց ինքը Մադոննան: Վերջինս հաճախ է Կարինից  կոշիկ գնում: Փարիզյան բուտիկ հերթական այցելության ժամանակ Արաբյանը նրան ցույց տվեց հայ վարպետների պատրաստած կոշիկները: «Ես բացատրեցի նրան, որ սա լոկ նմուշ է, բայց Մադոննան կոշիկները փորձեց և ասաց, որ սա ճիշտ և ճիշտ իր չափն է և գնեց դրանք», - պատմում է ձևավորողը: Ի դեպ, Կարինի մշտական հաճախորդների թվին են պատկանում նաև այլ աստղեր՝ Վանեսա Փարադին, Իզաբել Աջանին, Սքարլեթ Յոհանսոնը: Կարինը, ում անձնական պահարանում կարելի է տասնյակ զույգ կոշիկ տեսնել, ասում է, որ կնոջ սերն առ կոշիկներ հեշտ է բացատրել: «Ի տարբերություն հագուստի՝ կոշիկը կարող է օգնել կնոջը զգալ իրեն անպարտելի: Կոշիկների շնորհիվ նա կարող է ավելի բարձր, սեքսուալ ու ինքնավստահ տեսք ունենալ»:

***

Կարինին հիմա արդեն կարելի է դասել նորաձևության աշխարհի ամենահաջողակ հայերի թվին: Ամբողջ կյանքի ընթացքում գործընկեր-հայրենակիցների գործունեությունն ուսումնասիրելով՝ նա 2007-ին Սիլվի Ռիշոյի օգնությամբ հրատարակեց գիրք, որտեղ պատմում է Ֆրանսիայում գործող հայ նորաձևության դիզայներների մի քանի սերունդների մասին՝ սկսած 17-րդ դարից մինչև մեր օրերը: Այս գրքով նա հարգանքի տուրք մատուցեց ժամանակակակից նորաձևության այնպիսի հսկաների, ինչպիսիք են Ալեն Միքլին, Ստեֆան Քելյանն ու Ալեն Մանուկյանը: Կարինն ինքը, անկասկած, հիանալի կերպով համալրում է այս աստղաբույլը: 

Այս թեմայով