26 Օգոստոս 2013, 17:26
2470 |

Երևանի սև բազմակետ, ռուսաց կայսրուհու՝ վարդագույն…

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

Տարիներ առաջ, երբ ինձ համար բացահայտեցի երևանյան տեքստը, մի կարևոր բան պակասում էր: Սկզբում էդ պակասությունը էնքան էլ չէր խանգարում: Ավելի ճիշտ… Ես գրող մարդ էի (մեծ տանձ էս դամբուլ գավառի համար) ու ինձ համար կետադրական նշանները էնքան էլ կարևոր չէին, ավելին՝ դրանք սովորաբար զսպաշապիկի դեր էին կատարում, ուստի իմ մտապատկերից ուզած-չուզած վրիպում էին: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ բանասիրական կրթություն չունենալով՝ տեքստիս մեջ ցպնած կետադրական նշանները շարվում են ըստ իրենց տրամաբանության՝ ով ուր հասցնի: Մի խոսքով մի գեղեցիկ օր (իսկ այդպիսիք Երևանում հաճախ են լինում, մանավանդ՝ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից հետո), արթնացա ու տեսնեմ, որ քաղաքս անլեզվացել է, մենակ կետադրական նշաններն են մնացել: Ապուշի նման, էշացել մնացել էի: Ինձ թվում էր ամենակալ եմ, միապետ: Չէ, էս քաղաքում անգամ գրողն օլիգարխ է, սրանց էլ թվում է թե անսահմանափակ իշխանություն ունեն բառերի վրա: Մի խոսքով, մի քանի անգամ ատամնավոր բառերի քացու տակ հայտնվելուց հետո որոշեցի գրելը թողնել և զբաղվել կետադրական նշաններով…

Առաջինը որ արեցի՝ Քաղաքապետարան այցելելն էր: Գնացի ու առանց քաշվելու ասացի, որ ուզում եմ զբաղվել Երևանի կետադրական նշաններով: Մի բավականին կրթված հնդուհավ, քարտեզը սեղանին փռեց ու սկսեց էդ գործով զբաղվող հիմնարկի գտնվելու վայրը որոնել: Մեկ էլ՝ մի ուրախությո՜ւն, մի ծիծա՜ ղ. քարտեզը ձեռքին էնքան թռվռաց, որ Լեզվի տեսչությունում երկրաշարժ սկսվեց….

— Նայե՜ք… Նայե՜ք… Քատեզի վրա Մյասնիկյանի արձանը ոնց որ բութ լինի… Բաբաջանյանն էլ՝ բացականչական նշանի ա նման…

Էդ օրվանից պաշտոնս բարձրացրեցին: Գրողից դարձա «Երևան քաղաքի արձանները սապոնով (պարտադիր պայման աշխատանքի ընդունվելու համար) լվացող ու սրբող մասնագետ»: Ինձ սպունգների հավաքածու, մի ցախավե՞ լ, թե՞ ամերիկամետ, քուռչուփալասի պատառիկները վրան հավաքած ձող տվեցին ու յալլա՝ արձանների եղած-չեղածը լվանալու: Բա սրբե՞լը: Էս կետը թեև իմ աշխատանքի մեջ էր մտնում, բայց քաղաքապետերանում ասացին. «Էական չի. արձանները իրենք իրենց կսրբվեն, կչորանան»…

Մի խոսքով, լինելով գրող, ես ի սկզբանե խորին հակակրանք ունեի էդ դասական քարակույտերի նկատմամբ, որոնք իրենց վեհանձն կեցվածքով ամեն ինչ անում էին գրողների մատղաշ սերնդին կզցնելու համար: Բայց մի բան ինձ իրոք ապշեցրեց: Ես հասկացա, որ արձաններից մի քանիսը անտեսանելի, մի քանիսը դեգեներատ, մյուսներն էլ՝ սեզոնային էին… Իսկ ամենասարսափելին էն էր, որ սրանք իրոք կետադրական նշաններ էին՝ երևանյան բզկտված, անոռ-անգլուխ տեքստի մեջ: Ավելին ասեմ, կետադրական նշաններով խեղդված քաղաքի կենտրոնը դեռ ոչինչ, որոշակի շարահյուսական տրամաբանության ենթարկվում էր, բայց ծայրամասային տեքստերը ուղղակի կատաստրոֆիկ վիճակում էին: Ասենք օրինակ՝ Բանգլադեշը: Էս սովետական միօրինակության վկա թաղամասը, երևանյան-ռաբիս՝ ինդոս-գանգեսյան բառահեղեղից հազար տեսակի վեներական հիվանդությամբ էր անընդհատ վարակվում: Էդ հասկացանք, բայց ազգային- ազատագրական Վերջակետն ինչի՞ էր հայտնվել Բանգլադեշի շարունակական աղբափնթոշի մեջ՝ չհասկացանք: Հա, հա, եկեղեցու առաջ ծունկ չոքա՞ծ, թե՞ նստած Անդրանիկը մի ահռելի վերջակետ էր Բանգլադեշի սովետահայ մարդու մտապատկերում հնդիկացած փողոցների ու տոնավաճառային տմբլի-տաշիների մեջ: Կամ՝ Մայր Հայրենիքը… Էդ ամբիցիոզ տատմերը (որը չգիտես ում՝ կոմունիստների՞ ,չեկիստների՞, թե Ազգային բազարը լցրած հոկտեմբերիկի աստղիկով ռեսպուբլիկայի ճտերի ծնուննդն էր ընդունել) ոչ միայն չէր թողնում սպունգով իր լիքոտ կրծքավանդակին ձեռք տամ, այլ՝ բրեժնևյան «մեր երկրում սեքս չկա» բարբաջանքներով սպառնում էր դաժան հաշվեհարդար տեսնել: Ինչի՞ համար՝ չիմացա, հա, իմացա. չիմացած բանի համար պատժվելն էլ Սովետի մնացուկ է: Մի խոսքով, Մայր Հայրենիքի ձայնի մեջ մեկ երեսունյոթ թվի ինտոնացիաններն էին հայտնվում (դրա տեղը ժամանակին Ստալինն էր չէ՞ տնգված), մեկ՝ մայրանում, առաջարկում էր ծիծ տալ (թե դրա քարե կաթն ինչ պիտի լիներ), մեկ էլ՝ երկրորդ համաշխարհայինի մասին ինչ-որ կցկտուր, լևիտանաձայն բառակապակցություններ էր արտա- բերում: Չէ, էս Մայր Հայրենիքի մեջ ոչ մի հետանկախ շրջանի բան չկա: Սովետ ա, Սովետ: Է՜ ,պարզվում է երևանյան տեքստի ամենամեծ ֆիգուրան ռուսերենի «վասկրիցատելնի զնակն» է:

