05 Օգոստոս 2013, 13:42
2007 |

Urban pub. փաբ-սարկազմ

Այժմ Մոսկովյան փողոցում կա միանգամից երեք փաբ՝ Stop-ը, 90's-ը և նորաբաց Urban փաբը: Չգիտեմ՝ ինչպես փաբիստները կընդունեն նորեկին, բայց նման տեմպերով Մոսկովյանը կարող է մրցակից դառնալ Պուշկին-Փարպեցիին:

Urban-ին հնարավոր չէ չնկատել: Նրա ցուցանակը հիշեցնում է աղյուսե պատի վրա արված գրաֆիտի, բայց չխաբվեք՝ իրականում այն պատրաստված է ամուր պոլիէթիլենից: Փաբի մուտքի մոտ' գետնին, նկարած է մի տխուր միջադեպի հերոս, որը երևի այնքան է խմել, որ տեղնուտեղը ընկել է փաբի մոտ: Քանի դեռ գլխումս տարբեր վարկածներ էին պտտվում այդ պատկերի վերաբերյալ, քայլերս ինքնստինքյան ինձ տարան դեպի ընդհատակը, որտեղ պետք է տեղի ունենար քաղաքային փաբի բացումը:

Սարսափելի ծուխ էր, բայց դա ոչ մեկին չէր հուզում, մարդկանց՝ նույնիսկ չափից դուրս գոհ և հանդարտ դեմքերն ինձ նյարդայնացրեցին: Մոտեցա բարին ու հարցրեցի՝ արդյոք արդեն սկսվել է փաբի կնունքը: Բարմենը սարկազմով ասաց, որ իրենք ընդամենը երկու վայրկյան առաջ իմացան, որ բացումը տեղափոխվում է մյուս կիրակի:

Այդ լուրն իսկական բոթ էր ինձ համար: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, ես մտքումս նրանց գրողի ծոցն ուղարկեցի և դուրս եկա: Անցավ մեկ շաբաթ, կրքերը հանդարտվեցին, ու նորից վերադարձա Urban: Ամեն ինչ հանդարտ էր, կյանքը հունի մեջ էր ընկել ու փաբն աշխատացնող երկու երիտասարդները պատասխանեցին իմ մի քանի հարցերին: Իհարկե, այս անգամ էլ չստացվեց յոլա գնալ առանց սարկազմի:

Պարզեցի, որ թե Դմիտրին, և թե Գեորգին լրագրողներ են, որոնք կյանքի բերումով աշխատում են բարմեն և մատուցող: Գեորգին սլավոնական արտաքինով, խորամանկ ու շատ գեղեցիկ աչքերով երիտասարդ էր, իսկ ահա Դմիտրին ինձ հիշեցրեց Ջոհար Ցարնաևին, ով վերջերս հայտնվել էին Rolling Stone-ամսագրի շապիկին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել: Ես իհարկե, նրան չասացի այդ մասին, փոխարենը խնդրեցի ինձ պատմել նորաբաց փաբի մասին:
Դիման ասաց, որ Urban-ի դիզայնը չունի կոնկրետ թեմա, այստեղ կարելի է տեսնել հին լամպեր, ինքնաեռ, պատին ամրացված ձայներիզներ և բազմապիսի ու բազմագույն ջահեր: Իսկ եթե սիրում եք գիրք կարդալ բարձր երաժշտության ներքո, կա նաև փոքրիկ գրադարան: Փաբը կարծես դաշտում առկա իռլանդական, բրիտանական, ու մնացյալ փաբերի ընդհանրացված տարբերակը լինի: Այստեղ կարելի է տեսնել վերոնշյալ փաբերին բնորոշ սիմվոլիկան՝ առարկաների տեսքով:

Այնուամենայնիվ, մի քանի հատկանիշ Urban-ի վերաբերյալ գույություն ունի: Այստեղ կարող ենք կյանքի կոչել մտքի թռիչքները՝ կոկտեյլների տեսքով: Կարող ենք ընտրել, թե ինչ բաղադրության, տեսքի և գնի կոկտեյլ ենք ցանկանում և այն կհայտնվի շատ բարձր բարի սեղանի վրա: Բնականաբար, չէի կարող չնկատել այդ հանգամանքը, բարի նման սեղան ուրիշ ոչ մի տեղ չկա: Դիման նշեց, որ սեղանը դիտավորյալ է սովորականից բարձր, որ նույնիսկ շատ գինովցած վիճակում, մարդիկ չկորցնեն բարձունքին ձգտելու ցանկությունը: Այս պատասխանն ինձ նորեն սարկազմիկ թվաց, բայց շեղվեցի բարի անկյունում մռայլ դեմքով նստած այցելուի վրա: Տղաները տեղեկացրեցին, որ վերջինս հայկական կոնյակի մեծ երկրպագու ռուս է և տխրել է, որովհետև կոնյակը վերջացել է:

Դիման կիսեց մի քանի ֆիրմային գաղտնիքներ, որոնք վերաբերում էին փաբ-բարմեն հարաբերություններին: «Փաբին պետք է վերաբերվես որպես նախկին ընկերուհուդ: Նա պետք է առանց քեզ չկարողանա ապրել և միշտ ցանկանա վերադարձնել քեզ»:

Նման ինտիմ զրույցից հետո ինձ ընդամենը մի հարց էր հետաքրքրում՝ ում է պատկանում փաբի մուտքում ուրվագծված պատկերը, ով է այդտեղ ջարդուփշուր եղել:

«Նա մեր վերևի հարևանն է», «Ֆինլանդացի Յոկոն», - մինչ տղաները կկողմնորոշվեին, ես լքեցի Urban-ը, ու զգուշորեն բարձրացա աստիճաններով, որպեսզի հանկարծ ինքս չհայտնվեմ անհայտ զոհի կարգավիճակում:

Այս թեմայով