23 Հուլիս 2013, 15:31
2269 |

Էլիտար հասարակություն

Սիրված հայրիկի սիրելի դուստր, հեղինակային կինոյի վարպետ և առաջին ամերիկացի կին ռեժիսոր, ով նոմինացվել է «Օսկարի»` միսսիս Սոֆիա Կոպպոլան համալրել է իր կինոարխիվը հինգերորդ լիամետրաժ ֆիլմով:

Ինչպես «Թարգմանության բարդություններ» և «Մարիա Անտուանետտ», այնպես էլ «Էլիտար հասարակություն» ֆիլմերում առկա են շքեղ կյանքը, պարերը, գեղեցիկ զգեստները, թանկարժեք զարդերը, ալկոհոլը, ֆլիրտն ու դավաճանությունը: Ճիշտ է, նախորդ ֆիլմերում ժամանակակից Տոկիոն երևում էր հայտնի հոլիվուդյան դեպրեսիվ աստղի աչքերով, իսկ մյուսում' միջնադարյան Վերսալը ոչ ավելի, ոչ պակաս Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետտի ննջասենյակից: «Էլիտար հասարակությունը» հանդիսատեսի առաջ բացում է պակաս օրիգինալ թեմատիկա'հոլիվուդյան երազանք:

2013-ին նկահարանված Կոպպոլայի վերջին ֆիլմը հարյուր տոկոսանոց մեսյն-սթրիմային ռեժիսուրայով, տիպիկ ամերիկյան վառ ու գունեղ օպերատորական աշխատանքով և ձգտող մոնտաժով պատմում է հանդիսատեսին մի խումբ լոս անջելեսյան աղջիկների և իրենց հոմոսեքսուալ ընկերոջ մասին, որոնք հանուն թանկարժեք շորերի պատրաստ են թալանել հոլիվուդյան սնդուսափայլ աստղերի հանդերձարանները: Չվախենալով կողոպուտի հետևանքներից, «գործից» անմիջապես հետո իրենք հայտնվում են Լոս Անջելեսի ամենաշքեղ և թանկարժեք ակումբներում, որպեսզի ցուցադրեն հերթական դիզայներական հագուստները կամ ադամանդակուռ աքսեսուարները: Եվ իհարկե, ակումբներում նորաձևության շոուներ կազմակերպելը կողոպտիչներին քիչ է թվում, նրանք անընդմեջ լուսանկարվում և տեղադրում են իրենց լուսանկարները համացանցում, որը, բնականաբար, լավ կասկածի առիթ կստեղծի կողոպուտներով զբաղվող համապատասխան մարմիններում:

Հասկանալով, որ սյուժեի կիզակետում երիտասարդ, խենթ և կյանք վատնող կերպարներ են, կարելի է ենթադրել տխուր և վշտալի ավարտ, հիմնված բացահայտման և իրար դավաճանելու վրա: Բայց անգամ ոստիկանատանը հայտնվելուց հետո նրանցից շատերը չեն փոշմանում կատարվածի համար, ավելին՝ նրանց հետաքրքրում է իրենց «զոհերի» կարծիքը կատարվածի շուրջ:

Օպերատոր Հարրիս Սավիդիսի հետ Կոպպոլան աշխատել է իր նախորդ «Ինչ-որ տեղ» ֆիլմում, որի գլխավոր հերոսը նույնպես չէր սիրում մտածել և ապրում էր իր հաճույքի համար, քանի դեռ նրա կյանքում չէր հայտնվել տասնմեկամյա դուստրը: «Էլիտար հասարակություն» ֆիլմում, ի տարբերություն նախորդի, ոչ մի միամիտ աղջնակ չի հայտնվում, իրավիճակը մասամբ փորձում է շտկել Նիկին' ամենախոհեմ կերպարը (Էմմա Ուոթսոն), բայց դա էլ չի փրկում պատմությունը, որովհետև նա դառնում է սյուժեի կենտրոնական անձը ֆիլմի ավարտին մոտ, այնպես որ, Հերմիոանայի սիրահարները հիասթափված կմնան: Նաև պետք չէ խաբվել թրեյլերին և կարծել, թե «Հարրի Փոթթերի» աստղը այս ֆիլմի գլխավոր հերոսուհին է, դա ուղղակի գովազդային քայլ է, որովհետև դերասանուհին մյուս երեք դերակատարուհիներից ամենաճանաչվածն է:

