06 Հունիս 2014, 12:28
1937 |

Գժերի շուկա

Փողոցներ կան, որոնք թռնելու համար են: Օրինակ՝ Խանջյանը: Հենց թռնում, անմիջապես հանում էինք հատիկով գնված սիգարետները: Մինչև որ մի օր Գետառի բուգը մետաղյա վզկապով կապեցին, տրամվայներն էլ հետը ջրեցին-գնաց:

Փողոցներ կան, որոնք թռնելու համար են: Ես, Արտակն ու Էրիկը Նալբանդյանի ազատազրկված արձանի մոտից հազիվ էինք ոտներս դնում Խանջյան փողոցի վրա, երբ երևանյան մթնոլորտային ճնշումը սկսում էր գունափոխվել, դառնալ արագընթաց շերտ, որը, ղըըը՜ռռռռռռռռ, սահում, մեզ միանգամից խառնում էր հլը սաղ Գետաղի գլգլոցին, պատշգամբներից բորբոսահոտ լեզուները դուրս գցած բերաների լմլմոցին ու մեքենաների «Անապատի արև» սիրենաներին:

Մթնոլորտային ճնշման փոփ-արտ գույները ակնթարթորեն վարդագույն էին ներկում փոշուց փռշտացող ծառերի սաղարթը, որի արանքներից երևացող Մերլին Մոնրոյի դեղին ժպիտը մեզ համոզում էր ղըը՜ռռռռռ թռնել, խառնվել շենքերի քաչալների վրա բուսնած մետաղյա թփերին ու վարդ-մանուշակ ասֆալտի քրտնած գոլորշուն:

Թը՜ռ, հենց թռնում, անմիջապես հանում էինք հատիկով գնված սիգարետները, ծայրերը դարձնում կոկա-կոլայագույն ու շարունակում մեր Ճանապարհը Հռոմի ղըըը՜ռռռռ (ռեստորանը նկատի ունեմ) ու Կրկեսի ղըըը՜ռռռռ (Կրկեսը նկատի ունեմ) ուղղությամբ:

Խանջանով թռնելու թվերին մենք աղքատ էինք ու մաքուր: Թռիչքի ժամանակ ով ինչքան փող ուներ՝ հանում էր: Մթնոլորտային ճնշման տակ մեր ձեռքերում հավաքված պղնձագույն մետաղը զնգում, հարյուր դրամով տուն հասնելու ու մի երկու բաժակ արևածաղիկ գնելու հայկական երազանքն էր գծագրում:
Ու էդ տարափոփոխ գույների մեջ էլ հայտնվում էին Խանջյանի գժերը…

Հենց մեր ափերում մետաղը փայլում էր, արտանետումներից ալեկոծվող կանաչ վերնաշապիկով, մուգ կապույտ փողերը գրպանները խցկած, հայտնվում էր Նա: Սրընթաց մոտենում, աչքի հաշվիչ ապարատով մեր ունեցած-չունեցածը հաշվում: Հետո գրպանի ամպերը դատարկում, մի երկու ճլորած իրիս էր հանում ու.
- Ո՜նց ա ուդվում, ո՜նց ա ուդվում…
Ստամոքսներիս ապսամբությունը ճնշելով՝ չէինք էլ հարցնում, թե էդ իրիսն ի՞նչ արժի: Գիժը ամպերի վրա շարում էր իր ապրանքն ու միքջագերական կնճիռները դեմքին՝ շարունակում բղավել.
- Ո՜նց ա ուդվում, ո՜նց ա ուդվում:

…Էդ օրը բգի բոլշևիկ Էրիկի նյարդերը տանուլ տվեցին:
- Ո՞նց ա է՜ ուդվում…
Նրա հարցը, իհարկե, հռետորական բնույթ ուներ, որը, ուղղակիորեն բախվելով, Գժի խելամիտ ռացիանալիզմին, իսկույն՝ ջարդուփշուր եղավ:
- Ո՞նց ա ուդվում, ո՞նց ա ուդվում… Երկու հարյուր դրամով լավ էլ ուդվում ա…
Էրիկի դեղին դեմքին աչքի ծեփագույն ներկ թափվեց:
- Հեսա տամ…
Մեր կլոր-կլոր աչքերի առաջ (էդ կարգի հարստություն դրան որտեղի՞ց) նա մի քսանդրամանոց հանեց ու ֆռռացնելով դեպի Գիժ-կոնֆետավաճառը շպրտեց: Մետաղադրամն ասֆալտածածկ մատներով որսալով՝ Գիժն իր բերանը մոնրոյական ժպիտ-շրթներկով ներկեց.
- Ո՜նց եք ուդելու, ո՜նց եք ուդելու…

Ամպերը գրպանը խոթելով՝ նա աճպարարի նման մթնոլորտը լցրեց կոնֆետի թղթերով, հետո, կանաչ վերնաշապիկի մեջ կուտակած երևանյան արտանետումները խոդի տալով, թռավ-գնաց: Իրիսի՝ կանաչ պուտ-պուտ փղիկների նկարներով թղթերը, պաստառ դառած, սիսեռ-սիսեռ կախվեցին արևի ֆոնին: Բնականաբար, ռաբիս մեքենաների անապատային սիրենան չուշացավ…

- Քեզ շուստրիի տե՞ղ ես դրել, այ հավ, - էդ պահին Արտակի բերանի մեջ լեզուն դուրս նետվելու, ցուցադրվելու մոլուցքով էր տառապում, բայց կարմիր ատամները չթողեցին, - հիմա ո՞նց ենք սեմուշկա առնելու:

Էրիկի քյանքյուլը, զեբրայագույն Ռեյ Բանի նման, կախվեց աչքերին:
- Լավ, ի՞ նչ կա որ… Ես գիտեմ, ինչ կարելի է անել,- էրիկն ակնթարթորեն աշխուժացավ,- բա չգիտե՞ք… Սաղ քաղաքը էդ մասին ա խոսում. կոնֆետի էս թղթերը հավաքում, հասցե կա, ուղարկում ես ու…
- Ուղտ, - Արտակի լեզուն ցուցադրաբար կախվեց, Էրիկի աջ թուշը լպսեց: Խեղճի դեմքի էդ հատվածում աչքի ծեփագույն ներկը ջնջվեց, ջրծաղիկի հետք թողեց:
- Ի՜,-Էրիկի մանկացած դեմքը արտացոլվեց փղիկների պաստառային ֆոնին,- Ճիշտ եմ ասում, կոնֆետի թղթերը հանձնեցիր՝ նվեր ես շահում:
- Խելքիդ ձյուն գա,-ատամներիս վրա ընկած թքի կաթիլներից թշշում էին,-առաջ ընկի…
- Բա ստե՞նդը…

Ստենդը վերցրեցինք թե չէ, փողոցի այդ մասում մի մեծ, սև խոռոչ երևաց:
- Լսի,-Արտակը դեռ չէր վերականգնվել քսանդրամանոց կորստից, - ուրիշ ով ինչ ուզի՝ էլ բան չտաս…

Ասել՝ չէր ասել, երբ մթնոլորտային ճնշման շերտը, ղըը՜ռռռ, անցնելով, Շախմատի տունը կաս-կապույտ դարձրեց: Շենքի ֆասադին ամրացված Թագուհու, Արքայի ու նրանց դեմ չոքած Նավակի բերանների մոտ սպիտակ-կոմիքսատիպ, կայծակներով ու բոցերով շրջապատված բառակապակցություններ երևացին, ըստ որոնց հասկացանք, որ Թագուհին ասաց «O, my…» Արքան՝ «Good honey», իսկ Նավակը՝ «…բերանդ» արտահայտությունները:

Հենց այդ պահին էլ հայտնվեց Նա: Ուֆ, ինչ անդուր գիժ էր, էն էլ՝ մուրացկան: Մորուքի դեղին լորձերը մինչև գոտկատեղն էին իջնում, դեմքը՝ խաշած խեցգետին էր, միայն ակնախոռոշներն էին կավիճային-սպիտակ, կենտրոնում՝ երկու վարդագույն պտուկ-աչքեր գծագրված:

Մոտենում, արևային ակնոցը հանում էր ու.
- Մատաղդ ուտեմ, մատաղի համար ա:
Էրիկի դողդողացող մատնեմատը, մագնիսի նման, դեպի հաջորդ քսան դրամանոցն էր ձգվում:
- Չտաս, - Արտակի լեզուն, արևածաղիկ չրթելու կայֆ-հեռանկարից բովվում էր,-չը, շշշշշշ…
Գիժ-մուրացկանը հետզհետե ճմրթվում, նմանվում էր զուգարանի թուղթ դառած լրագրի:
- Մատաղդ ուտեմ, մատաղի համար ա:
- Չը… Թըշշշշշ….
Ղըըը՜ռռռ… Մթնոլորտային ճնշման փոշին քաղաքը չեչոտ-բծավոր սարքեց: Էդ բծավորության մեջ միայն Էրիկի կաս-կարմի ձեռքն էր տարբերվում, որը տարերայնորեն դեպի քսանդրամանոցն էր ձգվում…
Ղըըը՜ռռռռ… Չեչոտությունն անցավ:
- Ապրես, ազիզ,- գիժ-մուրացկանը միանգամից խելոքացավ, ակնոցը դրեց, գրպանից «Դավիդովը» հանեց, սկսեց ծխել…
- Կերա՞ր, - Արտակի լեզուն էլ հետ չէր նահանջում:
- Ի՞նչը, - խեղճ Էրիկի բերանը մի բան մտա՞վ, որ ասեր հա:
- Հեչ, մնացած փողերը հանի, հասանք …

Կինը սովորաբար նստում էր փողոցի ծայրին: Չէ, նա գիժ չէր: Արևածաղիկ վաճառող, սովորական, պառավային մազերով մեր փրկիչն էր, գազարագույն կատուն՝ կողքին: Արտակը՝ որպես մեր միջի ամենապրիլիչնին, հպարտորեն մոտենում, գովում էր նրան, ասելով, որ իր արևածաղկից մեր մատները չեն սևանում, որ ոչ մի բորբոսնած կամ վառված հատիկ չկա: Կինը ժպտում ու չորացած, տարբերագույն մատներով դրամը վերցնում էր:

Էսպես մի ամբողջ փոփ-արտ ժամանակ: Հետո՞… Հետո Խանջյանը դարձավ չթռնելու փողոց: Գետառի բուգը մետաղյա վզկապով կապեցին, տրամվայներն էլ հետը ջրեցին-գնաց: Իսկ մթնոլորտային ճնշումը կոլայի ծռմռված շիշ դարձավ: Արտակն ու Էրիկը հեռացավ՝ zoom-ստենդների փոխվեցին…
Երևանը էլ էդպիսի գույներ չուներ:

… Մի երկու-երեք շաբաթ առաջ Երիտասարդականի քյավթառացած գետնացումից դուրս եկա ու տեսա նրան՝ մեր փրկիչնին, ով սոված ժամանակ ստամոքսներս արևածաղկով զարմացնում էր: Նա մոխրագույն-անհետաքրքիր սուպերմարկետի ֆոնին իր փոփ-արտ մազերով կանգնած գժական արագությամբ կրկինում էր.

- Առողջություն, հաջողություն, ուրախություն, առողջություն, հաջողություն, հաջողությո՜ւն…
Մոտեցա: Արևածաղիկի պուտ-պուտ տոպրակն ու գազարագույն կատուն հետը չէր: Ձեռքի մեջ մի քսանդրամանոց էր փայլում…

Նվիրում եմ Արման Գրիգորյանին

 

Այս թեմայով