27 Սեպտեմբեր 2013, 10:05
3356 |

Կոտրելով կարծրատիպերը

Առաջին փաբը՝ Երևանի կենտրոնական պողոտայում: Փաբաստան նա ներխուժեց մեծ ու համարձակ ցուցանակով, բավականին հավակնող նպատակներով ու պլաններով: Փաբիստների սրտերի գրավման օպերացիան համարել սկսված:

Թերևս հանդուգն քայլ էր բացել փաբ հենց Մաշտոցի պողոտայում, դեռ ավելին՝ ցուցանակին հայատառ գրել «Փաբ 37»: Բանն այն է, որ փաբերը բացվել ու փակվել են բոլորիս հայտնի Պուշկին-Փարպեցի փողոցներում, ու կարծես արդեն ավանդույթ էր դարձել, որ դրանք պետք է լինեն հեռու անցորդների աչքից:

«Փաբ 37»-ը կոտրեց այդ կարծրատիպն ու, ընդհատակից դուրս եկավ լույս աշխարհ՝առանց երկմտելու, որ այնտեղ միգուցե իրեն չհասկանան կամ չընդունեն: Այս նորաբաց փաբի կարմրավուն ցուցանակն այնքան աչքի ընկնող է, որ ակամայից գրավում է: Դռան մոտ սթենդի վրա ողջյունի խոսքեր են գրված, ներսից լսվում է ուրախ երաժշտության ձայն, անընդհատ ելումուտ են անում մարդիկ: Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, կարծես սա մի մեծ սեփական տուն է, որտեղ հարազատներով տոնում են ինչ-որ մեկի տարեդարձը:

Ցանկանալով դառնալ տոնի մի մասը՝ մտանք փաբ: Աղյուսե պատեր, պայծառ լուսավորություն, պատերին կախված ոմն Մերֆիի մտքերով շրջանակներ: Միաձայն հավանեցինք այս մեկը՝ «Հենց պատրաստվում եք որևէ գործ սկսել, ի հայտ է գալիս մեկ ուրիշը»: Փաբի զննման գործն առաջնային էր, ուրիշ և ոչինչ չէր շեղի մեզ, հատկապես, որ բարում անընդհատ լցվող բաժակներում շողշողում էր սև գարեջուրը: Երկու բարմեն ակտիվ աշխատում էին, նրանցից մեկը համաձայնեց մի կողմ դնել մասնագիտական ատրիբուտիկան ու մեզ հետ մի քիչ անկեղծանալ: Հովհաննեսը խոստովանեց, որ երբևէ փաբերում չի աշխատել, սակայն համոզված է, որ փաբիստներն իրենից գոհ կմնան: Հատկապես, որ փաբի մենյուն առանձնահատուկ է, ներառում է և ռեստորանային ուտեստներ, և գարեջրերի լայն տեսականի՝ ընդհուպ մինչև հայ սպառողի շրջանում անսովոր կարմի գարեջուր: Դե, իսկ հիմնական նորույթը սև լցնովի գարեջուրն է՝ ներմուծված արտասահմանից:

«Փաբ 37»-ի բացման երեկույթին հնչում էր իռլանդական ավանդական երաժշտություն՝ հատուկ այս առիթով հրավիրված The Windrose հայկական խմբի կատարմամբ: Փաբի հյուրերը ոչ միայն վայելում էին համեղ սնունդը, որը շռայլորեն դրված էր սեղաններին, այլև՝ կենդանի երաժշտությունը: Հրաշալի օդափոխությունը, պետք է միանգամից խոստովանենք, այս փաբի ակնհայտ առավելություններից է:

Հայացքով փնտրում էինք նրան, ում պետք է շնորհակալ լինենք փաբը նման կերպ փաթեթավորելու համար: Նորաբաց «Փաբ 37»-ի մասին մեզ պատմեց դասական կոստյումով մի երիտասարդ, որը վաղուց հայտնի էր փաբային ասպարեզում: Անվանման մասին չխոսեցին, պարզից էլ պարզ էր, որ փաբն այդպես է կոչվում՝ ի պատիվ տեղակայման վայրի հասցեի: Երիտասարդն ասաց, որ փաբը լինելու է բոլորի համար, չեն ճնշելու մարդկանց ինչ-որ event-ներով կամ face control-ով: Ցանկացողը կմտնի, եթե միջավայրը իրեն հոգեհարազատ լինի, կմնա: Այստեղ չի հնչի բարձր ու աղմկոտ երաժշտություն, այստեղ հնարավոր է զրուցել, շփվել՝ առանց գոռալու: «Մենք ցանկանում ենք պահպանել դասական փաբի ձևաչափը: Փաբը ինչ-որ նկուղ չէ, որի պատերը մի քանի գույն ներկեցին, միացրեցին բարձր երաժշտություն ու վերջ: Անգլիայում կամ Իռլանդիայում գտնվող դասական փաբեր այցելուներ ունեն նաև առավոտյան ժամերին, լանչին:Այս փաբը լինելու է հենց այդպիսին՝ վայր, որտեղ մարդիկ կարողանալու են միմյանց հետ շփվել», - ասում է «Փաբ 37»-ի ներկայացուցիչը:

Եվ իսկապես՝ փաբում միայնակ ու ձանձրացող մարդ չկար, այցելուները զրուցում էին միմյանց հետ, ու ամենակարևորը' ոչ ոք տարված չէր իր նոթբուքով կամ հեռախոսով՝ հերթական ստատուսը գրելով: Առաջին քայլն արդեն արված է, հանրության առաջ հայտնվեց առաջին փաբը՝ մեծ ու համարձակ ցուցանակով, բավականին հավակնող նպատակներով ու պլաններով: Փաբիստների սրտերի գրավման օպերացիան համարել սկսված:

Այս թեմայով