13 Հունվար 2014, 12:36
2516 |

Նրա Նոր տարին

Եթե մինչև այդ հարևանները մի բուռ կոնֆետ, խնձոր-տանձ էին գցում Հայկանուշի գոգնոցի գրպանը՝ Գևոյի համար, ապա կամաց-կամաց դա էլ կտրեցին։ Ուրիշի ցավի նկատմամբ մարդիկ անտարբեր էին:

Վերելակի դռները 13-րդ հարկում բացվեցին. 15-րդ հարկի հարևանուհին մեջն էր։ Նրա պարարտ մարմինը գնդակի պես վեր թռավ.
- Վայ, դո՞ւ ես, ես էլ իմացա՝ Գևոն է, վախեցա։ Հենց 13-ում լիֆտը կանգնում է, արյունը երակներումս սառչում է։ Մտածում եմ՝ բա որ հանկարծ Գևոն լինի։ Նրա հետ լիֆտով իջնեմ՝ սիրտս վախից կճաքի։ Ոնց էլ նույն հարկում՝ դուռ-դռան ապրում եք դրա հետ։
- Գևոն հեչ էլ վախենալու տղա չի, Սիրան ջան։ Եթե զգա, որ իրենից խուսափում ու վախենում ես, ագրեսիվ կդառնա։ Դու այդպիսին չէի՞ր լինի, եթե բոլորը քեզնից խորշեին,- մինչև առաջին հարկ հասնելը Սիրանին հասցրեց բացատրել 13-րդ հարկի Անուշը։
- Էդ վերջին բառդ չհասկացա, բայց Գևոյի անունը լսելուց լեղիս ճաքում է,- ավարտեց Սիրանն ու գնդլիկ մարմինը պասուց տոլմայով լի թասի հետ մի կերպ դուրս հանեց վերելակից։

Բոլորի հետ այս 16 հարկանին էլ է պատրաստվում Նոր տարուն։ Վերելակն անընդհատ վերուվար է անում։ Բնակիչները, ծանր տոպրակներով բեռնված, ծիծաղով ու աղմուկով տուն են վերադառնում։

13-րդ հարկի Անուշենց տանը խմորեղենի, ջեռոցում տժտժացող հնդկահավի, բաստուրմա-սուջուխի ու մանդարինի հոտերը խառնվել են։ Դռան տագնապալի զանգը հնչեց. ինչ-որ մեկը մատը զանգի կոճակին էր մեխել։ Անուշը շտապ բացեց։ 9-րդ հարկի Հասմիկն իրեն տուն գցեց.
- Վայ, տնաշեններ, շուտ արեք, բացեք, մի բաժակ էլ ջուր տվեք. վախից շաքար ստացա։ Ձեր շեմին կանգնած՝ աչքս Գևոյենց դռանն էր. բա որ հենց էդ րոպեին տնից դուրս գար։ Վախից կմեռնեի։ Ոնց էլ ապրում եք դրանց հետ նույն պադեզդում։ Մի կտոր ֆոլգա տվեք, ես գնամ, էն բուդս շատ մնաց աղաջրում, կփչանա, տանեմ դուխովկա դնեմ։

Հասմիկը փայլաթիթեղն առավ ու ճողոպրեց տուն՝ Գևոյի ահից հետ-հետ նայելով։
5 րոպե էլ չէր անցել' դուռը կամաց թակեցին։ Անուշը կրեմոտ գդալը դրեց ու վազեց դեպի դուռը։ Շեմին Գևոն էր կանգնած։

- Հա, Գևո ջան, ասա, ի՞նչ կա,- ձայնին համարձակ երանգ տալով՝ հարցրեց Անուշը։
- Մաման ձեր բլինչիկի ժարովնիկն ա ուզում,- աչքերը գետնին հառած՝ արագ-արագ զեկուցեց Գևոն։

