30 Մայիս 2014, 15:11
1579 |

Ֆիզ-ԿՈՒԼՏ-ուռա՜

Մեզ՝լուծազգիներիս, արգելեցին այդ հարցով դիմել իրեն: Բայց ինկվիզիցիան հո՛ անմահ է: Հոգեբանական ճնշումներն ուժեղացնելու նպատակով նա մեկ այլ սարսափելի հնարքի դիմեց:

80-ականների մարտը մեր ֆիզկուլտուռնիկ դպրոցում սառն էր՝ լցված էն թվերին հատուկ մուգ-կապույտ-անդուր մարզահագուստի չոր հպումով, ծուռպռտիկ տուռնիկ-շտանգաներով ու թռած-չվերադարձած Արջուկի գրեթե լենինպապիկական առասպելով: Բայց ինձ հատկապես մռթոշեցնում էին մարզադահլիճի հարևանությամբ կուչ եկած հանդերձարանները՝ որոնցից բխող շան հոտը անգամ շներն ու թախտաբիթիներին էր վախեցնում: Էլ ինչ ասեմ մեր՝ երկրորդ-երրորդ դասարանցիներիս մասին, որ կառափնարան գնացողի հլությամբ ստիպված էինք շնչել մարզակոշիկների աղի-ռեզինային բուրմունքը, որն առանձնակի ջերմությամբ էր միաձուլվում նախնադարից ջրի երես չտեսած զուգարանների որձկոցին:

Բայց հրամանը հրաման է, և ահելով ու ջահելով ստիպված էինք ենթարկվել: Ուրբաթ, շաբաթ, երկուշաբթի, մեկ- մեկ երեքշաբթի, չորեքշաբթի: Էդ Քրիստոսի չարչարանքներից ով չէր հիվանդանում, նաև՝ հինգշաբթի, ժամը ուղիղ իննին, դպրոցի բակում լխկլխկան մարզահագուստները հագած՝ դպրոցականները, ինչպես նաև՝ ուսուցիչներն ու իհարկե հաստաքամակ 60-ին մոտ ուսուցչուհիները ո… Մի խոսքով՝ Վարդավառի շարժումներ էին անում:

Էդ անդրոպովիզմը հերիք չէր՝ շաբաթը երեք օր էլ ֆիզկուլտուրայի դաս ունեինք: Դրանց խիղճը չկտրվեր, գոնե թողնեին դասամիջոցից հետո հանդերաձարան մտնեիք: Էդ դեպքում մի երեք-չորս րոպե տանձիկին բախվելու անխուսափելի վտանգն ավելի պակաս կլիներ: Չէ, որ չէ, հենց նախորդ դասն ավարտվում էր, տոպրակները ձեռքներս տված՝ մեզ Ֆիզկուլտի էին քշում: Ցուրտ էր, բայց լսողն ո՞վ էր: Բժիշկի թուղթ ունենալ-չունենալը հաշիվ չէր, իսկ դասից խուսափելու հնարները հասցված էին զրոյի:

Իհարկե, փրկության առաջին օղակը զուգարանն էր: Հենց ասում էիր՝ բնական պահանջ ունես, ֆիզկուլտի դասատու ընկեր Ռոլիկյանի բեղիկներ ցցվում-բոսորագույն էին դառնում: Տղամարդուն վայել բիլակները ձգելով՝ վայրկյանաչափը հանում էր ու.
- Ի՞նչ գործով ես զուգարան գնում:

Բնականաբար, բոլորս անխտիր նախընտրում էինք մեծ գործերը, որոնց համար նախատեսված ժամանակը երեք րոպեն չէր գերազանցում: Բա որ ժամկետից ուշ վերադառնայի՞ր: Օ՜, էդ դեպքում քեզ էր սպասում ստալինյան ուղղահայաց, վեցմետանոց ձողը, որի վրա վազվզելն ինձ անմիջապես հիշեցնում էր խոզի՝ տուռնիկից հեռու լինելու զավեշտալի պատմությունը:

Ֆիզկուլտի դասերին զուգարանում մեծ գործեր անելու հայտերը այնքան շատացան, որ ընկեր Ռոլիկյանը, խցանումներից վախենալով, մեզ՝լուծազգիներիս, արգելեց այդ հարցով դիմել իրեն: Բայց ինկվիզիցիան հո՛ անմահ է: Հոգեբանական ճնշումներն ուժեղացնելու նպատակով նա մեկ այլ սարսափելի հնարքի դիմեց: Ընկեր Ռոլիկյանը նպատակասլացության, ուժի, քաջության ու տղամարդկության էտալոն հռչակեց մեր դասարանցի Դըբըռ Կատյային:

Մարդու կյանքում լինում են դասեր, որոնց սերտումը հետագայում ճակատագրական է դառնում: Նման տխուր մի դեպք էլ պատահեց մեր Կատյուշայի հետ: Նա իր կյանքի առաջին տասնամյակը չբոլորած սովետական ուղիղ ու լուսավոր մայրուղով ճեմելիս հանդիպեց Զոյային: Կոսմոդեմյանսկայային: Իսկ եթե ավելի պարզ, ապա Զոյայի մասին դասը կարդալիս Կատյուշայի աչքերը փոխվեցին հոկտեմբերիկի աստղիկների: Այդ պահից Կատյան իրեն նույնականացրեց հանրահայտ պարտիզանուհու հետ, ով պայքարում էր… Ցավո՞ք ասեմ, թե՞ բարեբախտաբար, մեր Դըբըռը չէր հասկացել՝ ի՞նչ է ֆաշիզմը, ավելին՝ նա նույնսիկ չգիտեր ի՞նչ է պայքարը: Բայց լինելով իմպուլսիվ, քաջ, առնական և վճռական անձնավորություն, Կատյուշան որպես պայքարի նշան սկսեց ծեծել իր դասարանցի տղաներին:

Խոսքս ի՞նչ երկարացնեմ: Այդ օրը Դըբըռ Կատյայի ապտակներից շշմած մաթեմատիկայի դասին հաշվում էի, թե քանի վայրկյան է տևելու ֆիզկուլտուրայի դասը, երբ դիմացի շենքի ֆասադին ամրացված բանջարաբոստանային մթերքների մետաղյա-խոխմա արձանները սկսեցին ինձ աչքով տալ: Էս ի՜նչ վատ նշան էր… Հենց հիշում էի էդ ստալինյան վեցմետրանոց, անդուր մարզաձողը, սրտիս տակ ճնճղուկներ էին խլվլում: Չգիտեի՝ ի՞նչ անել. էդ օրը ձողի վրա վազելու ու զոհվելու հերթն իմն էր: Ես արդեն տեսնում էի, թե ինչպես են հանդերձարանի սառը գարշահոտի մեջ իմ դոդոշ տապչկաների քուղերը վերջին անգամ կապվում և թե ինչպես եմ մատղաշ հերոսի նման մոտենում մարզաձողին…

- Քեզ ի՞նչ եղավ,- Դըբռը անխնա ուսերս էր ցնցում:
- Մեռավ, - լացակումած փռշտացի:

Կատյուշայի դեմքին զարմանալի ստվեր ընկավ: Նրա աչքերը վախից կլորացան, ձիգ բիլակներն էլ հալվեցին, նուրբ-աղջկական դարձան:
- Ո՞վ մեռավ, - մահը, որպես սխրանք ընկալող Կատյան էլ ավելի փափկեց, - երևի կախեցին, հա՞…
- Չէ՜, - ի տարբերություն Կատյայի, ես աղոտ, կարելի է ասել՝ ենթագիտակցական շերտով ընկալում էի այն փաստը, որ Սովետում լավ մարդկանց չեն կախում, ուստի անմիջապես հորինեցի,-ավարիա տվեց…
- Էդ ա էլի, - վշտից մեր Դըբըռը քանի գնում նրբիրան էր դառնում, - բայց ո՞վ…

Ուրիշ տարբերակ չկար: Մեր ցեղում միակ մեքենա ունեցողն իմ քեռին էր:

Ողբերգականությունը մասսաներին միախմբելու, ոգևորելու, նույնիսկ՝ զորակոչելու հատկություն ունի: Դըբըռը, ինչպես վայել էր իսկական հոկտեմբերիկին, անմիջապես կանգնեցրեց դասը և, որպես վթարի ականատես, մի սրտառուչ ճառ արտասանեց: Բնականաբար, նրա բոցաշունչ խոսքի մեջ կամա-ակամա սողոսկեցին ընկեր Ռոլիկյանի բառապաշարից որոշ անջնջելի հատվածներ, որոնք ուղղակիորեն կապվում էին մարզվելով անվթար և հետևաբար՝ անմահ լինելու գաղափարի հետ:

Ավելորդ է ավելացնել, որ քեռուս վթարված լինելու մասին լուրն անմիջապես տարածվեց հարևան դասարաններում և ի վերջ հասավ Ուսուցչանոց: Բայց… Մարզաձողից ընկնելու վախն այնքան ուժեղ էր, որ ես չէի հաշվարկել մի կարևոր հանգամանք: Ախր մեր դպրոցում դասավանդում էր նաև իմ հորաքույրը: Իսկ անժխտելի է, որ ականջավոր պատերը նաև խոսում են: Երկու րոպե չանցած մեր դասարանի դուռը բացվեց և վախից այլայլված, միաժամանակ՝ տղամարդ լինելու զգացողությունից իրեն հավաքած ու ձգված հորաքրոջս տղան (նա ինձնից մի տարի էր մեծ) ներս մտավ և հատու քայլերով մոտեցավ Դըբըռի գրկում կուչ եկած ու անշարժացած իր զարմիկին: Եղբորը նման խեղճուկրակ ու անհարմար վիճակում տեսնելով՝ նա մի պահ ընկրեց ու.
- Ի՞նչ է եղել…

Պարզ է, որ մի բառ ավելի արտասանելու դեպքում խեղճը քարուքանդ կլիներ: Եղբորս պատասխանելու, ավելի ճիշտ մխիթարելու նպատակով հազիվ էի բերանս բացել, երբ Կատյուշայի ճառը կրկնվեց՝ թնդաց ու գնդակոծեց ամբողջ դպրոցը: Ուսուցչուհիները մեկը մյուսին հրմշտելով՝ ներս էին խուժում տեսնելու այդ սահմռկեցուցիչ ողբերգության տուժողին, այսինքն՝ ինձ, քանի որ եղբայրս իր մի հատիկ բառով բոլոր ալիքները խառնեց: Նա կարկամած ու վշտաբեկ բացեց իր լացակումած բերանն ու.
- Քեռի՞՜ն…

Եղբորս բերանից թռած էդ հարցատիպ աղերսը գրամեքենայի տկտկոցի, ավելի ստույգ՝ մորզայի այբուբենի նման հնչեց: Եվ անմիջապես նրա մտապատկերում ծնեց մեկ այլ կերպար՝ իր քեռին: Պարզ է, չէ՞՝ իմ հայրը:

Բնականաբար, մաթեմատիկայի ուսուչուհին անմիջապես վալեյդոլածարավ կպավ: Վախեցած երեխաներին հանգստացնելու և կոլեգային օգնելու նպատակով երգեցողության դասատու ընկեր Քյարունցը միանգամից առաջ եկավ: Նրան չզիջեց նաև ընկեր Ռոլիկյանը: Սկսեցին վիճել: Ի՞նչ է մարդուն ավելի շուտ վշտից հանում. երգե՞լը, թե մարզանք անե՞լը: Ի վերջո, որոշեցին հաճելին համատեղել օգտակարի հետ: Քյարունցի քյարը չափ տալը մնաց, Ռոլիկյանինն էլ՝ երեխաներին ստիպեց օղակ պտտել: Շատ չանցած «Լենին դու կյանք ես հարակեզ» երգի հնչյունների ներքո կուտակված ամբոխը ճեղքվեց, և, ոսկիները շխշխկացնելով, դպրոցի տնօրեն ընկեր Արծաթագործյանը մայր թագուհու նման առաջնորդելով Հորաքրոջս հրեց դեպի ինձ: Փառք Աստծո՝ զանգը հնչեց…

Թե ինչ եղավ հետո, լավ չեմ հիշում: Բայց մոտավորապես հասկանում եմ, որ ինձ խայտառակությունից փրկելու և քեռուս կենդանությունն արդարացնելու նպատակով մի սուտ էլ հորաքույրս հորինած կլինի: Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ այդ չարաբաստիկ միջադեպը երեք օր ինձ, Հորաքրոջս ու Զարմիկս փրկեց առավոտ շուտ ո, ո, ո… է՜, Վարդավառային շարժումներ անելու տանջանքից:

Այս թեմայով