30 Ապրիլ 2015, 14:06
1900 |

«Ֆրեսկո» հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոն

Այս տարի «Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

2015 թ. հունիսին «Ֆորմիկա Արտ» ընկերության և «Ծիածան» ՀԿ-ի նախաձեռնությամբ կկայանա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը: Ինչպես հայտնի է, 2014 թ. կազմակերպված փառատոնը, առաջինը լինելով հանդերձ, ունեցավ բավականին մեծ հաջողություն: Այդ փաստն ամրագրեցին թե՛ հանրապետության հոգևոր-մշակութային և հասարակական ոլորտի գործիչները, թե՛ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները, թե՛ արտերկրից ժամանած հյուրերը:

«Ֆրեսկո» փառատոնի նկարագիրը 2015

 2015թ. փառատոնը մասշտաբային և բովանդակային առումով առավել լայն է նախատեսված, քանի որ նպատակ ունի իրականացնել նաև Հայաստանում մինչ այժմ չցուցադրված բացօթյա լայնամասշտաբ ֆոտոցուցահանդես «Կարապի լճի» ողջ երկայնքով և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ թատերական ներկայացում, ինչը, անկասկած, նոր գույներ և թարմություն կհաղորդի փառատոնին և կնպաստի ավելի շատ մասնակիցների ներգրավվմանը: Փառատոնն առանձնակի նշանակություն է  տալիս սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին: Այս տարի փառատոնի հիմնական գաղափարախոսությունը խաղաղությունն է, և,  հիմք ընդունելով այդ համամարդկային արժեքը, փառատոնի ողջ ծրագիրը կներկայացվի ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի:  «Ֆրեսկո» միջազգային նախաձեռնությունն առաջարկում է փառատոնի անցկացման բոլորովին նոր` հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ: Փառատոն, որի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և  ներկայացումները դուրս կգան կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով կմտնեն փողոց:  Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները 10 օր շարունակ կդառնան հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն կլինեն հանդիսատեսի հետ, ժամանակավորապես կդառնան նրանց ուղեկից-ընկերը:

 Փառատոնի նպատակներ

1. Հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների վերահաստատմանը

2. Հոգևոր-բարոյական ֆիլմերի ստեղծման ու զարգացման խթանումը և դրանց նկատմամբ հանրային պահանջարկի ավելացումը` որպես սոցիալ-մշակութային կարևոր գործոն

3. Մշակութային գործիչների շփումների ակտիվացումը և փոխշահավետ համագործակցության դաշտի ստեղծումը, մասնագիտական փորձի փոխանակումը

 Իրականացման վայրերը

Երևան, «Կարապի լիճ»

Սևան

Եկեղեցիներ

Մշակութային կենտրոններ

 «Ֆրեսկո» փառատոնի նկարագիրը 2014

Հունիսի 20 –ից հուլիսի 6 –ը տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակներում 15 օրվա ընթացքում Հայաստանի մարդաշատ վայրերը վերածվեցին բանավեճերի և քննարկումների հարթակների /«Կարապի լիճ» Երևանի երգչախմբային ընկերության, ԱՀԹ, Երևանին սբ. Երրորդություն եկեղեցու դահլիճներ, Ծիծեռնակաբերդ, Օձունի և Ախթալայի եկեղեցու բակեր: Արդի արվեստի և դասական մշակույթի համադրության շնոհիվ հնարավոր եղավ համախմբել տարբեր սերնդի և ճաշակի պատկանող հանդիսատեսի՝ ռոքից  մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական:

Փառատոնը առանձնակի նշանակություն տվեց նաև սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց.  հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցեցին  փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվեցին  Ֆրեսկոյի կազմակերպական աշխատանքներում, իսկ փառատոնի մրցանակները պատրաստել էին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները: Ամբողջ միջոցառումներն ընթացան սուրդոթարգմանությամբ:

Ֆրեսկոյի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ «Կարապի լճի» տարածքում, մասնակցեց ավելի քան 1500 մարդ. ներկա էին պաշտոնյաներ, հոգևորականներ, մտավորականներ և արտերկրից ժամանած հյուրեր: Կամավորների ձեռքերով պատրաստված և Մայր Աթոռի կողմից օրհնված 2000 վառվող մոմերն աղոթքով և խորհրդավոր բեմականացմամբ բաժանվեցին ժողովրդին:

 Ընդհանուր առմամբ, փառատոնին ներկայացվել էր 400 հայտ 39 երկրներից, և ընտրվել էր 21 մրցութային և 36 արտամրցութային ֆիլմ:  

«Կարապի լիճը» վերածվել էր բացօթյա կինոթատրոնի, իսկ նորարարական ձևաչափն ստեղծել էր ջերմ մթնոլորտ:  Քննարկումներին մասնակից դարձան ցուցադրվող ֆիլմերի ռեժիսորները, քաղաքացիներ, արվեստագետներ, հոգևորականներ և  մտավորականներ, ինչպես նաև ժյուրիի անդամները և  պատվավոր հյուրերը՝ Հայր Իոան Գուայտա՝ հոգևորական, պատմաբան, լրագրող (Ռուսաստան), Կատյա Մալատեստա՝ “Religion Today” փառատոնի կազմակերպիչ  (Իտալիա),  Գորան Ռադովանովիչ՝ դոկումենտալիստ  (Սերբիա), Եպիսկոպոս Միքայել Լոնգին (Ուկրաինայի հերոս), Ջանլուկա Սոդարո՝ ռեժիսոր, սցենարիստ   (Իտալիա), Մարտա Զաքարոն՝ պրոդյուսեր  (Իտալիա), Տիամ Յաբանդեհ՝  ռեժիսոր, դերասան (Իրան), Սատար Չամանի Գոլ՝ պրոդյուսեր (Իրան),  Ջալալ Փանահի՝  ռեժիսոր (Իրան),  Օլգա Ամելյանենկո՝ պրոդյուսեր (Ռուսաստան),  Զոյա Կոտովիչ՝ ռեժիսոր (Բելառուս):

Քաղաքից հետո հաջորդեց մարզային ծրագիրը: Հայաստանի գեղատեսիլ անկյուններում՝ Օձունի և Ախթալայի եկեղեցիների տարածքում, ստեղծվել էր վրանային քաղաք: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:

Փառատոնն անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին` Ծիծեռնակաբերդում ներկայացնելով «Ճշմարտության հուշարձան»  խորագրով հատուկ ծրագիրը, որը ներառում էր ֆիլմի ցուցադրում-քննարկում, հանդիպում Հայր Իոան  Գուայտայի, Կատյա Մալատեստայի  և  թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:  

Այս թեմայով