Լավ, ասենք Մայր Հայրենիքը սրբություն է, դրան չկպնենք, բայց Երևանն ուղղակի հեղեղված էր էս քաղաքի հետ ոչ միայն անձնական-սեռական-հասարակական կապեր, այլև՝ հեռու աղերսներ չունեցող լիքը հարցական նշաններով: Էդ խեղճուկրակները. ծովից, հետևաբար՝ վրձնից զրկված Այվազովսկին, հայերենը էսպես էլ չսովորած Գրիբայեդովը, բոտերոյա-քսերոքսացած Մանթաշովը, անվերջ ուրիշի, ավելին՝ գաղափարական թշնամու տեղ ընդունվող, մետրոյի կայարանը ձեռքից խլված Սպանդարյանը, երևանյան անտրամաբանության մեջ քայքայվում, տառապում էին: Բացի այդ կային սեզոնային կամ չերևացող արձաններ ևս: Օրինակ՝ Բաղրամյանը… Գոնե մի անգամ իր քարե ձին շարժեր, Բաղրամյանի վրայով գնար-գար, որ իմանայինք մեջքներիս մարշալ կա կանգնած: Կամ Սարյանի ալեհեր արձանը, որը երևում էր միայն ամառային տեքստի բազմերանգներում:

Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ ամենամարդկայինը՝ շեշտերը, այլ կերպ ասած՝ կիսանդրիներն էին, որոնք XIX դարի ռոմանտիկ պաթոսով ու սոցռեալիզմի վզկապային կարմրությամբ չէին տառապում: Բացի մեկից…

Խոսքս «Հանուն ներկայիս Հայաստանի զոհված մարտիկների» փողոցի վրա տնգված Վարչապետի արձանաչափ կիսանդրին էր, որի գլխին բնական բարդիներից հյուսված վեհապսակ կար: Կուլտուրիստի վզով էդ ակամա զոհին ամեն օր լվանալ-մաքրելով՝ հասկացա, որ Երևանում ապրող ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում: Անգամ ագռավները գլխին չէին ծրտում: Ագռավ ասեցի՝ հիշեցի: Մի անտուն Կաչաղակ կար: Խեղճին բնից, հայրենիքից, մարդուց ու մարդկությունից զրկել, փողոց էին շպրտել: Հա, շատ չծավալվելու համար ասեմ, որ մի Աղվես եկել, Կաչաղակին ասել էր, որ էս քաղաքը, էս հյուսիային Տերյանը, էս ծառը, Կաչաղակի բանակ գնալու չենթակա ձագերը, էս դոշակ-վերմակը, անգամ տան քարերը իրենն են ու խեղճին տնազուրկ էր արել: Ընենց նեղվեցի. ախր ո՞նց կարելի է բնիկ երևանցի կաչաղակներին իրենց բնօրրանից կտրել: Ասի՝ մի բան կմտածեմ: Էդ վարչապետի կիսանդրին էլ ընենց մեծ քթածակեր ուներ (առանց դրա ոնց կարող էր էդ պաշտոնին հասնել) բռնեցի ու դրա քթի մեջ Կաչաղակիս համար բույն սարքեցի:

Անցավ մի ամիս: Մեկ էլ թուր-թվանք: Էկան, ինձ տարան երևի չմեռած վարչապետի մոտ:

— Դու քանի՞ գլխանի ես, որ ուղեղս բնակեցնում ես հազար տեսակի անարժան ծտերով: Էդ հերիք չի՝ Աղվեսի ու իրա բահ ու բուտիկի անբեկանելի հեղինակությունը գետնով ես տալիս:

— Ինչե՞ր եք խոսում… Ե՞ս, ե՞րբ եմ նման բան ասել, Էդ ո՞վ ասաց…
— Կաչաղակն ասավ…

Դավաճան հայվան: Ոռիս քացով խփե-ցին, դուրս շպրտեցին: Մնացի անգործ: Բայց քանի որ էլ գրող չէի, արձան լվանալն էլ խասյաթ էր դարձել, սկսեցի ուղեղիս մեջ տպված կետադրական նշանները վերանայել, մաքրել: Գլխիս մեջ միանգամից երեք հետաքրքիր, դաժան ճակատագիր ունեցող բազմակետ ծնվեց. Լենինի մարմինն ու գլուխը, Բանվորի արձանն ու…

Նա կանգնած էր սեփ-սև խորանի մեջ, դիմացն էլ՝ ճաղապատ դարպաս էր. խեղճը ոնց որ բանտում լիներ: էդպես է. կետադրական նշանները, սովորաբար, կոչված են տեքստին զսպաշապիկ հագցնել, բայց կա մի նշան՝ բազմակետը, որը ոնց փախչում, ինքն է հայտնվում երևանյան բանտախցում: Ինչո՞ւ, քանի որ էս քաղաքը բազմազանություն չի տանում: Տողատակային, բազմանշանակ, բազմագույն արձանները բազմակետ դառնալով՝ միշտ էլ ռեպրեսիաների են ենթարկվել: Ասածիս վառ օրինակը Բանվորի արձանն էր:

Մի խոսքով, նախատանձային շրջանում, ամեն անգամ, Նալբանդյան փողոցը վրաերթի ենթարկելիս՝ տեսնում էի նրա քարե զգեստի համարյա շարժվող ծալքերն ու հրամաններ արձակո՞ղ, թե՞ սրան-նրան բանադրող (լավ բառ ա չէ՞) ձեռքը: Բանադրելը իզուր չգրեցի: Պատկերասրահի հետնաբակում դրված Ռուսաց կայսրուհու արձանը ամենամեծ աբսուրդն էր երևանյան բնագրում: Մի հսկա ու ընդգծված բազմակետ, որը ոչ միայն անտանելի ռուսախոս էր, այլև՝ բառերը ընկալում էր ըստ արմատային մասերի: Օրինակ՝ Կայսրուհու համար «անտարակույս» բառը թարգմանվում էր որպես անտառում ապրող, տղամարդու երես չտեսած կույս: Իհարկե Ռուսաց բազմազբաղ միապետուհուն զարմացնում էր ոչ այնքան այն փաստը, որ երևանյան անտառներում դեռ կույսեր կան, որքան այն տխուր վիճակագրությունը, ըստ որի անտառաբնակ հայուհիները կույս են մնում կովկասյան տապոր-տղամարդկանց պատճառով, որոնք, իրենցը թողած, Ռուսյո սաղարթախիտ խոպաններում են բանադրում:

Բայց կարծես իմ պատմությունը շատ է երկարում: Մի խոսքով, ինչ ասես, որ չտեսավ Ռուսաց Արքունական տոհմի Բանահավաք Կայսրուհին մինչև մի գեղեցիկ օր (հաստատ նախագահական ընտրություններից հետո) վերևում հրաման տրվեց, ըստ որի. «Ամեն արձան հետայսու պիտի ապրի իր հայրենիքում»:

Հրաժեշտի (հուր դարձած ժեշտը ինչու էին հրապարակ բերել՝ չհասկացա), սրտաճմլիկ ու սրտաշարժ, վայ, շարժվես դու (վերջին արտահայտությունը, իհարկե արձանին էր վերաբերվում) բառեր, ստոպ, հերիք է. վրա մի տվեք…

Մի խոսքով, Կայսրուհու արձանն իր հայրենքի դեսպանին (դե սպանի՞) հանձնելու պահին՝ հայ չինովնիկը լացակումած ծղրտաց.

— Այո, նա գնում է, սակայն, իմ այս աչքերով ես հստակ տեսնում եմ, որ երևանյան վարդագույնից մի հատված Ռուսաց աշխարհահռչակ Կայսրուհին ահա տանում է իր հետ…

Ներկաները զարմացած իրար նայեցին. Վարդագո՞ւյն… Տարիներ շարունակ երևանյան բազմակետի դեր կատարող Ռուսյո Կայսրուհու արձանը անլաքա սպիտակ էր…

 

Դոսյե
Հովհաննես Թեքգյոզյանը բազմաթիվ պատմվածքների, վիպակների, էսսեների, սցենարների, պիեսների և երկու վեպի հեղինակ է, տպագրվել է հայկական և արտերկրյան մամուլում: Չորս գրքի հեղինակ է. «Փայտե շապիկ», «Ապակու արև», «Երկսեռ թատրոն», «Փախչող քաղաքը», տպագրության է պատրաստվում «Մաշկացավ» վեպը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով