08 Մայիս 2015, 22:44
1603 |

Բարի ֆիլմեր դաժան ժամանակների մասին

Երկրորդ Համաշխարհային պատերազմը կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային և հայկական կինեմատոգրաֆիայում: Բեռլինի մոտ հայտնված փղին Երևան բերելու հանձնարարություն ստացած զինվորի, Ֆրանսիական դիմադրությունը գլխավորած հայ բանաստեղծի, ճակատից գույժ բերող փոստատարի պատմություններից յուրաքանչյուրը բարության ու խիզախության մասին է, որն այդքան անհրաժեշտ է պատերազմի տարիներին և անգամ դրանից հետո:

«Մեր մանկության տանգոն»
Ռեժիսոր` Ալբերտ Մկրտչյան
Կինոստուդիա` «Հայֆիլմ»
Դերերում` Գալյա Նովենց, Ֆրունզիկ Մկրտչյան, Ազատ Գասպարյան
1985 թիվ

Պատերազմից վերադառնալով` Ռուբենը պարտքի զգացումից դրդված վճռում է հեռանալ կնոջից ու երեխաներից և միանալ այն կնոջը, որը փրկել է նրա կյանքը ճակատում: Սակայն օրինական կինը` Սիրանույշը չի կարողանում հաշտվել դրա հետ և փորձում է խելքի բերել Ռուբենին: Գլխավոր հերոսը` կիսվելով երկու ընտանիքների միջև, զավեշտալի իրադրությունների մեջ է հայտնվում, շարունակ մի տնից մյուսն է տեղափոխում կոմոդը: Պատերազմը փոխել է նրա վերաբերմունքը կյանքի, պարտքի հանդեպ, իսկ իրադրությունն էլ ավելի է վատթարանում այդ թվում երեխաների հետ բարդ հարաբերությունների պատճառով: Վերջնականապես խճճվելով իր զգացմունքների մեջ` նա կոմոդը թողնում է ռելսերի վրա: Իսկ խնդիրները մնում են… Հետպատերազմյան Լենինականի մասին պատմությունը` մասամբ վերականգնված ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ու նրա ավագ եղբոր` Ֆրունզիկի հիշողություններով, համարվում է հայ կինեմատոգրաֆիայի գոհարներից մեկը, իսկ ֆիլմից արտահայտությունները վաղուց արդեն իրենց կյանքով են ապրում: 


«Եռանկյունի»
Ռեժիսոր` Հենրիկ Մալյան
Կինոստուդիա` «Հայֆիլմ»
Դերերում` Արմեն Ջիգարխանյան, Սոս Սարգսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Պավել Արսենով
1967 թիվ 

Նախապատերազմյան Լենինականի դարբնոցում աշխատող հին ընկերների պատմություն, որը պատմում է դարբիններից մեկի որդին` Հովիկը: Բոլոր ընկերների անունը կարծես դիտմամբ Մկրտիչ լինի: Բայց քաղաքային աշխատավորների սովորական կյանքը կտրուկ փոխվում է պատերազմի ժամանակ: Մինչ այդ հեռանում է դարբիններից մեկը` Գասպարը, իսկ ամենաչխոսկանը` Մկոն ու նրա ռուս կին Լյուբան որոշում են միասին մեկնել ճակատ: Հովիկը հրաժեշտ է տալիս քաղաքին ու մեկնում ուսանելու: Ֆիլմի դրվագներից մեկում, երբ նորակոչիկների շարասյունը մեկնում է ճակատ, հնչում է «Զարթնի’ր, Լաո» հայկական ժողովրդական երգը: Հետաքրքիր է, որ երբ ֆիլմի սցենարը Մոսկվա էին ուղարկել հաստատման, երգի խոսքերը հատուկ փոխել էին, որպեսզի ազգայնականության կասկածներ չհարուցեն: Բայց արդեն հետո երգի բնօրինակ խոսքերը վերադարձրին և արդեն ընդմիշտ: 


«Ձնծաղիկներ և էդելվեյսներ»
Ռեժիսոր` Լևոն Գրիգորյան
Կինոստուդիա` «Հայֆիլմ»
Դերերում` Լորենց Առուշանյան, Արշակ Օհանյան, Անդրեյ Ռոստոցկի, Վիկտոր Մամաև
1982 թիվ

Եվս մեկ ֆիլմ ակամա պատերազմի բովում հայտնված բանաստեղծի մասին: Վազգեն Պետրոսյանը նախքան գերմանացիների ներխուժումը Խորհրդային Միություն ինստրուկտոր-ալպինիստ էր աշխատում, և հենց նրան են հանձնարարում գլխավորել ջոկատը բարդ խնդիր կատարելու համար` հեռացնել Կովկասյան լեռներից մեկին ամրացված կեռխաչը: Կինոնկարը լրացնում են վավերագրական կադրերը` կադրի հետևում հնչող ձայնով, որոնք պարզաբանում են 1942 թվականի իրադրությունը, երբ գերմանական զորքերը նավթարդյունահանող Բաքուն գրավելու նպատակով մոտենում էին Անդրկովկասին: Ֆիլմի կուլմինացիան զանգվածային կռիվն է լեռներում, երբ հերոսները բախվում են գերմանական «Էդելվեյս» դիվիզիայի մոտորացված շարասյան հետ:


«Հին օրերի երգը» 
Ռեժիսոր` Ալբերտ Մկրտչյան
Ստուդիա` «Հայֆիլմ»
Դերերում` Ֆրունզիկ Մկրտչյան, Շահում Ղազարյան, Վերգինե Միրիջանյան, Ազատ Գասպարյան
1982 թիվ

Պատերազմը չհասավ մինչև Հայաստան ու Լենինական քաղաք, բայց շատ երիտասարդներ մեկնեցին ճակատ: Կինոնկարի հերոսները սիրողական թատերախմբի անդամներ են, որոնք փորձում են գոնե ինչ-որ կերպ ցրվել ու շեղել քաղաքը ցավոտ թեմայից: Բայց ամենադժվար կացության մեջ հայտնվել է այն մարդը, որը ճակատագրի հեգնանքով հարազատներ չունի ճակատում: Ճակատից նամակներ բերող միայնակ կաղ փոստատար Նիկոլի դերը շատերը համարում են Ֆրունզիկ Մկրտչյանի ամենափայլուն դերը, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա դրամատիկ դերերը պակաս չի կատարում, քան կատակերգականները: Յուրաքանչյուր զոհվածի մասին նամակը հերոսի անձնական ողբերգությունն է, ով երբեմն սիրտ չի անում հաղորդել ազգականներին նրանց մտերիմների մահվան մասին: Ֆիլմի զգացմունքային լարումն ավելի ազդեցիկ է դառնում Տիգրան Մանսուրյանի գրած փայլուն երաժշտության շնորհիվ:

 


«Հանցագործների բանակը»
Ռեժիսոր` Ռոբեր Գեդիգյան
Ստուդիա` Agat Films Cie, Ֆրանսիա
Դերերում` Սիմոն Աբգարյան, Վերժինի Լեդուայեն
2009 թիվ

Հայոց ցեղասպանության ժամանակ մտերիմներին կորցրած և իր երազանքի քաղաք Փարիզում նոր հայրենիք գտած հայ բանաստեղծ Միսաք Մանուշյանի համաչափ կյանքն ընդհատվում է այն օրը, երբ երկիրը զավթում են ֆաշիստական օկուպանտները: Պացիֆիստ և կոմունիստ Միսաքին մնում է ոչ այլինչ, քան զենք վերցնել ձեռքն ու միանալ, իսկ հետագայում նաև դառնալ Ֆրանսիական դիմադրության առաջնորդներից մեկը: Միսաքի համար դա ոչ թե պարզապես ֆաշիստների ներխուժում է, այլ նորից կրկնվող պատմություն, միայն թե այս անգամ թուրք ագրեսորների փոխարեն գերմանացի ֆաշիստներն են: Այս ֆիլմը Մանուշյանի խմբի մասին է` սկսած դրա ստեղծման պահից և վերջացրած 1944-ի նոյեմբերին խմբի բոլոր անդամների գնդակահարությունով: Այն ներկայացվել է Ֆրանսիայում, Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կինոփառատոններում: Միսաքի կնոջ` Մելինե Մանուշյանի դերը ստանձնել է հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի Վիրժինի Լեդուայենը, իսկ ֆիլմի երաժշտությունը գրել է «Գրեմմիի» և «Օսկարի» դափնեկիր Ալեքսանդր Դեպլան: Կինոնկարի ռեժիսորն ինքը` Ռոբեր Գեդիգյանը ֆիլմը բնորոշել է որպես ուղղված առհասարակ բռնապետության դեմ: 

 


«Զինվորն ու փիղը» 
Ռեժիսոր` Դմիտրի Կեսայանց
Ստուդիա` «Հայֆիլմ»
Դերերում` Ֆրունզիկ Մկրտչյան, Ռանքո
1977 թիվ 

Սա իրական պատմություն է, որը տեղի է ունեցել ճակատում, երբ խորհրդային զորքերը գրոհում էին Բեռլինը: Մարտերի ժամանակ զինվորները փիղ էին հայտնաբերել, որին լքել էր փախուստի դիմած գերմանացի մի գեներալ: Հայ զինվոր Արմենակին կարգադրել էին փղին հասցնել Երևանի Կենդանաբանական այգի: Զինվորի ու փղի երկար ճանապարհն ավիրված գերմանական ու եվրոպական քաղաքներով և գյուղերով լի է վտանգներով, սնունդ հայթայթելով և չափավոր, երբեմն տխուր հումորով: Հետաքրքիր է, որ փիղ Գաբուշի դերը կատարել է փիղ Ռանքոն` կինեմատոգրաֆում հայտնի մի կերպար, որը նկարահանվել է ավելի քան երեսուն ֆիլմերում:

Այս թեմայով