Անուշը Գևոյին ներս հրավիրեց, թավան դարակից հանեց, մրգամանից մի քանի մանդարին էլ վերցրեց, դրեց թավայի մեջ ու տվեց Գևոյին։
- Չէ, պետք չի, մենք ամեն ինչ առել ենք, - գետնին նայելով՝ ասաց Գևոն։ Մանդարինները կտրուկ շարժումով տվեց Անուշին ու դատարկ թավայով վազեց տուն։
Անուշը մտավ խոհանոց. կրեմով լի թասին չմոտեցավ։ Հավեսը մի տեսակ փախավ. «Հիմա մերոնք խանութից կգան։ Թող քույրս շարունակի»։ Միացրեց հեռուստացույցը. նախատոնական տաշի-տուշին սկսվել էր։ Անջատեց ու մտավ ճաշասենյակ. տոնածառի լույսերը դեռ առավոտյան վառել ու մոռացել էր հանգցնել։

Երեկ խաղալիքներ էր գնել ու առավոտյան տոնածառի ճյուղերին կախելիս Գևոն դուռը թակել էր։ Եկել էր փայլաթիթեղի հետևից։
- Մաման բուժինինա է սարքում, ասաց, որ ձեզնից ֆոլգա ուզեմ, կտա՞ք,- ասել էր Գևոն՝ աչքերը հառած մի կետի՝ Անուշի զարդարած տոնածառի լույսերին։ - Մենք էլ տոնածառ ունենք՝ սիրուն ու փայլփլուն. էսօր եմ դրել։

Անուշը ժպիտով ու փայլաթիթեղով ճանապարհել էր Գևոյին, բայց դուռը փակելուց հետո մի տեսակ սիրտը ճմլվել էր։ Հիմա էլ նույնն է զգում, ինչ առավոտյան։ Տոնածառի լույսերը հանգցրեց։ Սենյակը մի քիչ մթնեց։ Անուշը փլվեց բազմոցին։ Էս լա՞ցը որտեղից մտավ մեջը. գոնե տնեցիները մի քիչ էլ ուշանան, իրեն այդ վիճակով չտեսնեն։

Անուշն ու Գևոն մանկության ընկերներ էին։ Բակը միշտ լիքն էր երեխաներով. բոլորը խաղում էին, վազում, ճչում, աղաղակում։ Գևոն, ֆուտբոլիստի համազգեստով, մեջքին գրած՝ Արարատ, բակով մեկ վազում էր ու գոռում՝ գո՜լ։ Մայրը բակի երեխաներին հորդորում էր, որ Գևոյի հետ խաղան, բայց ոչ ոք նրան չէր լսում։ Խուսափում էին Գևոյից թե՛ բակում, թե՛ դպրոցում։ Գևոն տարօրինակ երեխա էր. մեկ գոռում էր, մեկ ծիծաղում, իսկ երբ մայրը տուն էր կանչում, դառնում էր անկառավարելի, քարը ձեռքն էր առնում ու պատահած ուղղությամբ շպրտում։ Ստեպ-ստեպ այս ու այն կողմից որակումներ էին հնչում՝ գիժ Գևո։ Մայրն անզուսպ անեծքներ էր թափում որդուն ծաղրողների հասցեին, իսկ Գևոն «գիժ» բառից իսկապես գժվում էր,ծղրտալով սուրում ու գլխով մխրճվում երեխաների խմբի մեջ, կծոտում ու ճանկռոտում, թավալ գալիս գետնին։