«Էլիտար հասարակության» դեռ էլիտար կյանքով չապրող դերասանները գրեթե սկսնակ են, բացի ամերիկյան մեյնսթրիմային դերասանուհի Լեսլի Մաննից և Ուոթսոնից, ում համար սա առաջին օրիգինալ սցենարով նկարահանված ֆիլմն է: Հարկ է նշել նաև, որ բրիտանուհու ներկայությունը ֆիլմում տարօրինակ է թվում, երբ մենք տեսնում ենք կամեոյում այնպիսի դերասանուհիների կամ մոդելների, ինչպիսին են Լինդսեյ Լոհանը և Միրանդա Քերը: Միանշանակ կարելի է վիճել, որ Ուոթսոնը վերը նշված անձանցից պակաս հայտնի չէ, բայց ամերիկացի ռեժիսորի կարծիքով, նա «բրիտանական կախարդուհի» է, որին ծանոթ են միայն փոթթերիանայի ֆաները:

Կոպպոլայի նախկին բոյֆրենդ Քվենթին Տարանթինոն և նախկին ամուսին Սփայք Ջոնսը, երկուսն էլ լինելով հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչներ, խիստ զարմացել էին իրենց նախկին սիրելիի այսօրինակ ֆիլմից: Բայց Կաննի 66-րդ փառատոնը առանձնացրեց ֆիլմը՝ նոմինացնելով «Հատուկ հայացք» անվանակարգում:

Կամեո դերով մի քանի կադրում հայտնվում է Կիրսթեն Դանսթը, «Կոպպոլայի դերասանուհին», ով նկարահանվել է ռեժիսորի «Կույս ինքնասպանուհիները» և «Մարիա Անտուանետտ» ֆիլմերում: Հարուստ աղջիկ Փերիս Հիլթոնը տրամադրել է իր առանձնատունն ու հանդերձարանը նկարահանումների համար, ինչը միանշանակ ռեալիզմ է հաղորդում ֆիլմին և ստիպում հանդիսատեսին հավատալ պատմությանը, բայց ծիծաղելին այն է, որ Հիլթոնը տան բանալին պահում է դռան դիմացի գորգի տակ, իսկ շքեղ առանձնատանը երիտասարդ գողերին ոչ մի անվտանգության աշխատող չի հանդիպում:

Ֆիլմի առաջին կեսում չկա ոչ մի լարված տրամադրություն, խնդիրը ոչ թե սոցիալական անհավասարությունն է, այլ համացանցի, նորաձևության ամսագրերի և հեռուստատեսության ձեռքերով ստեղծած շքեղ կյանքի մասին միֆի, որը մանիակալ ցանկություն է առաջացնում դեռահասների և երիտասարդների մոտ ամեն գնով ապրել հենց այդ կյանքըվ:

Ֆիլմը ավելի շատ Սոֆիա է, քան Կոպպոլա. զուտ «աղջկական կինո», որը ոչ մի գեղագիտական նմանություն չունի ռեժիսորի նախկին թեկուզ և դեռահասային, բայց ավելի խորը, կոնցեպտուալ ու ոճային տեսանկյունից յուրահատուկ նկարահանված «Կույս ինքնասպանուհիները» ֆիլմի հետ: «Էլիտար հասարակությունը» չի գերում անհավատալի ինտրիգներով, էքշնով, գաղտնիքներով և օրիգինալ հանգուցալուծմամբ, սա ուղղակի գեղեցիկ ֆիլմ է գեղեցիկ կյանքի մասին: Այն կարող է դուր գալ «էլիտար» կյանքը գնահատողներին: Սակայն, ով գիտե, միգուցե ֆիլմից հետո շատերը հասկանան, որ տնից բացակայության ժամանակ ֆեյսբուքյան չեկինը գործում է ի օգուտ կողոպտիչների:

Այս թեմայով