26 Նոյեմբեր 2014, 13:55
2045 |

Հայկական «հերթական» ժուռնալիստիկան ու ամերիկյան «մեծ ամբիցիաները»

Լրագրող Արտյոմ Լևոնյանը երեք անմոռանալի շաբաթ է անցկացրել ԱՄՆ ժուռնալիստիկայի «դարբնոցներում» ու հիմա պատրաստ է կիսել իր տեսածն ու լսածը, զգացած ու ապրածը, խոհերն ու մտորումները։ Հայկական լրագրողական դաշտի խնդիրն ու թերությունները հատկապես ակնառու են ամերիկյանի ֆոնին։

«Ի՞նչ են սովորեցրել ձեզ ձեր համալսարանում ու խմբագրություններում», - թավ ձայնով ու փոքր-ինչ ծորալով այս հարցը տվեց Բոբ Վուդվարդը' Mr. Watergate-ը, 100 լրագրողների, որ եկել էին աշխարհի 100 երկրներից ԱՄՆ, Վաշինգթոն՝ նրան լսելու: «Դե…տեքստ գրել, ճիշտ կառուցել պատմությունը, ճշտել ինֆորմացիան… »,- և այսպիսի բազմաթիվ տխուր, բայց պետքական բաներ: «Ձեզ ոչինչ չեն սովորեցրել, փաստորեն»,-արձագանքեց այդ «ահարկու» մարդը: «Ձեզ ընդամենը երկու բան պետք է սովորեցնեին. ունենալ Մեծ ամբիցիաներ Մեծ պատմություններ պատմելու համար և իմանալ, թե ինչպես այդ պատմությունը վաճառել Մեծ գումարով»: Սա ասում է Mr. Watergate-ը, ում հոդվածից հետո հրաժարական է տվել Միացյալ Նահանգների նախագահը:

«Պարոն Վուդվարդ»,-ցանկանում էի հարցնել,- «ինչ կանեիք, եթե որևէ լրագրող ձեր հարցազրույցի ընթացքում խնդրեր միանալ հարցազրույցին ու տնկեր իր ձայնագրիչը կամ միկրոֆոնը»: Հարցն այդպես էլ չտվեցի, ամաչեցի: Այս հարցը Հայաստանում աքսիոմատիկորեն ունի պատասխան՝ ոչինչ: Համեցեք: Ցանկանում եք իմ հարցազրույցը ձեզ հանձնեմ: Կուզեք՝ նստեք գլխիս: Կուզեք՝ ձեր փոխարեն տեքստը գրեմ: Միայն մի նեղվեք, մի մտածեք, որ ես լավ մարդ չեմ ու հասնող կոլեգա չեմ:

«Ո՞րն է լինելու ձեր կյանքի լավագույն պատմությունը,- հարցնում էր պարոն Վուդվարդը,- ի՞նչ եք պատմելու, որ ամբողջ աշխարհն իմանա այդ մասին»: Ինչ պատմություն մտքովս անցավ՝ գուցե Հայրիկյանի հերթական ասուլիսը, իսկ գուցե հերթական անգամ գնանք հերթական Աժ նիստին հերթական «սկանդալի» հետևից: Հայաստանում մեկ խմբագրություն գիտեմ, որը արգելում է օգտագործել հերթական բառը: «Պետք է տառապեք ցնցող, ոչ թե հերթական պատմություն պատմելու ցանկությամբ ու դա պետք է զգաք, տենչաք ամեն օր, ամեն վարկյան: Ամեն վարկյան պետք է որոշեք ձեզ համար, որ դուք լավագույնն եք: Ոչ թե այդպիսի կարծիք ունենաք ձեր մասին, այլ որոշեք այդպիսին լինել»,-հորդորում էր մաեստրոն:

Ինչպե՞ս լինել լավագույնը ու պատմել լավագույն պատմությունը ու ամենակարևորը՝ ինչո՞ւ: Որովհետև, կասեր պարոն Վուդվարդը, եթե ձեր պատմությունը այն մասին է, ինչ բոլորը պատմում են, ուրեմն այն պատմություն չէ և արժանի չէ, որպեսզի վճարեն դրա համար:

10 տարի առաջ էր, որ ինձ հանձնեցին թուղթն ու գրիչը ու ասացին գրել ստեղծագործական շարադրություն: Քննություն էին հանձնում, որ ընդունվեի հայրենի համալսարան, նույնիսկ չեմ էլ հիշում՝ ի՞նչ թեմա ընտրեցի: Ու այստեղ է, որ ամեն ինչ ճաք է տալիս: Որովհետև ես պետք է հիշեի՝ ի՞նչ եմ ընտրել: Որովհետև դա պետք է լիներ իմ կիրքը, իմ պատմություն պատմելու բացառիկ հնարավորությունը: Իսկ ինձ ընտրելու հնարավորություն չէին տվել, սահմանափակել էին այդ հնարավորությունը՝ առաջարկելով տասը թեմա: Սահմանափակել էին իմ ամբիցիաները ինչ-որ տափակ թեմատիկայի շուրջ: Ու այդպես էլ շարունակվում է՝ ասուլիսային ժունալիստիկա՝ նախորոք հայտնի հարցերով ու կանխատեսելի պատասխաններով:


Նպատակ չունեմ քլնգել ոչ կրթական համակարգը, ոչ էլ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Շատ բան եմ սովորել: 2 տարին էլ բավական էր, չնայած ես սովորեցի մի ամբողջ 6 տարի: Ֆակուլտետում ու բազմաթիվ խմբագրություններում սովորեցի տեքստ գրել, ինֆորմացիա փնտրել, պատմություն պատմել, խաբել տեղեկություն կորզելու համար: Տարիների ընթացքում պակասեց այն էնտուզիազմը, որը մղում էր դեպի անհայտ պատմությունների փնտրտուք: Այն լավ պատմելու ցանկությունն է պակասել: Ինչո՞ւ: Խնդրեմ մասնակցեք ցանկացած ասուլիսի, որ անցկացվում է երևանյան մամուլի ակումբներում: Կարող եք հագիստ քնել մի անկյունում: Դա ամենապոպուլյար դիրքն է ասուլիսների ժամանակ:

Միացյալ Նահանգների ժուռնալիստիկայի և հաղորդակցության համալսարաններից մեկում հանդիպման էինք ուսանողների հետ: Նրանք այնքան հարց տվեցին, որ օրը շրջվեց, հանդիպումների ամբողջ գրաֆիկը տապալվեց: Իսկ երբ նրանցից մեկը լռում էր ու հարց չուներ, ղեկավարն ասում էր՝ միանգամից երևում է, թե ո՞վ չի ցանկանում լրագրող դառնալ:

«Դուք ունեք աշխարհի լավագույն մասնագիտությունը», - կասեն ձեզ Միացյալ Նահանգների ցանկացած համալսարանում։ Համենայն դեպս, նվազագույնը 4-ում ինձ դա ասել են: Ու ասել են այնպես, որ շաբաթներ շարունակ քիթս տնկած եմ ման եկել:

Հայկական ժուռնալիստիկայի մութ անկյունները շատ են: Բայց բոլոր սարսափելի պատմություններում միշտ էլ հեռվում մի լույս լինում է: 21-րդ դարի մարդու համար ամենամեծ մոտիվացիան փողն է: Գուցե հենց այդ պատճառով են ԱՄՆ-ում սովորեցնում գումար աշխատել ժուռնալիստիկայի միջոցով։ Սակայն նրանք երբեք չեն վճարի, եթե ձեր «ժուռնալիստիկան» հերթական է:

Այս թեմայով