Գևոյի ծնողները տարիքով մեծ էին. մայրը դպրոցում հավաքարար էր, հայրը՝ պահակ։ Սովետի տարիներին դեռ մի կերպ շոր-կոշիկ էին առնում Գևոյի համար, բայց շուտով աղքատությունը սև օձի պետ սողոսկեց Գևոյենց տուն։ Թոշակառու մայրը դեսուդեն ընկավ՝ որդու համար մի հարմար աղջիկ ճարելու. ապարդյուն։ Գևոն սկսեց շրջապատի աղջիկներին դարանակալել. ուղղակի նայում էր նրանց, երբեք չէր մոտենում, բայց հայացքից աղջիկները զարզանդվում էին։ Գևոն ամիսներով տնից դուրս չէր գալիս։ Մեկ էլ հայտնվում էր՝ մազ-մորուքի մեջ կորած։ Հարևանները սարսափում էին՝ Ռոբինզոն Գևոն տնից դուրս է եկել։ Մայրը մեկ-մեկ Անուշի մոր մոտ սիրտը բացում էր. «Էրեխես շաշ հորեղբորը քաշեց, անտեր մնա արյունը, քանի պորտ է քաշում։ Ռուբոն գժանոցում մեռավ։ Բայց ես իմ մինուճարին հոգեբուժարան չեմ տանի, չէ»։

Եթե մինչև այդ հարևանները մի բուռ կոնֆետ, խնձոր-տանձ էին գցում Հայկանուշի գոգնոցի գրպանը՝ Գևոյի համար, ապա կամաց-կամաց դա էլ կտրեցին։ Անուշի մայրն էր միայն մի ափսե ճաշ, մի համեղ պատառ հասցնում Գևոյին։ Նոր տարունն էլ տան եղածից բաժին էր հանում տարաբախտ հարևանին։ Հայկանուշի տան ամենահարգի կերակուրը տապակած կարտոֆիլն էր, իսկ Նոր տարուն դրան ավելանում էր տոլման։

Բայց այս Նոր տարուն Հայկանուշը հայտարարել էր. «Տեղը տեղին Նոր տարի ենք անելու։ Գևոս շուկայում գործ է գտել, աշխատել, փող է հավաքել, որ լավ սեղան գցի հարևանների նման, տոնածառ էլ է զարդարել։ Նաև արգելել է ընդունել Անուշենց բարեգործությունը»։

Անուշենք ուրախացան. գոնե այս Նոր տարին հանգիստ խղճով կանցկացնեն, թե չէ պատառը կուլ չի գնում. Գևոյենց տնից ճնշող լռություն էր հոսում իրենց տուն։ Հայկանուշը հարևաններին ներկայացրել էր որդու կազմած ճաշացանկը, որին ինքը «Գևոյի մունյու» էր ասում։ Գոգնոցի գրպանից հանում էր «մունյուով» թուղթն ու նորից խնամքով ծալում, տեղը դնում։ «Մնաց չարազեղենն ու խմորեղենն առնենք, մնացածը կա»,- դեկտեմբերի վերջին օրերին տեղեկացրեց ու 13-րդում իջավ վերելակից։

Դռան զանգը 3 անգամ զիլ ծղրտաց. տնեցիներն էին։ Անուշը շուրթերը մի կերպ ձգեց, որ ժպիտ ստացվի ու դուռը բացեց. «Էս ինչի՞ էսքան ուշացաք»։

Խոհանոցը լցվեց աման-չամանի շրխկոցով, մոր ու քույրերի ծիծաղով։ Դուռը կամաց թակեցին։ Անուշը վազեց բացելու։ Քիչ հետո վերադարձավ՝ բլինչիկի թավան ձեռքին։

Ցուցամատի եղունգով քերեց թավայի տակը. Գևոյենք ոչ մի բլինչիկ էլ չէին թխել. ինքը երեկ երեկոյան բլինչիկի շերտերը պատրաստել էր, բայց թավան թողել էր, որ առավոտյան լվա։ Խմորը դեռ կպած էր թավայի տակ։

Անուշը վազեց Գևոյենց տուն, աղմուկով թակեց դուռը։ Հայկանուշը բացեց։ Անուշն առանց հրավերի ներս մտավ։ Տանը մեռելային լռություն էր։ Միայն մի անկյունից խրթխրթոց էր լսվում։ Գևոն փայլաթիթեղն էր կտրում ու ծալծլում. փորձում էր կլորացնել, որ տոնածառի խաղալիքի նմանվի։

Այս թեմայով